1991-ից ի վեր առաջին անգամ, հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը շրջափակվել է զինված ոստիկաններով։ Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ՆԳ նախարարի հրամանով տագնապ է հայտարարվել, ոտքի են հանվել բոլոր ծառայությունների պետերն ու պարեկային խմբերը։ Ոստիկաններին բաժանվել են մարտական ավտոմատներ։ Տրվել է նախագահի եւ կառավարության նստավայրերը, ռադիո-հեռուստատեսության շենքը եւ առանձին կարեւորության մի շարք այլ օբյեկտներ պահպանության տակ առնելու հրահանգ։ Մարտական տագնապը տեւել է մինչեւ ժամը 7-ը։ Չի հաջողվել պատկան մարմիններից որեւէ մեկնաբանություն ստանալ արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու դրդապատճառների մասին։
ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՓՈԽԵԼ ՉԻ ԼԻՆԻ
Սեպտեմբերին կկայանա Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովը։ Այս առիթով ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԱՄՆ արեւմտյան ափի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Սեմինար է անցկացվել, որին մասնակցում էին տարբեր կազմակերպությունների 250 ներկայացուցիչներ։ Քննարկվել են խորհրդաժողովին վերաբերող բազմաթիվ հարցեր, ինչպես նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հետագա զարգացումները։
Կարդացեք նաև
ԱԳ նախարարի ասուլիսի մասին կարդացեք 3-րդ էջում։
ՆՈՐ «ԱՐՄԵՆՏԵԼ»
«Ֆայնենշլ թայմս» պարբերականը հրապարակել է ՀՀ կառավարության հայտարարությունը, որ միջազգային տենդեր է հայտարարվում ՀՀ էլեկտրաբաշխիչ ցանցի սեփականաշնորհման համար։ Հայտի համար թեկնածու կազմակերպությունների եկամուտը տարեկան պետք է գերազանցի 150 միլիոնը, որից 100 միլիոնը՝ էներգետիկայի բնագավառում։
ԱՌԱՆՑ ՀԵՏԻՆ ՄՏՔԻ
Ըստ երեւույթին, հուլիսի 8-ին Հայաստան կժամանի ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը։ Այն մարդկանց, ովքեր կհարցնեն, թե ինչո՞ւ, միանգամից հանգստացնենք՝ «կոմանդույուշչին» կմասնակցի Վեհափառ Հայրապետի թաղման արարողությանը։