Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 07,1999 00:00
karabax

Վերջին շրջանում Հայաստանի մի շարք լրատվամիջոցներ տարածում են մտացածին եւ հակասական տեղեկություններ ԼՂՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ, ինչը որոշ դեպքերում չի կարելի գնահատել այլ կերպ, քան ԼՂՀ իշխանությունների վարկաբեկմանն ուղղված քարոզարշավ: Այսպիսի լուրերի թվին կարելի է դասել ԼՂՀ վարչապետ Ա.Դանիելյանի՝ Ղրիմում գործունեության մասին հրապարակված ստահոդ պնդումները: Այդ կապակցությամբ, ԼՂՀ ԱԳՆ խնդրանքով, ՀՀ ԱԳՆ-ն դիմել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությանը, որտեղից ստացվել է պատասխան առ այն, որ Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից ԼՂՀ վարչապետ Ա.Դանիելյանի նկատմամբ երբեւիցե որեւէ հարց չի ներկայացվել: Իրականությանը չեն համապատասխանում նաեւ ԼՂՀ ՆԳՆ նոր նախարարի մասին տարածվող քրեական բնույթի ասեկոսեները, ինչպես եւ այն լուրերը, թե իբր ԼՂՀ ՆԳ նոր նախարարի նշանակումը նրա տեղակալների հրաժարականների պատճառ է հանդիսացել: Իրականում ՆԳ նախարարի տեղակալ Գարիկ Գրիգորյանը շարունակում է կատարել իր պարտականությունները, իսկ Ալեքսանդր Աղասարյանն ազատվել է աշխատանքից ԼՂ վարչապետի հրամանով:

Մենք կցանկանայինք հրավիրել լրատվամիջոցների ուշադրությունը այն հանգամանքին, որ, օգտագործելով ոչ վստահելի աղբյուրներից եկող տեղեկությունները, նրանք ոչ միայն ապատեղեկացնում են հասարակությանը, այլեւ վարկաբեկում մարդկանց արժանապատվությունն ու հեղինակությունը եւ այս կապակցությամբ կոչ ենք անում այսուհետեւ առաջնորդվել միմիայն ճշգրիտ եւ ստույգ լրատվությամբ: Հակառակ դեպքում զրպարտության ենթարկված անձինք ստիպված կլինեն իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով դիմել դատարան:

ԱՐՄԵՆՊՐԵՍ «ԵՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ ՆՈՐ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»

ynddimadir

Հուլիսի 6-ին Ստեփանակերտի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Կարեն Բաբայանը։ Բացելով խորհրդակցությունը, նա տեղեկացրել է, որ օրակարգում միայն մեկ հարց կա՝ հանրապետությունում եւ Ստեփանակերտում տիրող ներքաղաքական իրավիճակը։ Նա ընդգծել է, որ դեմ է ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի վերջին ելույթների որոշ դրույթներին եւ ձեռնարկած քայլերին՝ կապված նոր վարչապետի նշանակման եւ կառավարության ձեւավորման հետ։ «Ես չեմ կարող նրանց հետ լինել միեւնույն թիմում եւ ուզում եմ տեղյակ պահել ձեզ, որ ընդդիմադիր եմ լինելու այդ կառավարությանը»։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ՆԳՆ քաղաքային բաժնի գրեթե բոլոր աշխատակիցները դիմումներ են ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին՝ պատճառաբանելով, որ մարդասպանը, տվյալ դեպքում՝ ՆԳՆ նորանշանակ նախարար Արթուր Աղաբեկյանը, իրավունք չունի ղեկավարել իրենց համակարգը։ Այն հարցին, թե Կ. Բաբայանի հրաժարականի մասին լուրերը որքանով են համապատասխանում իրականությանը, քաղաքապետը պատասխանեց. «Ես ընտրված եմ ժողովրդի կողմից, չեմ պատրաստվում հրաժարական տալ։ Կմնամ եւ կպայքարեմ հանուն ճշմարտության եւ արդարության»։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Ստեփանակերտ

ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՅՏ Է

Artur Agabekyan

ԼՂՀ նախագահի նստավայրը հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը ուժեղացված պաշտպանության տակ առնելը խիստ ուշացումով վերջապես բացատրվել է։ ԼՂՀ ՆԳ նախարար Արթուր Աղաբեկյանը հայտնել է, որ իրենք հնարավոր սադրանքի մասին ահազանգ են ստացել։ Ո՞ւմ կողմից հարցն անպատասխան է մնացել, բայց նշվել է, որ աշխատանքից ազատվել է ՆԳ Ստեփանակերտի քաղբաժնի պետ Վլադիկ Սիմոնյանը։

ՄԱՍԱՄԲ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ

artur agabekyan

ԼՂՀ ՆԳ նախարար Արթուր Աղաբեկյանը «Ազատությանը» հերքել է, թե ՆԳ որոշ բաժիններ իրեն առհասարակ չեն ենթարկվում եւ հաստատել, որ համակարգի մի խումբ սպաներ, իրոք, աշխատանքից ազատվելու խնդրանքով զեկուցագրեր են ներկայացրել, բայց դա զանգվածային անհնազանդություն չէ։ «Ընդհակառակը, ես հանդիպել եմ նրանց եւ այդ արարքը փոքրոգություն որակել»։ Նախարարի խոսքերով, այդ սպաներին մտածելու եւ որոշում ընդունելու ժամանակ է տվել։

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ

zang

Տագնապահար երեկ «Առավոտ» զանգահարեց մի քաղաքացուհի եւ հայտնեց, որ իր ստույգ տվյալներով մայիսի 28-ին եւ 29-ին «Վերջին զանգի» տոնակատարության ժամանակ Երեւանում գրանցվել է 62 բռնաբարության եւ մեկ սպանության դեպք։ Երեւանի ՆԳ վարչության շտաբի պետի տեղակալ, միլիցիայի փոխգնդապետ Գառնիկ Խաչատրյանը կտրականապես հերքեց այդ լուրը, ճշտելով, որ շրջանավարտների «կատարմամբ» այդ օրերին որեւէ քրեորեն հետապնդելի միջադեպ չի արձանագրվել։

ԴԱՏԱԽԱԶԸ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

agvan hovsepyan

Նախորդ շաբաթ Ազգային ժողով է այցելել հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Նա հանդիպել է ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին եւ փոխնախագահ Ալբերտ Բազեյանին։ Մանրամասները մնում են անհայտ։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031