Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Հուլիս 08,1999 00:00
Ashot Sargsyan

ԼՂՀ քաղաքական ու պետական գործիչները, պաշտոնյաները այս օրերին չշտապեցին որեւէ մեկնաբանությամբ հանդես գալ հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ, զգուշությունը հիմնավորելով նրանով, որ կարիք չկա քաղաքական գնահատականներով սրել առանց այն էլ լարված իրավիճակը։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Աշոտ Սարգսյանը, համենայնդեպս, «Առավոտին» հայտնեց սեփական տեսակետը վերջին շաբաթվա անցուդարձի վերաբերյալ։

-Ներկայումս ստեղծված իրավիճակը բնութագրվում է որպես քաղաքական ճգնաժամ։ Քաղաքական իրավիճակի իրական պատճառը պետք է փնտրել միացումից հրաժարվելու եւ անկախ պետականություն ստեղծելու գաղափարի մեջ, որն իմ խորը համոզմամբ գերտերությունների կողմից մշակված եւ ռուսական ապազգային ուժերի կողմից հավանության արժանացած ծրագրի իրականացումն է։ Եթե առանձին-առանձին գնահատելու լինենք հանրապետության նախագահին եւ պաշտպանության նախարարին, ապա պետք է ասենք հետեւյալը. Ա. Ղուկասյանն Արցախի եւ ընդհանրապես հայկական քաղաքական շրջանակներում հայտնի դիվանագետ է, քաղաքական գործիչ, իսկ Սամվել Բաբայանն աչքի է ընկնում տարածաշրջանում որպես ռազմաքաղաքական ակտիվ գործիչ։ Նրանց տարաձայնությունների հիմքում ընկած է հանրապետությունում հետզհետե խորացող տնտեսական ճգնաժամը, որը, մասնավորապես ընդգրկում է կրթության, առողջապահության, հարկային քաղաքականության բնագավառները։ Ա. Ղուկասյանի ելույթում հնչած այն միտքը, թե ինքն իրեն հեռու է պահել կառավարության, այսինքն՝ գործադիր իշխանության ղեկավարի պարտականություններից եւ պաշտպանության նախարարի նախաձեռնած նոր սոցիալ-տնտեսական ծրագրի իրականացման գործընթացից (ըստ նախագահի՝ «տապալված ծրագրի»), չպիտի հիմք հանդիսանա նախարարին քաղաքական ասպարեզից մեկուսացնելու համար։ Քանի որ մոտ ժամանակներս սպասվում է Արցախի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսում, ուրեմն հանրապետության բարձրագույն պետական պաշտոնյան պարտավոր է հաշվի առնել նաեւ պաշտպանության նախարարի դերն արտաքին քաղաքական հարցերի վճռման գործընթացում։ Ես, իհարկե, հակված չեմ այն մտքին, թե բանակցությունների ընթացքում Հայաստանի կամ Արցախի ղեկավարների կողմից կարող է ընդունվել մեր ազգային շահին հակառակ որեւէ լուծում, բայց անգամ նման պարագայում Հայաստանում եւ Արցախում չեմ տեսնում լուրջ ընդդիմադիր ուժեր, որոնք ի վիճակի կլինեին հակադրվել նման որոշումներին։

Մեր այն հարցին՝ արդյոք կարելի՞ ընդունել կասկածելի անցյալ ունեցող անձնավորությանը վարչապետի պաշտոնում, Ա. Սարգսյանը պատասխանեց.

-Ես ընդհանրապես հիմք չեմ ընդունում «Ազատություն», «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների տարածած տեղեկությունները։ Բայց կարող եմ ասել, որ դրանք անտեղյակ են, ուստի եւ պատրաստ չեմ որեւէ եզրահանգում անել։ Եթե փաստացի ապացույցներով իրոք հաստատվի, որ նորանշանակ վարչապետն ունի հանցավոր անցյալ, ապա, կարծում եմ, նա ընդհանրապես չպիտի տեղ ունենա Արցախում։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031