Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն տանիքը օրենքն է

Հուլիս 08,1999 00:00
Varujan Kuzukyan

Հարցազրույց Արտասահմանյան ներդրողների համագումարի նախագահ Վարուժան Կուզուկյանի հետ

Արտասահմանյան ներդրողների համագումար հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1998 թ. մայիսին։ Կազմակերպության նախաձեռնողը լիբանանահայ Վարուժան Կուզուկյանն է։ «Հայաստան եկել եմ սկսած 1993-ից, բայց մշտապես այստեղ հաստատվել եմ 1996-ից։ Տարբեր գործեր եմ ձեռնարկել, ամենահայտնին՝ եղել եմ «Կաֆե Բրազիլի» բաժնետերերից մեկը, այսօր դուրս եմ եկել այնտեղից եւ հիմնում եմ նոր արտադրություն։ Սեփական տարածք ունեմ Աբովյան փողոցի վրա։ Խանութներ ունեմ Լիբանանում, ունեմ մեկ գրավատան նման հիմնարկ եւ մեկ տարադրամի փոխանակման կետ։ Ավարտել եմ երկրորդականը»,- իր մասին պատմում է Վարուժան Կուզուկյանը։ Հայաստանում գրանցված են մոտ 1400 համատեղ ձեռնարկություններ, սակայն ըստ ԱՆՀ-ի նախագահի, դրանցից գործում են ընդամենը 100-ը, իսկ իրենց կազմակերպությանը անդամակցում են 186 ընկերություններ, որոնց մեջ նաեւ զուտ տեղականները եւ էլի մի քանի միջին արեւելյան կազմակերպություններ, որոնք ցանկություն ունեն մտնելու Հայաստան։ Որպես կազմակերպության հայտնի անդամներ պրն Կուզուկյանը նշեց՝ «Ամիո էքսպո», «Քարիտաս», «Ֆարմատեք», անդամակցության հայտ է ներկայացրել Հովնանյանը։

-Ո՞րն էր կազմակերպության ստեղծման նպատակը։

-Հայաստանի օրենսդրությամբ արտասահմանյան ներդրողի իրավունքները պաշտպանված չեն։ Մենք պաշտպանում ենք ինվեստորի շահերը Հայաստանում, Հայաստանի օրենսդրության շրջանակներում։

-Ինչո՞վ է արտասահմանյան ներդրողը անպաշտպան։

-Ինչո՞վ չի… Ռիսկի գործոնը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ 100%-ով ներդրողի վրա է։ Իսկ ռիսկի գործոնը կարող է եւ լինել, եւ արհեստականորեն ստեղծվել։

-Կարո՞ղ եք անպաշտպանության օրինակներ բերել։

-Օրինակ՝ «ԱրմենՏելը»։ Եթե այդ մարդկանց բացատրեին, որ Սահմանադրությամբ արգելվում է որեւէ գործի մոնոպոլիան, նրանք դժվար թե մտնեին շուկա։

-Ներդրողը պետք է ուսումնասիրի օրենսդրությունը։

-Նրանք մտել են պետական մակարդակով։ Բացի այդ, մեր օրենքները անգլերենով թարգմանված եւ ընդունված չեն. որտեղի՞ց իմանային։ Երկրորդ օրինակը «Արմենիա» հյուրանոցն է։ Այդ մարդկանց վաճառել են 100%-ը, պայմանագրերով այդպես է։ Սակայն պարզվել է, որ կոլեկտիվը 20%-ի բաժնետերը դառնալու իրավունք ունի։ Հայտնի չէ, թե որտեղ են սկսվում եւ ավարտվում գնորդների եւ կոլեկտիվի իրավունքները։

-«Արմենիան» եւ «ԱրմենՏելը» կազմակերպության անդա՞մ են։

-«Արմենիայի» հետ բանակցությունները կարծես թե հաջողվում են։ «ԱրմենՏելի» հարցը մի քիչ այլ է, թեեւ ես հույս ունեմ, որ, ի վերջո, «ԱրմենՏելն» էլ մեր կազմակերպության մաս կկազմի։

-Կազմակերպությունը տարանջատում է օտարերկրյա եւ տեղային ներդրողին։ Տեղացին ավելի պաշտպանվա՞ծ է։

-Չնայած անվանը, կազմակերպության անդամ են նաեւ զուտ տեղական ընկերություններ։ Իսկ տարբերությունը շատ հստակ է. տեղացին ծնվել եւ մեծացել է այստեղ, ունի ընկերություն եւ շրջապատ, որը պետք եղած ժամանակ կպաշտպանի նրան։ Իսկ արտասահմանցին, որը դրսից է եկել, շատ անպաշտպան է։ Մեր ստեղծման նպատակն էլ դա է, որ այստեղ եկողն իմանա, թե ինչ կարող է անել, օրենքներն իրեն ինչ իրավասություններ կամ հարկային արտոնություններ են տալիս, մեր անդամների շրջապատը դառնում է իր շրջապատը, իրավաբանական եւ հաշվապահական խորհրդատվություն ենք տալիս։

-Ներդնողին պետք է պաշտպանի ոչ թե ինչ-որ կազմակերպություն, այլ օրենքը։

-Հայաստանում օրենսդրական դաշտը ինչ-որ առումով խախուտ է։ Երբ օրենքը իր տեղը ամբողջությամբ չէ, մարդկանց կարիքները ստիպում են այդ բացը լրացնելու մեխանիզմներ գտնել։ Մեր կազմակերպությունը այդ կարիքների արդյունք է։

-Ներդրողը այստեղ բացի օրենքից, այլ տանիք չի՞ փնտրում, ասենք հանրապետության նախագահ կամ վարչապետ, անօրինական հարկահավաքությունից խուսափելու համար։

-Հայաստանում օրինական հարկահավաքությամբ զբաղվող 37 կազմակերպություն կա։ Վերցրեք սննդամթերքի արտադրությունը. անհրաժեշտ է գյուղատնտեսության, վիճվարչության, սոցապ նախարարության, հարկային տեսչության, մաքսային վարչության, թաղային իշխանության, հրշեջ ծառայության, սանէպիդկայանի, պետստանդարտի, էկոլոգիայի նախարարության եւ էլի այսպիսի տասնյակ կազմակերպությունների թույլտվությունը ստանալ եւ հաշվետվություն տալ։ Իսկ այդ ամենը փող է։

-Այս բոլորից խուսափելու համար ավելի հեշտ չէ՞ ունենալ բարձրաստիճան տանիք։

-Ամենալավ տանիքը օրենքն է։ Փորձը ցույց է տալիս, որ ամենաճիշտը դա է։ Չհասկացողներին կյանքը կստիպի հասկանալ։ Նախորդ իշխանությունների ժամանակ էլ կար «կրիշա» հասկացությունը։ Այն գործարարները, որոնք վստահել էին նախորդ իշխանություններին, նայեք, թե ինչ վիճակում են նրանք, ինչ հարցերի տակ են։

-Օրինակ, Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրին ինչ-որ մեկի համար տանիք չէ՞ր, որ հարկերը չմուծի, մաքսատուրք չվճարի։

-Ոչ մի այդպիսի բան չի եղել։ Նա իր գործն ուներ, որը առաջ էր տանում։ Բայց ինչ-որ երրորդ մարդու համար ձեր ասած ծառայությունները մատուցեր, նման բան չէր կարող լինել։

-Եթե որեւէ արտասահմանցի ձեզ հարցնի, թե արժե՞ Հայաստանում ներդրում անել, ի՞նչ կպատասխանեք։

-Եթե խելքով՝ արժե, ուշիմությամբ՝ այո, օրենքով՝ այո։’

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031