ՀՀ առողջապահության նախարարությունում մի քանի օր բանավոր զրույցներ էին շրջում, թե փակվել են համակարգի բոլոր բուժհիմնարկների կոմունալ պարտքերը։ Եվ դա ընդամենը մի քանի օրում։
Ավելի ճիշտ՝ մի քանի օրում ինֆորմացիա է հավաքվել յուրաքանչյուր բուժհիմնարկի ունեցած պարտքի չափի մասին։ Ոչ միայն հավաքվել է, այլեւ համապատասխան հանձնարարականներ են տրվել։ Պարզ է, որ «բանակցություններ» են տարվել ֆինանսների նախարարության հետ եւ էլի ուրիշ շատ գործընթացներ։ Այնպես որ, հասկանալի է, որ մինչեւ շոշափելի գումար դառնալը՝ բարի ցանկությունները եկար ճանապարհ են անցել։ Ինչ-որ գումար էլ էր «շրջանառվում»՝ 1,5 մլն (ոչ այն է՝ դոլար, ոչ այն է՝ դրամ)։
Առողջապահության նախարարությունում մի օղակ կա, որից հնարավոր էր իմանալ մանրամասները։ Տնտեսագիտության եւ օրենսդրության գլխավոր վարչության գլխավոր մասնագետ Հովհաննես Մարգարյանցն անցյալ շաբաթ հայտնեց, որ գործն ընթացքի մեջ է, դեռեւս բոլոր տվյալները չէ, որ հավաքվել են։ Չուզեցինք պնդել օրվա ինֆորմացիան ստանալու վրա, քանի որ ամբողջականի համար պետք էր ընդամենը մի քանի օր սպասել։ Մի քանի օրից ենթադրվում էր, որ այդքան արագ տեմպերով արվող աշխատանքը պետք է որ ավարտված լինի։ Երբ դարձյալ դիմեցինք պրն Մարգարյանցին, վերջինս հայտնեց, որ աշխատանքներն իրոք ավարտվել են, սակայն իրենք նպատակահարմար չեն գտնում այդ ինֆորմացիան հրապարակել։ Իսկ հիմա՝ ուշադիր, պատճառն ենք ներկայացնում. վերոնշյալը առողջապահության նախարարությունն իր սովորական, ամենօրյա, պրն Մարգարյանցն ավելի բնորոշ ձեւակերպում տվեց՝ աշխատանքն էր։ Իսկ հրապարակման արժանի են առնվազն (տեսեք-տեսեք) գյուտ-հայտնագործությունները։
Իհարկե, «Առավոտի» համար տարօրինակ էր հնչում, բայց ստիպված էինք հարցնել. «Ձեզ գովա՞զդ էլ չեք ուզում անել»։ Չէին ուզում։ Հակառակը, պրն Մարգարյանցն ասաց, որ պետք է մարդկանց գիտակցության մեջ «ավանդույթներ ջարդել», որ նման բաներն այլեւս որպես «հերոսություն» չընկալվեն, այլ իբրեւ սովորական, ամենօրյա աշխատանք։ Հովհաննես Մարգարյանցը պատրաստակամություն հայտնեց հետագայում համագործակցելու, քանի որ շատ այլ աշխատանքներ են նախատեսում կատարել։ Թե դրանք ինչու պիտի սովորական, рутинный չհամարվեն եւ արժանի լինեն լուսաբանման, այնքան էլ պարզ չէր։ Ասենք, բնավ էլ անսպասելի չթվաց, որ նոր կառավարությունում իր տեղը պահպանած առողջապահության նախարարի թիկունքին պիտի կանգնած լինի հարազատ կառավարությունը։ Հակառակն անբնական կլիներ. պատկերացնո՞ւմ եք. նոր կառավարության հին անդամը չի կարողանում համոզել իր համապատասխան գործընկերներին (կառավարության անդամության իմաստով), որ պարտքերը պետք է մարել։ Բայց թե ինչու է այդ ընթացքում նախարարությունը բելառուս պարտիզանի կեցվածք ընդունում, մնաց առնվազն անհասկանալի։
Կարդացեք նաև
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ