Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ВСЯ НАША ЖИЗНЬ ИГРА

Հուլիս 08,1999 00:00
nardi

Հանգստի իրավունքը մարդուն տրված է ի վերուստ՝ նախ Աստված ստեղծեց կիրակին ու ավետեց. 6-օրյա աշխատանքից հետո կիրակին նվիրել հանգստին, ապա հանգստի իրավունքն ամրագրվեց ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածով։

Ներկայումս, իհարկե մեր հանրապետությունում, ոչ աշխատանքն է մի բանի նման, ոչ՝ հանգիստը։ Բայց բոլոր ժամանակներում էլ անկախ աշխատանք ունենալ-չունենալու հանգամանքից հայ տղամարդիկ խելագարվում են նարդու համար։ Աշխարհի ոչ մի ծայրում չես գտնի մեր ազգի տղամարդկանց նման յուրօրինակ տղամարդիկ, որ կարողանան առավոտյան ժամը 7-ից մինչեւ ուշ գիշեր՝ ժամը 1, 2 …-ը նարդի խաղալ։ Այս խաղը տասնյակ տարիներ շարունակ փոխանցվում է սերնդե-սերունդ, ժառանգվում հորից որդուն։ Նարդու սիրահարները կարող են մոռանալ ոչ միայն աշխատանքի իրավունքի (թե՞ պարտականության) մասին, այլ նաեւ տուն ու ընտանիք։ Հայաստանում (հատկապես՝ Երեւանում) չկա բակ ու թաղամաս, որ անվերջ չլսվի նարդու սիրահարների համար՝ անսահման սիրելի ու սովորական մահկանացուներիս համար՝ նյարդեր քայքայող նարդու շրխկոցը (որն անպայման ուղեկցվում է ժողովրդական պատկերավոր բառ ու բանով)։ Այո, ինչպես կասեր մեծ կոմբինատորը. «Սա Ռիո Դե Ժանեյրոն չէ», ու հայ տղամարդիկ ստիպված են բավարարվել նարդի խաղալով։

N ակումբ, կամ այլընտրանքային զվարճանք

Երեւանում գործող բազմաթիվ կազինոների ու խաղատների մասին բազմիցս է խոսվել, նշվել այնտեղ այցելող փողատերերի մասին։ Սակայն, բոլորովին վերջերս պարզեցի, որ մեր պետության մեծահարուստներին ու քաղաքական գործիչներին (համենայն դեպս՝ մի մասին) այլեւս այդքան էլ չեն գերում կազինոները, նրանք նոր «խաղալիք» են գտել։ Օգտվելով սահմանադրական իրավունքից, մեր մեծահարուստները յուրաքանչյուր ուրբաթ եւ շաբաթ օրերին հավաքվում են N ակումբում (պայմանականորեն ակումբը կանվանենք N)։ Երբ ռեպորտաժ գրելու նպատակով այցելեցի այդ ակումբը, պարզվեց, որ այնտեղի գեղեցկատես ու համակրելի երիտասարդ տերերը մեղմ ասած այդքան էլ ուրախ չէին, որ իրենց ակումբի մասին պիտի հրապարակվի։ Ակումբը, կարծեք թե զորամաս չի, գաղտնի գործակալություն չի, ու անհասկանալի է, թե ակումբի տերերը ինչու են թաքցնում դրա գոյությունը։ Այդուհանդերձ հարգելով նրանց՝ մասնավոր սեփականատիրոջ, իրավունքը, չենք հրապարակում ակումբի անունը։

Ինչեւէ, սա ակումբ է, որտեղ մեր մեծահարուստներն ու քաղաքական գործիչները հավաքվում են ինտելեկտուալ խաղերի համար։ Այդ օրը ինտելեկտուալ կարողությունները չափելու համար ակումբ էին այցելել Երեւանի ֆոնդային բորսայի նախագահ Սեդրակ Սեդրակյանը, ԱԺ պատգամավոր, «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչիկ Սուքիասյանը, ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը, 2-րդ ծննդատան գլխավոր գինեկոլոգ Գրիգորի Կիմիչը… հասարակությանը ոչ հայտնի երիտասարդ(ուհի)ներ։ Ասում են, թե N ակումբ այցելում են նաեւ Շավարշ Քոչարյանը, հասարակության սիրելի Արշակ Սադոյանը եւ քաղաքական այլ գործիչներ։

Խաղը սկսված է

N ակումբում հիմնականում հավաքվում են պայմանական Z անվանվող խաղի համար (այս խաղի անունը եւս ակումբի տերերը չցանկացան նշել)։ Այցելուները գալիս են ժամը 22-ից հետո, հաճելի ինտերիերով ակումբում հնչում է մեղմ երաժշտությունը, մատուցվում է յուրաքանչյուրի նախընտրած խմիչքը ու, խաղի համար անհրաժեշտ 10 հոգին լրանալու դեպքում, վարողը հայտարարում է խաղի մեկնարկը։ Ի միջի այլոց, ակումբի տերերի նախընտրած լեզուն ռուսերենն է, եւ եթե խաղը վարողը խոսում է բացառապես ռուսերենով, ապա մասնակիցները՝ կիսառուսերենով, կիսահայերենով (հաճախ՝ երեւանյան ժարգոնով), ու ստացվում է ռուսահայերեն «բորշչա-հարիսա»։ Ինչեւէ, մասնակիցները նստում են կլոր սեղանի շուրջ, հատուկ դիմակներով, փակում աչքերը, նրանց բաժանվում են խաղաքարտերը. հա, ամենակարեւորը՝ խաղը սկսելու համար անհրաժեշտ է դնել խաղագրավը։ Խաղաքարտերը 2 գույնի են լինում՝ կարմիր եւ սեւ, ու այդ սկզբունքով՝ ըստ խաղաքարտերի, խաղի մասնակիցները բաժանվում են 2 թիմի։ Այս 2 թիմերն էլ մրցում են միմյանց դեմ, յուրաքանչյուր ոք իր փոքրիկ «ելույթի» ժամանակ ցուցադրում է ինտելեկտուալ քարոզչություններ։ Ընդ որում, սեւ խաղաքարտեր ունեցող թիմի մասնակիցները գիտեն, որ իրենք «սեւ» են, իսկ մյուսները ոչ միայն պետք է կարողանան ապացուցել, թե իրենք «կարմիր» են, այլ նաեւ՝ գուշակել մյուսների «սեւ» լինելը։

Ասեմ, որ խաղի մասնակիցները որքան պերճախոս են խաղի ընթացքում, նույնքան քչախոս՝ խաղի մասին զրույցներում։ Նրանց պնդմամբ խաղը հասկանալու համար պետք է պարզապես խաղալ։ Նրանցից, թերեւս միայն Սեդրակ Սեդրակյանն էր ամենաշռայլը. «Ես այս խաղը խաղում եմ բորսայի տրամաբանությամբ, իսկ այնտեղ ինչպես է. բոլորը գնում են արժեթղթերը՝ դու պետք է վաճառես, բոլորը վաճառում են՝ ուրեմն դու պետք է գնես»։ Ի դեպ, որքան հասկացա, Սեդրակ Սեդրակյանը ակումբի ամենասիրելի մասնակիցն է իր անմիջականությամբ ու անկաշկանդությամբ։ Եվ ընդհանրապես խաղի մասնակիցները այնքան են տարվում խաղով, որ կողքից նայողին թվում է, թե նրանք լուրջ քաղաքական հարցեր են քննարկում, մտահոգվում պետության կայացման խնդիրներով ու անհանգստանում պարտության վտանգից։ Այ, այդ պարտության համը ճաշակած մասնակիցների մասին եւս հոգացել են ակումբի տերերը։ Խաղից դուրս մնացած մասնակիցները դրան հետեւում են հարեւան սենյակում (պարտվողը իրավունք չունի մնալ խաղի սրահում), ուր տեղադրված հեռուստաէկրանով ուղիղ կապի միջոցով ցուցադրվում է խաղը։ Պարտիան ավարտվում է այն ժամանակ, երբ հակառակորդ թիմերից որեւէ մեկին հաջողվում է խաղից հանել մյուս թիմի բոլոր մասնակիցներին։ Իսկ խաղը կարող է ձգվել նույնիսկ մինչեւ առավոտ՝ կախված խաղի մասնակիցների ազարտից, քսակների տարողությունից ու զվարճանալու ցանկությունից։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031