Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՑՈՒՄՆԵՐ, ԱՆՑՈՒՄՆԵՐ, ԳԱՐՇԱՀՈՏ ԱՆՑՈՒՄՆԵՐ

Հուլիս 06,1999 00:00
ancum

Մատների վրա կարելի է հաշվել Երեւանի ստորգետնյա անցումները։ Սակայն այդքան քիչ լինելով հանդերձ, մի քանիսն էլ գտնվում են աննախանձելի վիճակում, որի պատճառով շատերը չեն օգտվում դրանցից։

Ստորգետնյա անցումները Երեւան ուշ մուտք գործեցին։ Դա բացատրվում է նրանով, որ ազգաբնակչության աճը դանդաղ էր տեղի ունենում։ Սակայն 50-60-ական թվականներին եւ դրանից հետո ժողովրդական տնտեսությունն այնպիսի թափով սկսեց զարգանալ, որ կրկնապատկվեցին ու եռապատկվեցին հզոր արդյունաբերական ձեռնարկությունները, աճեց բնակարանային շինարարությունը։ Գործարաններն ու շինարարական օբյեկտները, չունենալով անհրաժեշտ քանակությամբ աշխատուժ, ստիպված մերձակա գյուղերից էին մարդկանց հրավիրում, նույնիսկ իրենց ավտոբուսներով բերում աշխատանքի։ Քաղաքում աշխատանքի անցած գյուղացիների մի զգալի մասն այլեւս գյուղ չվերադարձավ, հիմնավորվեց քաղաքում։ Ազգաբնակչության արագ աճի, քաղաքացիների կյանքի անվտանգությունն ապահովելու, փողոցային երթեւեկությունը կարգավորելու եւ այլ պատճառներով հրամայական պահանջ առաջացավ մայրաքաղաքում կառուցել ստորգետնյա անցումներ։

Ցավոք, ստորգետնյա անցումների մի մասն այսօր ուշադրությունից դուրս է մնացել։ Կեղտի ու գարշահոտության մեջ կորել է Աջափնյակի կամուրջի կողքի լայնարձակ ստորգետնյա անցուղին։ Ինչ-որ մարդիկ այն դարձրել են պետքարան, լուսավորություն չկա, ջարդոտված էլեկտրական վառարանները կախված են պատերից, սկսել են պոկել սյուների վրայի սալիկները։ Ինչպիսի հայհոյանքներ ասես, որ գրված չեն պատերին։ Մի տեղ էլ մեկը կավիճով միամտաբար գրել է.

– Այլեւս պատերի վրա վատ բան չգրեք։

Չի՞ կարելի վերեւի մայթերն զբաղեցրած ծաղկավաճառներին տեղավորել այդ տարածքում, ինչպես բժշկական համալսարանի մոտ եւ այլուր, հիանալի պայմաններ ստեղծել նրանց համար, անցուղին էլ պահել բարվոք վիճակում։ Երկար ժամանակ է՝ բաց են հայ-արգենտինական դպրոցի մոտի ստորգետնյա անցուղու խոր լյուկերը, խիստ վտանգավոր՝ երեխաների, մեծահասակների համար։ Գիշերն էլ լուսավորություն չկա, այսպես կոչված, մետաղյա լուսամփոփներն էլ ժանգոտված ու ջարդոտված խառնվել են էլեկտրական լարերին ու կախվել առաստաղներից։

Մայրաքաղաքի առաջնեկներից է «Հայրենիք» կինոթատրոնի առջեւում կառուցած ստորգետնյա անցումը։ Երբ իջնում ես «գետնի տակ», թվում է, թե քարանձավ ես մտել. ձայներ լսվում են, բայց ոչ ոք չի երեւում կամ ուրվականներ են կարծես մոտենում։ Ընդամենը երկու լամպ է «լուսավորում» անցուղին։ «Հայրենիք» կինոթատրոնի՝ դեպի հանրախանութ տանող ամբողջ տարածքը մթության մեջ կորած է։ Վերջում միայն մի լամպ է կախված, որն, ըստ երեւույթին, նրա համար է, որպեսզի մարդիկ իրար չդիպչեն, «վթար» տեղի չունենա։ Հանրախանութից դեպի գրախանութ գնալիս քեզ դարձյալ ուղեկցում են մութը, գարշահոտությունը եւ գոյություն չունեցող լամպերը պաշտպանող, առաստաղից պոկված ու կախ ընկած թիթեղների ցանցերն ու դրանց տարբեր «օրգանները»։ «Քարանձավից» դուրս գալով երկաթյա ձողերից պատրաստված դռան մուտքի մոտ հանդիպեցի կարծես ինձ սպասող երկու կանանց։

– Դուք այստե՞ղ եք աշխատում,- հարցրի նրանց։

– Այո, ես այստեղի ամբողջ տարածքի մաքրողն եմ,- ասաց նրանցից մեկը՝ տիկին Մագդա Նազարյանը։

– Հապա ինչո՞ւ է մթության մեջ կորած, հազիվ դուրս եկա։

– Թաղապետարանից, կողքի խանութից լամպերը տեղադրում են, փոխում, բայց քաղաքացիները ջարդուփշուր են անում։ Շատ ժամանակ ստիպված մոմ եմ վառում, կպցնում պատերին, որ կարողանամ մաքրել,- ասաց տիկին Մագդան,- շաբաթ-կիրակի էլ չունեմ, աշխատում եմ ամեն օր, օրական տասը անգամ ելնում-իջնում եմ։

Նա դժգոհում էր այն բանից, որ հաճախ նույնիսկ երիտասարդ տղաները, 40-50 տարեկան մարդիկ կեղտոտում են անցումներում, դիտողություն անելիս էլ՝ հայհոյում են, սպառնում եւ հեռանում։ Մի քանի անգամ նույնիսկ ծեծել են, մարմնական վնաս հասցրել։

Երբ փորձեցի իմանալ, թե ինչո՞ւ են անցումները կեղտոտ, հոտից խեղդվել կարելի է, կողքի վաճառատան աշխատող Սոս Հովհաննիսյանը պատասխանեց.

– Այս ամբողջ մարդաշատ տարածքում ոչ մի հասարակական պետքարան չկա, դե, մարդ են, խիստ անհրաժեշտության դեպքում ստիպված իջնում են «գետնի տակ»՝ իրենց պահանջը բավարարելու համար։ Եթե գոնե մի անվճար պետքարան լինի, վիճակը միանգամից կփոխվի։ Անվճար եմ ասում, որովհետեւ ոչ բոլորը կարող են օգտվել վճարովի ծառայությունից։

– Երբեմն այնպիսի վիճակ է ստեղծվում, որ մաքրելիս ամբողջ մարմինս դուրս է տալիս, բժշկի էլ գնում եմ՝ դրամ են պահանջում դեղերի նշանակման համար, – ասում է տիկին Մագդան,- իմ ստացածն էլ 13 հազար դրամ է, 5-6 ամիս է՝ աշխատավարձ չենք ստացել, տեսնո՞ւմ եք՝ մեկ-մեկ էլ բանջարեղեն եմ վաճառում, որ երեխաներիս կարողանամ պահել։

Ավելի լավ չէ՞ր լինի ոստիկանության աշխատողների օգնությամբ ուժեղացնել հսկողությունը, պատժել այն քաղաքացիներին, որոնք բարբարոսաբար ոչնչացնում են լամպերն ու ցանցերը, կեղտոտում անցումները։

Վիճակն անմխիթարական էր Երրորդ մասի ծածկած շուկայի դիմացի ստորգետնյա անցուղում։ Ներքեւի երկու կողմերում ժամանակին, հավանաբար, պահեստային մասեր են եղել։ Այժմ դրանք ծառայում են որպես պետքարաններ, իհարկե, առանց դռների (մթության մեջ ո՞վ է տեսնում), միայն մի տարբերությամբ. պետքարաններում ամեն ինչ սանհանգույցներով գնում, անհետանում է, իսկ այստեղ պահպանվում եւ օր-օրի ավելանում է։

Դե, պատկերացրեք, թե ինչպիսի գարշահոտություն է տիրում այդտեղ։ Շուկայի տնօրինությունն ու սանէպիդկայանի աշխատողներն է՞լ չեն նկատել այդ աղտեղությունը։ Իսկ վերեւում ծաղիկներ, սննդամթերք են վաճառում։

Ընդամենը մի քանի մետր երկարություն ունեցող այդ մարդաշատ ստորգետնյա անցման լամպերն ու լուսամփոփներն էլ են ջարդուփշուր արել անհայտ անձինք, պատերի սալիկներն էլ են պոկել-տարել, միայն կախված լարերն են մնացել որպես անցյալի տխուր վկայություն։

Ճիշտ չէ՞ր լինի ժամանակավորապես փակել ստորգետնյա այդ անցումը, վերացնել «պետքարանները», մոտակայքում գոնե մի փոքրիկ պետքարան կառուցել, մի խոսքով՝ կարգավորել, ապա հանձնել շահագործման։

Հասկանալի պատճառներով, ստորգետնյա նոր անցումներ չեն կառուցվում։ Եկեք գոնե եղածը պահպանենք։

ԿԱՌԼԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031