Լրահոս
Օրվա լրահոսը

Աջափնյակում թեժ մրցակցություն է ընթանում

Հուլիս 06,1999 00:00
vazq

Հուլիսի 11-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ այն բոլոր համայնքներում, որոնց թաղապետերն ընտրվել են ԱԺ պատգամավորներ։

Պարույր Կարապետյանի՝ պատգամավոր ընտրվելուց հետո, Աջափնյակի թաղապետի թափուր պաշտոնի համար միանգամից մի քանի թեկնածուներ կան, որոնցից մեկը բոլորիս հայտնի Աշոտ Աղաբաբյանն է, մյուսը՝ թաղապետի տեղակալ Արծրուն Խաչատրյանը։ Վերջիններս են հենց, որ թաղապետ ընտրվելու լուրջ հավակնություններ ու հնարավորություններ ունեն։ Բայց պարզվում է, որ այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ։ Այսպես, ըստ լավատեղյակ աղբյուրների, կառավարությունը՝ հանձին վարչապետ Վազգեն Սարգսյանի, պաշտպանում է Աշոտ Աղաբաբյանի թեկնածությունը, որը ներկայումս «Հրազդան» մարզադաշտի տնօրենն է։ Մինչդեռ «Միասնություն» խմբակցության եւ ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ հակված են Աջափնյակի թաղապետի պաշտոնում տեսնել հենց Արծրուն Խաչատրյանին։ Որքան հայտնի է, Աշոտ Աղաբաբյանի թեկնածությունը, մեղմ ասած, չեն խրախուսում հենց Պարույր Կարապետյանը, նաեւ Հակոբ Հակոբյանը (նույն ինքը՝ Լեդի Հակոբը), Անդրանիկ Մանուկյանը եւ էլի մի քանիսը։ Իհարկե, երբ փորձեցինք վերջիններից պարզել եղած տրամադրությունները, Հակոբ Հակոբյանն ասաց, թե դա իր թաղամասը չէ, եւ ինքը դրա հետ կապ չունի։ Ինչեւէ, ըստ որոշ լուրերի, բանն այնտեղ է հասել, որ հիշյալ պատգամավորներից ոմանք (Պ. Կարապետյանն ու Հ. Հակոբյանը) նույնիսկ սպառնացել են դուրս գալ իրենց խմբից։ Հիշեցնենք միայն, որ վերջիններս «Կայունություն» խմբի անդամներ են։ Որոշ փորձագետների կարծիքով, սակայն, թաղապետի ընտրությունները պատգամավորների ընտրություններից փոքր-ինչ տարբերվում են, եւ տվյալ դեպքում Վազգեն Սարգսյանի համար դժվար կլինի ընտրողներին պարտադրել իր կարծիքը։ Այս պարագայում Աշոտ Աղաբաբյանի հնարավորությունները խիստ նվազ են։ Նրա թեկնածության պաշտպաններից մեկն էլ «Միասնություն» խմբակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանն է։

Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031