«Առավոտի» հարցին, թե արդյոք ԼՂՀ ՆԳ նախարար դարձած Արթուր Աղաբեկյանի նկատմամբ 1993-ին քրեական գործ կար, որը կարճվել էր ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համաներմամբ՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Իրոք, ինչ-որ միջադեպ ժամանակին, ռազմական դրության պայմաններում եղել է եւ պետք է եղել խիստ միջոցներ ձեռնարկել։ Եվ Արթուր Աղաբեկյանը կիրառել է դրանք։ Բայց նրա նկատմամբ որեւէ մեղադրանք չի ապացուցվել»։ Խնդրեցինք պարզաբանել միջադեպի բնույթը, մանավանդ որ՝ Ստեփանակերտի քաղաքապետը նրան մարդասպան էր անվանել։ «Մանրամասներին մինչեւ վերջ տեղյակ չեմ,- ասաց պրն Գաբրիելյանը։- Միջադեպում ինչ-որ զոհեր եղել են, բայց տեղյակ չեմ, թե պատճառը որոշակիորեն որն է եղել։ Նրան մարդասպան անվանելը ճիշտ չէ, համենայն դեպս, այդ մեղադրանքը չի ապացուցվել»։
ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին ի պատասխան եւս հաստատել է, որ 1993-ին իրոք Արթուր Աղաբեկյանի դեմ եղել է քրեական գործ, բայց այն կարճվել է «մեղադրանքը չապացուցելու հիմքով» (թերեւս նկատի ունեն ապացույցների անբավարար լինե՞լը- Ա. Ի.)։
Մավրիկ Ղուկասյանը նաեւ հայտնել է, որ հանրության մեջ այս առնչությամբ ասեկոսեներին վերջ տալու եւ պարզություն մտցնելու համար ինքը պահանջել է կրկին ուսումնասիրել այդ նյութերը։
Ի դեպ, ՆԳ համակարգում ստեղծված վիճակը շտկելու համար երեկ կառավարության որոշմամբ լուծարվել է Ստեփանակերտի ՆԳ բաժինը՝ պաշտոնական մեկնաբանությամբ։ Իսկ «Ազատության» թղթակցի հավաստմամբ, լուրեր են պտտվում, որ այդ բաժնի ողջ անձնակազմն ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել։ Մեկ այլ որոշմամբ, ՆԳ փոխնախարար է նշանակվել Ռազմիկ Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Պատրաստեց
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ