Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԼՂՀ ՀԱՐՑՈՒՄ ԴԵՌ ԼՈՒՐՋ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ՉԿԱՆ»

Հուլիս 06,1999 00:00
vardan oskanyan

ՀՀ նոր կառավարության կազմում ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն իր պաշտոնում մնացած փոքրաթիվ նախարարների բանակից է եւ որպես նոր կառավարության ներկայացուցիչ, ըստ էության, երեկ առաջին անգամ էր ասուլիս հրավիրել։ Մնացած ամեն բան՝ ե՛ւ պրն Օսկանյանն ինքը, եւ այն, ինչ ասաց՝ հին էին ու ծանոթ։

Վարդան Օսկանյանը չմոռացավ շնորհավորել Սահմանադրության օրվա առթիվ, այնուհետեւ, անցնելով բուն գործին, ասաց իր նախարարական խոսքը։ Սկսեց Լյուքսեմբուրգյան հանդիպումներից։ Թեպետ ՀՀ նախագահի մամլո քարտուղարը (եւ ոչ միայն նա) վաղուց անդրադարձել է այդ հարցին, բայցեւայնպես ԱԳ նախարարը փորձեց «հարցը ներկայացնել մեր տեսանկյունից, պարզապես ասելով, որ գործընկերության եւ համագործակցության պայմանագիրը Հայաստանի եւ Եվրամիության անդամ երկրների միջեւ, հուլիսի 1-ից արդեն գործողության մեջ է մտել։ Դրան մենք մեծ նշանակություն ենք տալիս։ Պայմանագիրը ընդարձակում է համագործակցության դաշտը։ Կարեւորը, որ մի նոր էլեմենտ է ավելացնում՝ դա քաղաքական երկխոսության էլեմենտն է, որը մինչեւ օրս բացակայում էր։ Սա, իրոք, լայն հնարավորություն է տալիս Եվրամիության հետ բազմաթիվ հարցեր քննարկել, ներառյալ նաեւ՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հաջորդ փուլը։ Մենք սրան մեծ նշանակություն ենք տալիս»։

ԱԳ նախարարի ասելով, սրանից հետո Հայաստանից շատ բան է կախված, ներառյալ՝ Հայաստանի եվրոպական կառույցների մաս կազմելու հարցերը։

Վարդան Օսկանյանն ինքն էլ անդրադարձավ ՀՀ նախագահի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հանդիպմանը։ Նախարարի կարծիքով, այդ հանդիպմամբ վերջ դրվեց Ադրբեջանի կողմից տարածվող այն սպասումներին, թե ՆԱՏՕ-ն Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ կասի իր խոսքը։ Իրականում Խավիեր Սոլանան հայտարարեց, թե ՆԱՏՕ-ն ցանկություն չունի ԼՂՀ-ի հարցի կարգավորմանը ակտիվ մասնակցություն ունենալ, եւ վստահորեն ասաց, որ ՆԱՏՕ-ն Կովկասի երեք հանրապետությունների հետ զարգացնում է հավասար հարաբերություններ։

Իսկ սա հայերին, չգիտես ինչու, շատ է ոգեւորում։ Ոգեւորողները կամ մի բան էլ գիտեն, որ չեն ասում, կամ էլ՝ հերթական սին հույսերն են փայփայում։

ԼՂՀ-ի հարցում դեռեւս լուրջ տեղաշարժեր չկան, հայտնի չէ, թե համանախագահողները ե՞րբ կայցելեն տարածաշրջան, ե՞րբ կներկայացնեն հարցի կարգավորման նոր կամ նախկին նախագիծը։ Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը խոչընդոտում է հարցի քննարկմանը։ Եթե մի պահ թվաց, թե Ադրբեջանը դեմ է ընդհանուր պետության գաղափարին, իսկ ընդհանուր առաջարկությանը, թվաց, թե կարող է նույնիսկ համաձայն լինել։ Սակայն Բաքվից եկած վերջին հայտարարություններից պարզ դարձավ, որ Ադրբեջանը դեմ է ոչ միայն ընդհանուր պետության գաղափարին, այլեւ՝ առհասարակ այդ փաստաթղթում տեղ գտած բոլոր դրույթներին։ Սա լուրջ բարդություններ է առաջացնում, քանի որ համանախագահողները պատրաստ չեն փոփոխություններ կատարել առաջարկում. «Որովհետեւ նրանք գտնում են եւ համոզված են, որ այդ առաջարկությունը միջին կոմպրոմիսային ճանապարհ է եւ դրանից շատ շեղվելը կգցի մյուս ծայրահեղության մեջ, երբ նրանց առաջարկը կմերժվի Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից»։

Գործը ձգձգվում է նաեւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի վատառողջության պատճառով, քանի որ այս պահին Բաքուն վճռական որոշում չի կայացնի։ Իսկ Հայաստանը սպասում է համանախագահողների հետագա քայլերին եւ Ադրբեջանի դիրքորոշմանը։ Հայաստանի ԱԳ նախարարի կարծիքով, համանախագահողները, իրոք, գտնում են, որ վերջին առաջարկությունը կոմպրոմիսային է եւ որեւէ փոփոխություն պետք չէ կատարել. «Սա դրական տեղաշարժ է, փաստաթղթի հիմնական էությունը, կոմպրոմիսային ոգին եւ հատկապես որեւէ նախապայմանի բացակայությունը կպահպանվի այս փաստաթղթում։ Հարցն այն է, թե արդյոք Ադրբեջանը կգնա՞ դրան, իսկ միջազգային հանրությունը արդյոք կգնա՞ Ադրբեջանի վրա ճնշումների, սա նույնպես դժվար է այս պահին ասել։ Պետք է սպասել»։

ԼՂՀ-ի հարցի ձգձգման խոչընդոտներից մեկն էլ, ըստ Վարդան Օսկանյանի, Ադրբեջանի վարած քաղաքականությունն է Ռուսաստանի նկատմամբ. «Ամեն հարցի ետեւ Ռուսաստանի դերը տեսնելու մեջ եւ, առհասարակ, Ռուսաստանի կողմից թելադրված լինելու հանգամանքը։ Ես կարծում եմ, սա բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Սա լրջորեն խոչընդոտում է բանակցությունների գործընթացը»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Այս տարվա ընթացքում կքննարկվի Հայաստանի անդամակցության հարցը Եվրոպայի խորհրդին եւ, ամենայն հավանականությամբ, եկող տարվա հունվար ամսից Հայաստանը Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ կդառնա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031