Վերջին օրերին Հայաստանի քաղաքական շրջանակներն արտաքուստ պասիվ ուշադրությամբ հետեւում են Լեռնային Ղարաբաղի գործընթացներին։ Քաղաքական ուժերից որոշները, այդ թվում եւ ՀՀԿ-ն, խնդրո առարկայի վերաբերյալ տեսակետ ներկայացրել են, սակայն ընթացիկ շաբաթվա հենց սկզբից իրադարձությունները շատ ավելի ակտիվ հուն տեղափոխվեցին, ինչի առիթով եւ հարցազրույցի ենք հրավիրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին։
-Ցավոք, ձեռքի տակ չունենք մանրամասն տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի գործընթացների մասին։ Արցախից եկող տեղեկությունները վերջին շրջանում առավել քան կցկտուր են, մի քիչ էլ՝ հակասական եւ ուռճացված։ Բոլոր դեպքերում, խնդիրներ գոյություն ունեն. նկատելի է, որ ԼՂ Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի սկսած գործընթացն այնքան էլ խաղաղ չի ընթանում։ Մենք ողջունում ենք ԼՂՀ նախագահի քայլերը, որոնք նույնիսկ մի քիչ էլ ուշացած են։ Կարելի էր այդ գործընթացն ավելի վաղ սկսել, որպեսզի հստակեցվեին իշխանության տարբեր օղակների պարտավորությունները, որոնց սահմանները խախտվել են եւ դեֆորմացվել է, փաստորեն, Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունների ինստիտուտը։ Նախագահը հիմա փորձ է անում իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հստակեցնել գործադիր եւ օրենսդիր իշխանությունների պարտավորությունները։ Բնական է, որ դա հեշտ ընկալում չպետք է ունենար, թեպետ մենք հույս ունեինք, որ ԼՂ Հանրապետության նախագահի քայլերն ըմբռնման կարժանանային եւ բարդություններ չէին առաջանա, այն հիմքով, որ ամբիցիաները տեղը կզիջեին առողջ բանականությանը։ Այսօր շատ վտանգավոր է Արցախում ստեղծել ներքին քաղաքական լարվածություն, անվստահության մթնոլորտ (թշնամին կանգնած է մեր դռանը, եւ ցանկալի չէր լինի, որ նրա ջրաղացին ջուր լցնեինք)։ Այն ուժերը, որոնք Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացում խանգարել են ու խոչընդոտել խաղաղ գործընթացների զարգացմանը, պետք չէ, որ շանս ստանան եւ ներքին անկայունությունը որպես լծակ օգտագործեն հետագա բանակցային գործընթացում։ Հուսով եմ, որ այն մարդիկ, քաղաքական այն ուժերը, ովքեր փորձում են շիկացնել քաղաքական մթնոլորտը, պետք է սթափվեն, չդիմելով ավելորդ ռիսկի՝ որպեսզի չխորանան առկա հակասությունները։ Ես, եւ օրենսդիր մարմնում աշխատող իմ գործընկերներին, եւ գործադիրի ներկայացուցիչներին կոչ կանեի բանական մոտեցում ցուցաբերել՝ վեր կանգնելով այս պահին առաջացած խնդիրներից։ Խաղաքարտի վրա ավելի մեծ հարցեր են դրված։ Դա ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի անվտանգության խնդիրն է, Հայաստանում գոյացած ներքաղաքական նորմալ վիճակի պահպանումը։ Այնպես որ, սթափ հայացք է պետք, որպեսզի մեր անձնական խնդիրները պետական շահերից վեր չդասվեն։
– Այդ ամենը, ինչը որ ասում եք, պարոն Մարգարյան, շատ լավ է, բայց ինչպես Արկադի Ղուկասյանը, այնպես էլ դուք, խուսափում եք անվանել ձեր խոսքի իսկական հասցեատիրոջը՝ Սամվել Բաբայանին։ Չեմ կարծում, որ հերքեք իմ ասածը։
– Այո, իմ խոսքն առաջին հերթին Սամվել Բաբայանին եւ նրա շրջապատի մարդկանց է վերաբերվում։ Ասենք՝ հուլիսի 7-ին «Երկիր» թերթում հանդես եկած Մուրադիկ Պետրոսյանին։ Ես չէի ասի, թե նրա խոսքը նպատակ ունի ավելի պարզեցնել, խաղաղեցնել իրավիճակը։ Երբ ասացի, որ մարդկանց անձնականից վեր կանգնելու կոչ եմ անում, դա ոչ միայն Սամվել Բաբայանին է վերաբերվում, այլեւ նրա շրջապատին։ Սամվել Բաբայանն ավելի սթափ կարող է այս հարցին մոտենալ, քան նրա կողքինները։ Սամվել Բաբայանը պետք է կարողանա ստիպել իրեն շրջապատող մարդկանց ավելի սթափ լինել, որովհետեւ չի բացառվում՝ նրանցից ոմանք օգտագործեն եղած դժգոհություններն ի սպաս այլ նպատակների։ Իսկ դա չի բխում Արցախի եւ Հայաստանի շահերից։
Կարդացեք նաև
– Իսկ դուք, պրն Մարգարյան, այս հարցերի շուրջ վարչապետի հետ զրուցե՞լ եք, նա ի՞նչ տեսակետ ունի։
– Ոչ, մենք այդ հարցի շուրջ չենք զրուցել, բայց ՀՀԿ խորհրդի ընդհանուր մոտեցումը, որն անցած շաբաթ ներկայացրինք վարչապետին, երբ իրավիճակը շատ ավելի պարզ էր եւ ոչ այսքան լարված, այն էր, որ դրական ենք գնահատում Արկադի Ղուկասյանի սկսած փոփոխությունները եւ հարկ եղած դեպքում մեր ե՛ւ բարոյական, ե՛ւ քաղաքական աջակցությունը պատրաստ ենք հայտնել նրան՝ եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Սա նաեւ «Միասնություն» դաշինքի տեսակետն է, որը, կարծես, ընդունելի էր նաեւ Վազգեն Սարգսյանի համար։ Իր խոսքում էլ, եթե հիշում եք, Արկադի Ղուկասյանն ասաց, որ Ղարաբաղում իրականացվելիք քայլերը ողջունել են Հայաստանի իշխանությունները, որոնք, բնականաբար, պետք է իրենց շարունակությունը ունենան։ Արկադի Ղուկասյանը ճանապարհի կեսին չպետք է կանգնի։
– Եվ դա, պրն Մարգարյան, ասում եք այն պայմաններում, երբ Արցախի խորհրդարանում ստորագրություններ են հավաքվում արտահերթ նստաշրջան գումարելու համար, իսկ Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանն էլ հայտարարել է, թե ընդդիմություն է դառնում ներկա կառավարությանը։
– Ինձ պարզ չէ, թե ինչ օրակարգով պետք է նստաշրջան գումարվի Ղարաբաղում։ Եթե պարզ լիներ, հնարավոր կլիներ գնահատական տալ։ Եթե հավաքվում են ստեղծված քաղաքական իրավիճակը մեղմելու փորձ կատարելու, եւ այդ շրջանակում օրենսդիր մարմնի տեղը գտնելու համար, ապա դա գովելի է։
Իսկ ինչ վերաբերում է Կարեն Բաբայանի հայտարարությանը, գուցե նա ավելին է ասել, քան հրապարակված է մամուլում ու դեռեւս պարզ չէ, թե նա ո՞ր հարցում է ընդդիմադիր եւ ինչի՞ նկատմամբ։ Եթե, ի տարբերություն Արկադի Ղուկասյանի մատնանշած տնտեսական ոլորտի թերությունների վերացման, նա մեկ այլ՝ իրավիճակն արմատապես շտկող ծրագիր կարող է առաջարկել՝ ընդդիմություն լինելով հանդերձ, ապա ես դա դրական եմ գնահատում։ Իսկ եթե այդ խնդրի լուծմանն է դեմ, ապա ինքնանպատակ եմ համարում դա։ Պարզ չէ՞, քաղաքական գծին են ընդդիմություն, տնտեսական ոլորտում կատարվելիք փոփոխություններին։ Պարզ չէ։ Ամեն ինչ, բոլոր դեպքերում, կախված է Արկադի Ղուկասյան-Սամվել Բաբայան հարաբերություններից, եւ ես հույս ունեմ, որ պետական մտածողության տեր այդ երկու անձնավորությունները կարող են իրավիճակից դուրս գալու ելքերը գտնել, իսկ կողքից իրավիճակը սրող մարդկանց՝ հակահարված տալ։ Որոշիչը ոչ թե Կարեն Բաբայանն է կամ նրա ընդդիմություն լինելու հանգամանքը, այլ՝ ժողովրդի վերաբերմունքը ծայր առած գործընթացների նկատմամբ։
Զրույցը վարեց
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ