Լրահոս
Օրվա լրահոսը

Այս խմորը շատ ջուր կվերցնի

Հուլիս 06,1999 00:00
dat

«Վերածնունդ» հասարակական կազմակերպության եւ Միսակ Մկրտչյանի՝ կազմակերպության նախկին տնօրենի, բախումները դեռ շարունակվում են։

Մ. Մկրտչյանն արդեն 21 ամիս դատական պրոցեսներով «Վերածնունդի» ղեկավարությունից՝ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանից, Ռազմիկ Դավոյանից, Հայկ Ղազարյանից (նախկին կրթության նախարար) պահանջում է իր սեփական գույքը (համակարգիչ, պատճենահանող մեքենա եւ այլն)։ Ընդ որում, «Վերածնունդի» վերոնշյալ ղեկավարությունը չի խառնվում դատական գործընթացին։ Նրանց փոխարեն դատարանում (եւ առհասարակ) հանդես է գալիս Ռուբեն Թորոսյանը («Մարդու իրավունքներ-96» կազմակերպության նախագահ), որն, ըստ Մկրտչյանի, «Վերածնունդի» տնօրենն է. «Թաղապետարանի եւ «Վերածնունդի» միջեւ տարածքի պայմանագիրը կնքում է Ռուբեն Թորոսյանը, այսինքն՝ իրավաբանական անձ է» (Մ. Մ.)։ (Հիշեցման կարգով ասենք նաեւ, որ Ռ. Թորոսյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրված, սակայն չընտրված պատգամավորական թեկնածու էր)։

Արաբկիրի շրջանի առաջին ատյանի դատարանում ապրիլի 12-ին կայացել է վերջին նիստը։ Մինչ նիստը «Վերածնունդը» եւ հայցվոր Միսակ Մկրտչյանը հաշտության պայմանագիր են կնքել, որի գաղափարը տվել է նշյալ դատարանի քարտուղարուհին։ Այդ օրը դատավորը չէր եկել նիստին եւ քարտուղարուհին ասել էր. «Գնացեք բարիշեք-պրծեք էլի, ինչո՞ւ պիտի էս հարցը դատարանում լուծեք»։ Դրանից հետո երկու կողմերը որոշել են հաշտության պայմանագիր կնքել։ Մ. Մկրտչյանը խորհրդակցել է իր դատապաշտպանի հետ եւ մտածել՝ պղտոր ջրից մաքուր ջրի երես հանել «Վերածնունդի» ղեկավարությանը։ Հաշտության պայմանագրով «Վերածնունդի» ղեկավարությունը Մ. Մկրտչյանի սեփական գույքը երկու մասի է բաժանել՝ սարքավորումների մի մասը՝ Մ. Մկրտչյանին, մյուսը մասը՝ իրենց։ Մ. Մկրտչյանը ստորագրել է պայմանագիրը եւ ապա դատարան հայտարարություն է ներկայացրել։ «Հայտարարությունս ներկայացրի դատարան, որ բոլոր այդ սարքավորումների ու գույքի ձեռքբերման տեխնիկական փաստաթղթերն ինձ մոտ են, իրենց մոտ որեւէ հիմնավոր փաստաթուղթ չկա։ Հաշտության պայմանագրով ես եւս մեկ անգամ ապացուցեցի, որ այդ սարքավորումները իմ սեփականությունն են։ Այլապես, ո՞ր սեփականատերը կհամաձայնի իր գույքը, թեկուզ մեկ համակարգիչ տալ, ինչո՞ւ են տալիս ինձ, թե ասում են՝ սեփականատեր չեմ»,- ասում է Մ. Մկրտչյանը։ Սակայն դատարանը հաշվի չի առել Միսակ Մկրտչյանի գրավոր եւ բանավոր ասված այդ հայտարարությունը. «Դատավորն ասաց՝ դու համաձայնվել-ստորագրել ես ու վերջ, բայց կարող ես բողոքել Վերաքննիչ դատարան»,- պատմում է Մ. Մկրտչյանը։

Արաբկիրի շրջանի առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել՝ Միսակ Մկրտչյանի հայցով քաղաքացիական գործի՝ ընդդեմ «Վերածնունդ» հասարակական կազմակերպության՝ սեփականության իրավունքով պատկանող գույքն ուրիշի ապօրինի տիրապետությունից պահանջելու մասին, վարույթը կարճել։ Մ. Մկրտչյանը բողոքարկել է վճիռը, դիմել Վերաքննիչ դատարան՝ գործը վերանայելու։ 1998 թ. սեպտեմբերի 17-ին Արաբկիրի շրջանի առաջին ատյանի դատարանում որոշում էր կայացվել՝ արգելանք դնել Կասյան 6 հասցեում (ուր «Վերածնունդն» է տեղակայված) գտնվող տարածքի այն գույքի վրա, որը ցուցակով դատարան էր ներկայացրել հայցվոր Մ. Մկրտչյանը։ «Հաշտության պայմանագիրը կնքելու ժամանակ տեսա, որ պատճենահանող սարքը եւ համակարգիչները «Վերածնունդի» ղեկավարության կողմից գործածվել-մաշվել են, ամբողջ նյութերը օգտագործվել. դրա իրավունքը չունեին, դատարանն արգելանք էր դրել»,- ասաց Մ. Մկրտչյանը՝ հոգնած 21 ամիս ձգձգվող հոգնեցուցիչ այս քաշքշուկից՝ «Արդեն 21 ամիս մեզ զրկել են մարդ լինելուց, աշխատելուց։ Ես իմ սեփական գույքն եմ ուզում, ուրիշ ոչինչ»։ Վերաքննիչ դատարանում հայցվոր Մ. Մկրտչյանի եւ «Վերածնունդի» դատական նիստը կկայանա հուլիսի 6-ին։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031