Բժի՛շկ, բժշկեա զանձն քոյ
Այս ամենն արդեն զավեշտի է վերածվում։ ԼՂՀ ՆԳ նախարարի օգնականը, «Նոյյան տապանի» համաձայն, հերքում է, որ հուլիսի 5-6-ին Ստեփանակերտում ՆԳՆ աշխատակիցները վերահսկողության տակ են առել կառավարական հաստատությունները, իսկ ԼՂՀ ՆԳ նախարար Արթուր Աղաբեկյանը հաստատում է հերքված տեղեկությունը եւ պարզաբանում, որ իրենք հնարավոր սադրանքի մասին ահազանգ էին ստացել։ Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանության միջոցով հերքում է, թե «Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյանի նկատմամբ երբեւիցե որեւէ հայց չի ներկայացվել»։ Մնում է միայն պարզել, թե ով էր հակառակի մասին «ստահոդ» պնդել։ Եղել է հրապարակում մոսկովյան «Մարդը եւ օրենքը» մատենաշարի «Բանդիտական Ղրիմ» թողարկման մեջ Անուշավան Դանիելյանի հասցեին յուրացման մեղադրանքի մասին՝ ԼՂՀ վարչապետն էլ հաստատել է այդ գրքի գոյությունը եւ պարզաբանել, թե այդ պնդումների ենթատեքստն ինչ է։
Եվ կամ, ԼՂՀ ներկայացուցչությունը ԼՂՀ ՆԳ նոր նախարարի մասին տարածվող լուրերը իրականությանը չհամապատասխանող է անվանում, իսկ հետո այս առնչությամբ ԼՂՀ գլխավոր դատախազի պարզաբանումները եւս մի ապացույց են դառնում, որ առանց կրակ ծուխ չկա, իսկ այս ամենը՝ որ ԼՂՀ-ում հիմա աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։ Սա էլ հակասական տեղեկատվության աղբյուրը։
Նաեւ խիստ հետաքրքրական դիրքորոշում է որդեգրել ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը, որի՝ մամուլի հետ աշխատել չկարողանալու մի քանի վկայություններից ամենավերջինը մեջբերենք։ Ղարաբաղում ստեղծված իրավիճակը վերլուծելու նպատակով «Իրավունքը» կլոր սեղան էր կազմակերպել եւ ի՞նչ էր նրանց արձագանքը: «ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը հրաժարվեց։ Ասացին, որ, առանց բացառության, բոլորն են զբաղված եւ այն էլ՝ շատ խիստ» («Իրավունք», «Հարց ու պատասխան», հուլիսի 6-12-ը)։
Կարդացեք նաև
Անորոշ կասկածներ ունենք, որ ներկայացուցչությունում շատ խիստ զբաղված էին մտմտալով, թե հետին թվով ի՞նչ զայրալից որակումներ գտնեն ԼՂՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ Հայաստանի լրատվամիջոցների տարածած մտացածին եւ հակասական տեղեկություններին։ Ճշգրիտ եւ ստույգ տեղեկատվությամբ առաջնորդվելու հորդորների փոխարեն՝ լավ կլիներ, որ այս խի՜ստ վստահելի աղբյուրը տեղեկատվություն ստանալու հնարավորություն ընձեռեր, այլ ոչ թե իր խնդիրը համարեր տեղեկատվություն թաքցնելը։
Ա. Ի.