Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԲԱՆԱԿԻ ՀՐԱՄԿԱԶՄՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

Հուլիս 08,1999 00:00
Arkadi GHukasyan

«Ազատություն» ռ/կ-ի երեկվա հաղորդման համաձայն, հուլիսի 7-ին մինչեւ գիշերվա ժամը 1-ը ԼՂՀ բանակի բոլոր զորամասերի հրամանատարները զրուցել են Արկադի Ղուկասյանի հետ։ ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում ձեռնպահ են մնացել այդ հանդիպման մասին որեւէ լրացուցիչ տեղեկություն տրամադրելուց։ «Ազատության» Ստեփանակերտի թղթակիցը, սակայն, զրուցել է հանդիպման մասնակիցներից մեկի հետ, որը ԼՂՀ բանակի բարձրաստիճան սպաներից է։ Վերջինս շեշտել է, որ հանդիպումը կայացել է Արկադի Ղուկասյանի եւ Սամվել Բաբայանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում։ Այդ բարձրաստիճան սպայի տպավորությամբ, իրենց հաջողվել է ԼՂՀ նախագահին փոխանցել բանակի հրամանատարական կազմի անհանգստությունը։ Այն է՝ հունիսի 24-ին տեղի է ունեցել հրաժարում մինչ այդ գործող քաղաքական ուղեգծից։ Երկրորդ, նախագահը ոչ ճիշտ կադրային քաղաքականություն է վարում։ Երրորդ, այդ ամենն ուղղված է պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի եւ առհասարակ՝ բանակի դիրքի եւ ազդեցության թուլացմանը։ Եվ վերջապես, ժողովրդավարություն քարոզելով հանդերձ, նախագահը փաստորեն բռնություններ է գործադրում այլախոհների նկատմամբ։ Իբրեւ վերջինիս ապացույց վկայակոչվել է Արցախի հեռուստատեսության ղեկավար Ռազմիկ Ղեւոնդյանին երեկ պաշտոնազրկելը, որը պայմանավորված է վճարովի եթերում Կարեն Բաբայանի քննադատական ելույթով։

«Ազատություն» ռ/կ-ի թղթակցին այս ամենը հայտնած հրամանատարը նաեւ նշել է, որ անցած երկու տարում Արկադի Ղուկասյանը ոչ մի զորամասում չի եղել. «Եվ նրան այնպես էր թվում, որ եթե քաղաքական ղեկավարությունն անտեղյակ էր բանակից, ապա զինվորականներն էլ քաղաքականություն չեն հասկանում»։ Նույն հրամանատարը վստահեցրել է, թե ԼՂՀ նախագահն ընդունել է, որ թույլ է տվել որոշ սխալներ, եւ փոխադարձաբար դժգոհել է բանակի կոշտ կեցվածքից։ Հրամանատարը փոխզիջումը հնարավոր է համարել եւ հույս հայտնել, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ կլոր սեղանի շուրջ նստելով լուծում կգտնեն։

Ա. ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031