Տիկին Նարգիզի տունը սուգ էր ընկել… Կորել էր նրա սիրելի, անկրկնելի ու անփոխարինելի շնիկը։ Տիկին Նարգիզը լալիս էր ու անվերջ լալիս, ամբողջ շենքի հարեւանությունը, տիկին Նարգիզի սգին սգակից, ոչ մի կերպ չէր կարողանում հանգստացնել ու մեղմել նրա վիշտը։
– Ախր չեք պատկերացնի, է,- ասում էր տիկին Նարգիզը,- առավոտյան մի դիլիմ ձմերուկ ուզեց՝ չտվեցի։ Լեզուս չորանար, ձեռքս կոտրվեր՝ չմերժեի իմ անուշ Կոտիկին։ Այ, ըսենց կանգնեց հետեւի թաթերի վրա, մռութը ձգեց ու անուշ հայացքով ձմերուկ ուզեց՝ ես էլ չտվեցի։ Երեկ անկարգություն էր արել, ասի՝ պատժեմ։ Էս էլ քեզ պատիժ. Կոտիկս ինձանից նեղացավ ու հեռացավ, մինչեւ աշխատանքից եկա՝ չկար։ Գտեք իմ Կոտիկին, գտեք, մի բան արեք, այ ժողովուրդ, առանց Կոտիկիս չեմ կարող ապրել։ Ինչքան փող ուզում եք կտամ, միայն թե գտեք Կոտիկիս։
Անդադար լալիս էր տիկին Նարգիզը, իսկ պատրաստակամ հարեւանությունը ոչ մի կերպ չէր կարողանում օգնել խեղճ Նարգիզին։ Ինչ աներ, խեղճ հարեւանությունն ինչ աներ. ամբողջ շենքը տակն ու վրա արեց, ման եկավ բակի ամենագողտրիկ ու աչքից հեռու անկյունները, շրջեց ողջ թաղամասը, հայտարարություններ տվեց ռադիոհեռուստատեսությամբ, դրամական մեծ պարգեւներ խոստացավ գտնողին, բայց Կոտիկը չկար ու չկար։ Տիկին Նարգիզի վիճակն էլ գնալով անմխիթար էր դառնում, հաճախանում էին դառնում ուշաթափությունները։
Կատվիս մասին վատ գրես՝ կսպանեմ
Կարդացեք նաև
Այսպիսի սպառնալիքի արժանացա, երբ ընկերներիցս մեկին խնդրեցի պատմել իր կատվի մասին։ Երբեք կատու չեմ սիրել եւ երբեք որեւէ կենդանի չեմ պահել ու հավանաբար դա է պատճառը, որ երբեք էլ չեմ կարողանում հասկանալ կենդանի պահողներին։ Վերը նկարագրած պատմությունը ինձ համար զվարճալի ու անհասկանալի էր. ինչպես կարող է մարդը այդքան ցավագին (գոնե ինձ համար) ընդունել շան կորուստը։ Բայց կենդանի պահողների հետ ունեցած զրույցներից հետո հասկացա, որ մարդիկ իսկապես կապվում են իրենց սիրելի կենդանիների հետ այնպես, ինչպես հարազատ մարդու հետ։ «Մեր ընտանիքի անդամ է փիսոս, ինչպես կարող եմ չսիրել»,- ասաց նույն ընկերս։ Նպատակ չունենալով խորանալ մարդ-կենդանի փոխհարաբերությունների հոգեբանական վերլուծությունների մեջ՝ նկարագրեմ միայն մի քանի զվարճալի պատմություններ, որոնք պատմել են հենց այդ կենդանիների տերերը։
Շանս նկարը՝ սրտիս մոտ
Նախ. շուն ու կատու պահող գրեթե բոլոր մարդիկ իրենց պարտքն են համարում լուսանկարել իրենց կենդանիներին՝ առանձին եւ իրենց գրկում։ Խորհրդային շրջանում, երբ լուսանկարչական ապարատներն այսչափ տարածված չէին, երիտասարդ ծնողները սովորություն ունեին երեխային 6 ամիսը լրանալիս անպայման լուսանկարել։ Այդ ավանդույթը ներկայումս փոխանցվել է շուն ու կատու պահողներին։ Չեմ հանդիպել շուն ու կատու պահող որեւէ մեկի, որ իր գրպանում կամ աշխատասեղանի վրա չփայփայի սիրելի Մաքսի, Կոտիկի, Ցեզարի… լուսանկարը։ Ծանոթներիցս մեկը ի պատասխան այն հարցի, թե քանի երեխա ունի՝ մշտապես պատասխանում է. «2 տղա՝ մեծ տղաս եւ փոքր շունս»։ Իսկ մեկ այլ ծանոթուհի էլ հպարտությամբ պատմում էր, որ իր սիրելի կատուն միայն զուգարանում է կատարում համապատասխան գործողությունը։ Իսկ տուն այցելած ցանկացած տղամարդու սարսափելի խանդով է ընդունում։ Բայց այդքան կարգապահ ու «ջենթլմեն» դարձել է այն բանից հետո, երբ առանց թույլտվության ձու է կերել ու տանտիրուհին մի լավ պատժել է։ «Մի անգամ հյուր էինք գնացել, ամուսինս տանտերերին ասաց. «Ձեր կատուն մերից սիրուն է»։ Ես շատ էի նեղացել։ Երբ տուն վերադարձանք, ասացի՝ մի լավ նայիր, մեր փիսոն չի՞ ամենագեղեցիկը։ Լավ է, որ ամուսինս համաձայնվեց, թե չէ նրանից նեղանալու էի»,- պատմեց կատվին իր ընտանիքի անդամ համարող ծանոթուհիս։
ՄԱՐԳԱՐ ԼՈՒՍԻԿՅԱՆ