88-ին մեզ համոզում էին, որ Հայաստանի նման փոքր երկիրը կարող է ապրել իր մոլիբդենի եւ «Ջերմուկի» հաշվին, քանի որ մեր ջուրն ավելի թանկ արժե, քան ցանկացած նավթ։ Որ «Ջերմուկը» նավթից թանկ արժի, մենք համոզվեցինք, սակայն լավ ապրելը չի ստացվում նույնիսկ շատ ավելի վաճառելու գնով։
1995 թ. Լիբանանի քաղաքացի, ՀՀ-ի հատուկ քաղաքացիության կարգավիճակ ունեցող Կայծակ Զեթլյանը եւ հայաստանցի Աշոտ Արսենյանը (այժմ Ջերմուկի քաղաքապետ) հիմնում են «Շանթ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը զբաղվում է «Ջերմուկ» հանքային ջրի շշալցմամբ եւ վաճառքով։ Բաժնետոմսերի 51 %-ը ստանում է Կայծակ Զեթլյանը, իսկ 49 %-ը՝ Աշոտ Արսենյանը։ Կայծակ Զեթլյանն այս գործի մեջ ներդնում է 1 միլիոն 250 հազար դոլար, այդ թվում՝ շշալցման երկու հոսքագիծ, պիտակներ, խցաններ, եւ արտադրության համար անհրաժեշտ առարկաներ։ Աշոտ Արսենյանը ներդնում է «Ջերմուկ» ԲԲԸ-ում ունեցած իր 68 %-ը, որի մեջ՝ շենքեր, շինություններ։ Հետագայում «Շանթ» ՓԲԸ-ն վերանվանվում է «Ջերմուկ» ՓԲԸ-ի, սակայն բաժնետոմսերի 50-50 հարաբերությամբ։ Բաժնետեր Կայծակ Զեթլյանը համաձայնում է հարաբերության նման փոփոխությանը, քանի որ ընկերության կանոնադրությամբ ստանում է որոշակի առավելություններ։ Չնայած փաստաթղթային նման մեծ լիազորություններին, ամերիկաբնակ Կայծակ Զեթլյանը իրականում դուրս է մղվում ընկերության իրական կառավարումից եւ իր կատարած ներդրման պահից մինչեւ օրս ոչ մի ցենտ չի ստացել։ Այս չորս տարիների ընթացքում Աշոտ Արսենյանը ներկայացնում է, որ ընկերությունն աշխատում է մեծ վնասներով եւ խոսք չի կարող լինել շահույթի մասին։
Կայծակ Զեթլյանն էլ անընդհատ դժգոհում է կատարվածից, պահանջում աշխատանքի առավել թափանցիկություն։ Պարոն Զեթլյանն իր դժգոհությունն է հայտնում նույնիսկ ԱՄՆ մեկնած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Բազմամյա դժգոհություններից հետո Աշոտ Արսենյանը, որ այդ տարիների ընթացքում գրանցել էր «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն եւ «Ջերմուկ» ՓԲԸ-ի գումարներով շատ ավելի մեծ գործարան էր կառուցում, 1998-ին հայտարարում է, թե պատրաստվում է վաճառել իր 50 տոկոսը։ Կայծակ Զեթլյանը պատրաստակամություն է հայտնում գնելու այդ 50 %-ից 5-ը։ 1999 թ. փետրվարի 26-ին Աշոտ Արսենյանը, Կայծակ Զեթլյանը եւ կիպրոսաբնակ Հակոբ Սաբոնջյանը ստորագրում են համաձայնագիր, որի երկրորդ կետով արձանագրվում է. «Վաճառվող բաժնետոմսերի 5 տոկոսը պետք է գնի բաժնետեր Կայծակ Զեթլյանը, իսկ 45 %-ը քաղաքացի Հակոբ Սաբոնջյանը»։ Նույն համաձայնագրի 4-րդ կետով «Աշոտ Արսենյանը պարտավորվում է մինչեւ 1999 թ. ապրիլի 10-ը իր բաժնետոմսերի 45 %-ը վաճառել Հակոբ Սաբոնջյանին»։
1999 թ. ապրիլի 10-ին Աշոտ Արսենյանը եւ Հակոբ Սաբոնջյանը ստորագրում են համաձայնագիր «Ջերմուկ» ՓԲԸ-ի 45 % վաճառքի մասին։ Վաճառքի գինը կազմում է 396 միլիոն դրամ, որը 800 հազար դոլարից էլ պակաս գումար է։ Իրականում Աշոտ Արսենյանն այն վաճառում է 1 միլիոն 800 հազար դոլարով։ Մեկնելով Կիպրոս, փողն իր հաշվեհամարին փոխանցելու համար Աշոտ Արսենյանն ամենայն հավանականությամբ այնտեղ Հակոբ Սաբոնջյանի հետ համաձայնության է գալիս վաճառելու իր տնօրինության տակ գտնվող 5 %-ը եւս, որը փետրվարի 26-ի համաձայնագրով պետք է վաճառվեր Կայծակ Զեթլյանին։ Այս համաձայնագիրն էլ 44 միլիոն դրամ արժեքով կնքվում է մայիսի 19-ին։ Այսպիսով, ոտնահարվում են Կայծակ Զեթլյանի, իբրեւ ընկերության բաժնետիրոջ առաջնահերթության իրավունքները։ Կայծակ Զեթլյանն իր օրինական իրավունքները պաշտպանելու նպատակով դիմում է Վայոց Ձորի Առաջին ատյանի դատարան։ Պարոն Զեթլյանն իր հայցադիմումով պահանջում է չեղյալ հայտարարել 45 եւ 5 տոկոսների առք ու վաճառքի պայմանագրերը, քանի որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված են բաժնետիրոջ նախապատվության իրավունքները։ Բացի այդ, Աշոտ Արսենյանը իրավունք չուներ Հակոբ Սաբոնջյանին վաճառել 5 %-ը, քանի որ կար փետրվարի 26-ի համաձայնագիրը, որտեղ սահմանված չէր, թե ինչպիսի ժամկետում պետք է իրականացվի առք ու վաճառքը։ Հակոբ Սաբոնջյանի հետ պայմանագրերը չեղյալ հայտարարելուց հետո, Կայծակ Զեթլյանը պարտավորվում է գնել Աշոտ Արսենյանի 50 %-ը, այն գնով, որը համեմատելի պայմաններում առաջարկվել է Հակոբ Սաբոնջյանին, այսինքն՝ 440 միլիոն դրամով։ Իր հերթին Վայոց Ձորի Առաջին ատյանի դատարան է դիմել Հակոբ Սաբոնջյանը, որը պահանջում է, որ դատարանը հարկադրի Կայծակ Զեթլյանին՝ իր հետ պայմանագիր կնքել ընկերության կառավարման եւ համագործակցության վերաբերյալ։
Կարդացեք նաև
Ինչպես մեզ հայտնեց Կայծակ Զեթլյանի ներկայացուցիչ, ազատագրական բանակի նախկին մարտիկ Սարգիս Հացպանյանը, այժմ թեեւ «Ջերմուկ» ՓԲԸ-ն գտնվում է իրենց տնօրինության տակ, սակայն Ջերմուկի քաղաքապետ Աշոտ Արսենյանն ամեն կերպ խոչընդոտում է ձեռնարկության բնականոն գործունեությանը, արգելելով հաճախորդներին իրենցից ապրանք գնել։ Փաստորեն ինչ է ստացվում։ Աշոտ Արսենյանը գործի մեջ դնելով մի քանի վաուչերով սեփականաշնորհված «Ջերմուկ» ՓԲԸ-ի գույքը, չորս տարի անընդմեջ օգտվում է Կայծակ Զեթլյանի ներդրումներով աշխատող գործարանից, տարեկան ստանալով հարյուր հազարավոր դոլարներ, կառուցել է սեփական գործարան եւ դեռ 2 միլիոն դոլարով էլ վաճառել է բաժնետոմսերը, որոնք առանց Կայծակ Զեթլյանի ներդրման կարող էին ոչինչ լինել։ Այսօր այդ նույն Աշոտ Արսենյանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել Կայծակ Զեթլյանի գործունեությանը, հերթական անգամ էլ փորձելով սեփականացնել այն ապրանքները, որով երկար տարիներ արտադրվել է «Ջերմուկ» ՓԲԸ-ի արտադրանքը։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ