Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՁԵՎԱԿԱՆ ՈՒ ՎԵՐԵՎԻՑ

Հուլիս 06,1999 00:00
tntesutyun

«Շուկայական տնտեսությունը մեխանիզմ չէ, այլ կենսակերպ»: Վ. Սարգսյան

Շատ նորանկախ երկրների ղեկավարներ, գալով իշխանություն, ներմուծում են զարգացած երկրների ֆորմալ ինստիտուտները (Սահմանադրություն, քաղաքական ու տնտեսական օրենքներ), ցանկանալով կառուցել դեմոկրատական հասարակարգ, զարգացած տնտեսություն ու բարեկեցիկ կյանք։ Սակայն, շուտով հիասթափությամբ նկատում են, որ դրանք չեն աշխատում։ Բանն այն է, որ նրանք մոռանում են մի պարզ ճշմարտություն, այդ ինստիտուտները կենսունակ են միայն այն հասարակական միջավայրում որտեղ ստեղծվել են, այլ երկրներում, դրանք ոչ միայն արդյունավետ չեն կարող աշխատել, այլեւ կստանան ձեւական բնույթ եւ նույնիսկ կարող են խանգարել այլ ինստիտուտների զարգացմանը։

Եթե նայենք զարգացած երկրների անցած ճանապարհին, կտեսնենք, որ նրանցից յուրաքանչյուրը յուրովի է անցել այն, բազմաթիվ հեղափոխությունները, պատերազմները ձեւավորել ու վերաձեւավորել են նրանց քաղաքական ու տնտեսական ինստիտուտները, մինչեւ որ դրանք ստացել են հասարակության համար ընդունելի տեսք։ Այդ ինստիտուտների աշխատանքի շատ փոքր մասն է ուսումնասիրված եւ դժվար թե երբեւէ ուսումնասիրվի ամբողջությամբ, որովհետեւ բացի ֆորմալ ինստիտուտներից (Սահմանադրություն, օրենքներ), հասարակության մեջ գործում են ոչ ֆորմալ ինստիտուտներ, հիմնված այդ հասարակական հարաբերությունների, սովորույթների, ավանդների վրա։ Վերջիններիս ուսումնասիրության հետ կապված դժվարությունները հնարավորություն չեն տալիս ուսումնասիրել քաղաքական ու տնտեսական ինստիտուտների գործունեությունն ամբողջությամբ։

Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ շուկայական հարաբերություններն աստիճանական զարգացում են ունեցել, Հայաստանում, ինչպես բոլոր նախկին սոցիալիստական երկրներում, դրանք սկսվեցին կառուցվել վերեւից։ Աննախադեպ մի երեւույթ։ Մանավանդ որ շուկայում գործող օրենքները շատ բարդ են եւ քիչ ուսումնասիրված։ Ավելին, տնտեսագետներն ու քաղաքագետներն առաջարկում են տարբեր լուծումներ (երբեմն՝ իրար հակասող) նույն պրոբլեմների համար։ Իսկ այն տեսությունները, որ առաջարկվել են իրական կյանքում, երբեմն ուղղակի անպետք են եղել։

Կտրուկ փոփոխություններն այս երկրների տնտեսության մեջ առաջացրեցին քաոս։ Նախկին սոցիալիստական երկրները ունեին յուրահատուկ տնտեսություն՝ հիմնված հանրային սեփականություն վրա, որտեղ մեծ թիվ էին կազմում խոշոր, մոնոպոլ ձեռնարկությունները, որոնք վերահսկվում էին ուժեղ, կենտրոնացված պետական վարչարարական ապարատի կողմից։ Պետության թուլացումն առաջացրեց իշխանության վակուում այդ ձեռնարկությունների վերահսկման մեջ եւ սկսվեց մի աննախադեպ թալան։ Մի քանի սերունդների կողմից ստեղծված ու պետությանը պահ տրված ունեցվածքը թալանվեց մի քանի տարում։

Վաուչերների միջոցով փորձ արվեց ներմուծել արեւմտյան որոշ երկրներում ընդունված բաժնետիրական վերահսկման մեխանիզմը, որը սակայն չդադարեցրեց (եւ չէր էլ կարող դադարեցնել) թալանը, այլ միայն օրինականացրեց այն։

Հայաստանը կրկնեց Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի սխալները։ Միայն օրենքների, ֆորմալ ինստիտուտների ընդունումը բավարար չէ։ Ճիշտ է, օրենքների միջոցով իշխանությունները փորձում են փոխել, կարգավորել հասարակական հարաբերությունները, բայց հասարակությունը ինքն իր հերթին «զտում» է այդ օրենքները, ընդունելով այն, ինչ իրեն անհրաժեշտ է։ Արդյունքում, որոշ օրենքներ դառնում են կենսունակ, մյուսները անգործության են մատնվում։

Այսինքն օրենքների գործունեության համար, միայն մեխանիզմները բավարար չեն, անհրաժեշտ են հասարակական ուժեր, որոնք կաշխատեցնեն դրանք, իսկ վերջիններիս ձեւավորման համար ժամանակ է պետք։

ՌՈՒԶԱՆՆԱ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031