Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ

Հուլիս 08,1999 00:00
Vazgen Sargsyan

Սակայն խոսեց ֆինանսների նախարարը

Հայաստանում է գտնվում Միջազգային արժութային հիմնադրամի պատվիրակությունը։ ՀՀ կառավարության եւ ՄԱՀ-ի ներկայացուցիչների միջեւ սկսված բանակցությունները կշարունակվեն մինչեւ այս ամսի 19-ը։

Հիմնադրամի ներկայացուցչի եւ ՀՀ վարչապետի հանդիպումից հետո սպասվում էր, որ վերջիններս դուրս կգան հանդիպման սրահից եւ լրագրողներին մի երկու խոսք կասեն։ Սակայն դուրս եկողը նրանք չէին, այլ ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը։ Ամենայն հավանականությամբ, փակ դռների ետեւում անցկացվող բանակցությունները անցել էին տաք ու պաղ հոսանքների ազդեցությամբ։

Ֆինանսների նախարարը մի կարճ բացատրություն տվեց, որից պարզ դարձավ, որ առայժմ ոչինչ պարզ չէ։ Դեռ մի բան էլ ավելի՝ նախկին ֆինանսների նախարարը, որը կարճ ընդմիջումից հետո կրկին նույն պաշտոնում է, առանց թաքցնելու 7-8 տարվա ընթացքում կուտակված խնդիրները հիշեց եւ ասաց, թե «որոշակի քայլեր պետք է կատարել, նախանշելու խնդիրների լուծման հիմնական ուղղությունները»։ Այդ քայլերը, մեզնից թաքցնենք, աշխարհից ի՞նչ թաքցնենք, կլուծվեն միայն այն դեպքում, երբ ՄԱՀ-ը մեզ փող կտա։ Իսկ կտա, թե՝ ոչ, պարզ կլինի դեռ 2 շաբաթ տեւելիք բանակցությունների ավարտին։ Լեւոն Բարխուդարյանը լրագրողներին հայտնեց, որ «ժամանել է ՄԱՀ-ի պատվիրակությունը եւ բոլորս խոսել ենք տարբեր ճեղքվածքների մասին (տեղում էլ ինքն իրեն սրբագրելով, պրն Բարխուդարյանը ճշտեց՝ բյուջեի ճեղքվածքների- Մ. Ե.)»։ Ուրիշ շատ հետաքրքիր բաներ եւս իմացանք, օրինակ այն, որ էներգետիկայում կուտակված խնդիրներ կան, «Նաիրիտի» հետ կապված, խմելու եւ ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ եւ այլն։

Ֆինանսների նախարարը ժողովրդից չթաքցրեց նաեւ, որ տարբեր պարտքերի կուտակումներ կան՝ նպաստի, աշխատավարձի եւ այլնի տեսքով։ Բայց, ոչինչ, ժողովուրդ ջան, մի հուսահատվիր, քանի որ «կառավարությունը լի է վճռականությամբ… Դա չի նշանակում, որ հենց այսօր, հենց այս ժամին եւ այս մոմենտին պետք է 7-8 տարվա կուտակված խնդիրների լուծումը տրվի»։ ՄԱՀ-ը այստեղ է եւ ՄԱՀ-ը մեզ կփրկի, 2 շաբաթ կբանակցի մեր կառավարության հետ եւ մեկ ամիս արդեն ուշացրած գումարը (պետք է հատկացումն արվեր հունիսի սկզբին) կտրամադրի։ Մինչ այդ, կառավարությունն իր հերթին պետք է «որոշակի փոփոխություններ կատարի, ճշգրտի 1999-ի բյուջեի հետ կապված հարցեր»։ Հնարավոր է սեպտեմբերին համապատասխան առաջարկությամբ կառավարությունը կդիմի ԱԺ-ին եւ կուզի, որ բյուջեի մասին օրենքում որոշակի փոփոխություն կատարվի, քանի որ եկամուտները ժամանակին ճիշտ չեն հաշվվել եւ հաշվի չի առնված ռուսական ճգնաժամը։

Հեյ գիտի, նախկին վարչապետ, այժմ էկոնոմիկայի նախարար, իսկ դուք ասում էիք, թե Ռուսաստանի ճգնաժամը Հայաստանի վրա չի ազդի։ Այս կառավարությունը մտադիր է «մի քիչ ավելի բարձր տեմպեր վերցնել տնտեսության զարգացման»։ Նաեւ այս նպատակով է ֆինանսների նախարարը հանդիպել գործարարներին եւ արդյունաբերողներին։ Այնուհետեւ ասվեց, որ երկուստեք համագործակցության հակվածություն կա։ Մինչ նա ասում էր այս բաները, լրագրողներն անհամբեր էին իմանալ, թե վարչապետի եւ ՄԱՀ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը ինչ պտուղներ տվեց։ Ստիպված էինք ընդհատել նախարարին եւ խնդրել, որ ավելի կոնկրետ խոսի։ Ի վերջո իմացվեց. «Արժութային հիմնադրամից սպասվում է ICAF-ի վերջին տրանշը (չափաբաժինը), մոտ 28 մլն դոլարի սահմաններում։ Պայմանները վաղուց նախանշված են, սա վերջին տրանշն է։ Բայց այս ծրագիրը սկսվել է երկու տարի առաջ։ Որը ուշացավ կապված ճեղքվածքների հետ, պարտավորությունների որոշ խախտումների հետ։ Ինչեւէ, դա շտկվող է եւ մենք լի ենք վճռականությամբ դա շտկել (…)։ Մենք չստացանք այդ 25 միլիոնը նախատեսված 2-րդ եռամսյակում։ Ինչքան շատ դա ստանանք, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ 2-րդ տրանշն էլ կստանանք տարեվերջին…»։

Այն հարցին, թե հատկապես ո՞ւմ կողմից են խախտված պարտավորությունները, ֆինանսների նախարարը պատասխանեց. «Տվյալ դեպքում Հայաստանի կողմից, սակայն իրավիճակն էր օբյեկտիվորեն այդպես»։ Իսկ ՄԱՀ-ը ՀՀ ֆինանսների նախարարի ասելով, «լի է մեզ աջակցելու վճռականությամբ»։ Վճռականությամբ լին՝ լի է, բայց ե՞րբ կբաժանի փողերը, պարզ կլինի բանակցությունների ավարտից հետո։ Միայն թե ոմանց խելքին չփչի Շուրա Բալագանովի եւ Միխայել Սամոելովիչի նման գողանալ կշռաքարերը եւ փախչել ծովափ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031