Լրահոս
Օրվա լրահոսը

Գրասենյակային ծանր դեպք

Հուլիս 08,1999 00:00
vark

Վերջին շրջանում միջազգային վարկատու կազմակերպությունների հետ հարաբերությունները, մեղմ ասած, ինչ-որ այն չեն։ Հատկապես դժվար են ընթանում բանակցությունները Միջազգային արժութային հիմնադրամի հետ։ Ենթադրվում էր, որ այս տարվա հունիս ամսին ՄԱՀ-ը տրամադրելու է վարկի հերթական չափաբաժինը։

1998 թ. այս կազմակերպության հետ համաձայնություն էր ձեռք բերվել ու այն փաստաթղթավորվել էր «Ընդլայնված կառուցվածքային բարեփոխումների վարկ. քաղաքականության ուղղությունների փաստաթուղթ» անունով։ Նախկին կառավարությանը չհաջողվեց կատարել իր խոստում-պայմանավորվածությունները՝ հարկային մուտքերը չապահովելուց մինչեւ բյուջեի 20 մլրդ դրամանոց դեֆիցիտի առաջացումը։ Ենթադրվում է, որ հենց այս պատճառով ՄԱՀ-ը դադարեցրեց ֆինանսական միջոցների տրամադրումը։ Հիմնադրամի աշխատանքային խմբերը պարբերաբար այցելում էին, փորձում «հունի մեջ գցել» նախկին կառավարության աշխատանքները։ Բանակցությունների ընթացքի մասին ոչինչ հայտնի չէր։ Սակայն դժվար չէր հասկանալը, որ ՄԱՀ-ի ներկայացուցիչները «տխուր» կարծիքով են վերադառնում։ Հունիսին վարկի չտրամադրելու փաստն անակնկալ չէր։

Փաստորեն, նոր կառավարությունը նախկինից ժառանգություն ստացավ տհաճ կամ սառը հարաբերություններ ՄԱՀ-ի հետ։ Որոշակի հաջողություն կարելի է համարել, որ կառավարությանը երկու շաբաթ առաջ հաջողվեց հարաբերությունները բարելավել Համաշխարհային բանկի հետ։ ՀԲ-ն տրամադրեց ոռոգման համակարգի վերականգնման վարկը։ Մինչդեռ կասկած-կարծիքներ կային, որ ՄԱՀ-ը անգամ ՀԲ-ին առաջարկել է միասնական կոշտ վերաբերմունք ցուցաբերել Հայաստանի նկատմամբ։ ՄԱՀ-ի հետ աշխատել առայժմ չի ստացվում։ ՀՀ վարչապետի մակարդակում երեկ կայացած հանդիպում-բանակցությունների արդյունքներն, ինչպես միշտ, պաշտոնապես արդյունավետ կգնահատվեն։ Արձանագրենք, որ բանակցությունների ամեն մի նոր փուլում երկուստեք ավելի ու ավելի բարձրաստիճան պաշտոնատարներ են ներգրավվում։ Եվ այն, որ ոչ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ոչ էլ ՄԱՀ-ի պատվիրակության ղեկավարը բանակցություններից հետո չցանկացան հանդիպել լրագրողների հետ՝ ինքնին խոսուն է։

Ակնհայտ է, որ վերջնական համաձայնությունը դեռ չի կայացել։ Հայտնի է, որ միջազգային վարկատու կազմակերպությունները միշտ պահանջում են կատարել քայլեր, որոնք, մեղմ բնորոշմամբ, ոչ պոպուլիստական են։ Մինչդեռ իր աշխատանքները նոր-նոր սկսող կառավարության համար նման քայլերը գոնե սկզբում այնքան էլ ընդունելի կամ նպատակահարմար չեն։ Այս դեպքում նույնիսկ կարեւոր չէ նախընտրական խոստումներ տվել ես, թե՝ ոչ։ Չի փրկում անգամ նախկին կառավարության սխալների հրապարակայնացումը։ Այսպես՝ ամեն մի նոր կառավարություն տնտեսական առաջընթացի սեփական ծրագրի մշակող ու իրագործող կառույցից վերաճում է՝ դառնալով վարկային հերթական չափաբաժինը ճարող գրասենյակ։ Կառույց, որ առօրյա բյուջետային ծակուծուկերը փակելու հոգսի տակ կքած, մոռանում է ամեն մի հեռանկարային նպատակ։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031