Սիրելի հայրենակիցներ,
Հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր Հիմնական օրենքը, որն ամրագրում է մեր ժողովրդի ավաքական կամքն ու հստակ դիրքորոշումը՝ կերտելու սոցիալական, իրավական եւ ժողովրդավարական ինքնիշխան պետություն։ Սահմանադրության ընդունումն ու անշեղ կիրառումը յուրաքանչյուր ժողովրդի եւ պետության կյանքում ունի բացառիկ եւ պատմական նշանակություն։ Հայաստանի Սահմանադրությունն իրավունքի մեր ազգային համակարգի հիմքն է եւ օրինականության, իշխանության տարբեր ճյուղերի կայունության երաշխիքը։ Այն կոչված է երաշխավորելու մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, հաստատելու քաղաքացիական համերաշխություն, կյանքի կոչելու հավատարմությունը համամարդկային արժեքներին։ Սահմանադրության ընդունմամբ ամրապնդվեց մեր պետականությունը, ամրագրվեցին ժողովրդի իշխանության եւ օրենքի գերակայության սկզբունքները, էապես բարեփոխվեց օրենսդրական դաշտը։ Որեւէ Սահմանադրություն, լինելով որոշակի ժամանակի ծնունդ, ենթակա է նոր պայմաններից բխող կատարելագործման։ Մեր պարտքն է երկրի զարգացմանը զուգընթաց արդիականացնել նաեւ նրա իրավական հիմքերը։ Նշելով Սահմանադրության օրը՝ հավատանք, որ մեր երկրի Հիմնական օրենքը կլինի սրբազան, եւ որով կղեկավարվեն Հայաստանի ներկա եւ ապագա բազում սերունդներ։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը գնահատելու համար օգտագործում է ձեւակերպումներ, որոնք պիտի կիրառի երկրի նախագահը՝ զերծ մնալով որոշ քաղաքական շրջանակներում տարածված որակումներից։
ԱՐՄԵՆՊՐԵՍ