Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀԸ

Հուլիս 06,1999 00:00
pozapalyan

Երեկ Մայր աթոռ սբ. Էջմիածնի Վեհարանում հանրապետության լրատվամիջոցներին ընդունեցին Կաթողիկոսական տեղապահ Ներսես արք.Պոզապալյանը եւ Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը։ Լրագրողներին փոխանցվեց Մամլո դիվանի հաղորդագրությունը՝ տեղապահի ընտրության մասին։ Եպիսկոպոս Պետրոսյանը ներկայացրեց արք. Պոզապալյանի կենսագրությունը։

Տեղապահն իր խոսքում նշեց, որ իր խնդիրն է համարում Մայր աթոռի եւ Հայ առաքելական եկեղեցու գործերը բնական հունի մեջ պահելը։ Եկեղեցու կանոնադրության համաձայն, Ազգային եկեղեցական ժողովը նոր կաթողիկոսի ընտրության համար պետք է գումարվի ոչ շուտ, քան վեց ամսվա եւ ոչ ուշ՝ քան մեկ տարվա ընթացքում։ Սակայն Կաթողիկոսական տեղապահը նշեց, որ իր նախաձեռնությամբ Եպիսկոպոսաց եւ Գերագույն հոգեւոր խորհրդի համատեղ ժողովին առաջարկելու է քննարկել կաթողիկոսի ընտրությունները մինչեւ նոր տարի անցկացնելու հնարավորությունը։ Հիմնավորումը հետեւյալն էր՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան 2000-ամյակին Հայ առաքելական եկեղեցին, որպես հնագույն քրիստոնեական եկեղեցի, հարկ է, որ կաթողիկոս ունենա։ Կաթողիկոսական տեղապահը նշեց, որ Տիրոջ ծննդյան 2000-րդ տարեդարձին մեր եկեղեցին պատրաստվում է ուխտագնացություն կազմակերպել Երուսաղեմ։

Ի դեպ, երեկ Կաթողիկոսական տեղապահի ծննդյան օրն էր, եւ լրագրողները շնորհավորեցին Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին։

Ա. Գ.

Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի կենսագրությունը

Ներսես արք. Պոզապալյան, ավազանի անունով՝ Հակոբ, ծնվել է 1937 թ. հուլիսի 5-ին Գըրըգ Խան քաղաքում (Թուրքիա), արհեստավորի ընտանիքում։

1939 թ. ընտանիքով գաղթել եւ հաստատվել են Բեյրութում, ուր ստացել է իր նախնական կրթությունը, տեղի հայկական Նուպարյան վարժարանում։

1951 թ. ընդունվել է Անթիլիասի Դպրեվանքը, ուր սովորել է մինչեւ 1955 թվականը։

1955-1957 թթ. սովորել է Էշրեֆիե թաղամասում գտնվող Կենտրոնական բարձրագույն վարժարանում։

1957 թ. սեպտեմբերին ծնողների հետ ներգաղթել է Հայաստան եւ մեկ ամիս անց ընդունվել է Հոգեւոր ճեմարան։

1957 թ. ձեռամբ Հայկազուն արք. Աբրահամյանի ձեռնադրվել է սարկավագ։

1960 թ. ավարտելով Հոգեւոր ճեմարանը մեկնել է Մոսկվա եւ մեկ տարի ուսանել Զագորսկի Հոգեւոր ակադեմիայում։

1961 թ. հունիսի 5-ին ձեռամբ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Ներսես աբեղա։

Կրոնական-եկեղեցական կրթությունը խորացնելու նպատակով 1963-1965 թթ. սովորել է Յորքշիրի (Անգլիա) Հարության կոլեջի (College of Resurrection Yorkshire England) կրոնական բարձրագույն ուսումնարանում։

1965-1969 թթ. վերադառնալով Մայր Աթոռ՝ վարել է Հոգեւոր ճեմարանի տեսչության պաշտոնը։

1969-1970 թթ. սովորել է Ժնեւի էկումենիկ ինստիտուտում։ 1969-1972 թթ. իբրեւ հոգեւոր հովիվ ծառայել է Ժնեւի հայոց Ս. Հակոբ եկեղեցում։

1972-1974 թթ. եղել է հոգեւոր հովիվը Լոնդոնի Ս. Սարգիս եկեղեցու։ 1974 թ. Համայնքային Եկեղեցական խորհրդի կողմից ընտրվել է Անգլիայի հայոց առաջնորդ։ 1974 թ. հոկտեմբերին, ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի ձեռնադրվել է եպիսկոպոս եւ նշանակվել Անգլիայի հայոց առաջնորդ եւ Հայրապետական պատվիրակ Քենթրբերիի Արքեպիսկոպոսի մոտ։

1982 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հրավերով վերադառնում է Մայր Աթոռ իբրեւ դիվանապետ։

Սրբազան Հայրը նաեւ էկումենիկ աշխատանք է ծավալել Մայր Աթոռում։ 1983 թ. ընտրվել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Կոմիտեի անդամ։ Եղել է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հիմնադիր եւ ցարդ շարունակում է ծառայել իբրեւ նույն հաստատության Տնօրենների խորհրդի ատենապետ։

1998 թ. նոյեմբերին ընտրվել է Ռուսաստանի Հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս։ Հեղինակ է շուրջ մեկ տասնյակ բանաստեղծական եւ քարոզչական հատորների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031