Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակը դեռ պետք է իմաստավորվի

Հուլիս 03,1999 00:00
yntrutyunner

«Կիսաքանդ տան մատույցներում տանտերերն անիմաստ վիճում են: Իսկ ատաղձագործները, զինված քանոններով եւ ներկերով, չեն կարողանում սկսել իրենց գործը»: Քվան Խոման (1532-1587)

1999-ի խորհրդարանական ընտրությունները, ի տարբերություն նախորդների, անցան բավական իներտ մթնոլորտում: Նման դեպքերում մեծ Կոմբինատորը կասեր՝ չկա նախկին էնտուզիազմը, իսկ շարքային հայը կասի՝ ժողովուրդը հոգնել է: Նշենք, որ հայրենական «դիտորդները» նույնպես հոգնել են եւ չեն փորձում վերլուծել ստեղծված իրավիճակը:

Ընտրություններ

Յուրաքանչյուր երկրի համար ընտրությունները՝ խորհրդարանական թե նախագահական, զարգացման որոշակի փուլ են նախանշում: Որքան էլ ընտրությունների արդարությունը կասկածի տակ դրվի շահագրգիռ ուժերի կամ հասարակության գիտակից հատվածի կողմից, միեւնույն է, նրանք չեն դադարում ազդել քաղաքական գործընթացների վրա, թարմացնել հին խնդիրները եւ առաջադրել նորերը: Առավել ուշիմ «քաղաքական դիտորդները» հաստատ նկատած կլինեն, որ յուրաքանչյուր ընտրություն, անկախ որակից եւ արդարության աստիճանից, նշանավորել է հասարակական զարգացման հերթական փուլը: Եթե ընտրությունները ցուցադրաբար կեղծվում են, նշանակում է հասարակությունը չունի քաղաքացիական գիտակցություն, ինչը եւս քաղաքական փաստարկ է: Այսինքն, ընտրակեղծիքները օբյեկտիվ օրինաչափություն են եւ արտահայտում են քաղաքական ուժերի հարաբերակցությունը եւ ստեղծված status quo-ն:

Սակայն ինչով էին այս ընտրությունները հատկապես տարբերվում նախորդներից: Նախ, չկար նախկին էնտուզիազմը, երկրորդ, պարտված ուժերը հանդես չեկան արդյունքների ընդհանրացումներով, քաղաքական գնահատականներով, կուսակցությունների գործունեության հաշվետվությամբ եւ ապագայի ծրագրային ճշտումներով: Քաղաքականապես հասուն հասարակություններում կուսակցությունները համագումարներ են հրավիրում ոչ միայն ընտրություններից առաջ, այլեւ հետո: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպիսի քննարկումներ կծավալվեին ԱԻՄ-ի, ԱԺՄ-ի կամ թեկուզ ՀԴԿ-ի ետընտրական համագումարներում: Սակայն համարձակվում եմ ենթադրել, որ այդ ենթադրյալ համագումարների հիմնական լեյտմոտիվը լինելու է նույնը՝ ժողովուրդը վատն է:

Քարոզարշավ. պարեք եւ ուրախացեք

Քաղաքականապես հասուն կամ կիսահասուն հասարակություններում քարոզարշավը ոչ միայն ձայների որս է, այլեւ հանգրվան, որտեղ բանավեճերի, ելույթների կամ գովազդային հոլովակների միջոցով քաղաքական կազմակերպությունները երկրի իրավիճակի վերաբերյալ հանդես են գալիս իրենց գնահատականներով, առաջարկում զարգացման իրենց ծրագրերը: Այսինքն, դրանք քաղաքական հոսանքներ են: Քարոզարշավները յուրաքանչյուր երկրի համար կարեւոր քաղաքական եւ ինտելեկտուալ միջոցառումներ են: Գուցե՝ ավելի կարեւոր, քան բուն ընտրությունները եւ դրանց արդյունքները: Իսկ ինչ էին մեզ առաջարկում քաղաքական կազմակերպությունները. դրանց զգալի մասը աշխատում էր խաղալ ազգային եւ «սոցիալական» զգացմունքների վրա: «Արժանապատիվ ապագայի» երեւանցի լեդին ջահելությանը կոչ էր անում պարել եւ ուրախանալ, խոստանալով չհիմնավորված արժանապատիվ ապագա: «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի նատուրալիստական հոլովակներում մնում էր ցուցադրել աբորտի որեւէ մի զոհ, որից հետո կհնչեր դաշինքի հայտնի անդամի հայտարարությունը իշխանությունների պատճառով չծնված հայերի քանակի մասին: Նման օրինակները կարելի է շարունակել:

Քարոզարշավը բացահայտեց Հայաստանի քաղաքական կազմակերպությունների ինտելեկտուալ պաշարի քանակը, որակը եւ ճաշակը: Հասարակությանը չմատուցվեցին աշխարհայացքային սկզբունքների վրա հիմնված զարգացման ուղիներ, եւ այս իմաստով հասարակությունը ընտրություն չուներ: Մի ճշտում Ազգային ժողովի 99-ի ընտրությունները, ըստ էության, ավարտին հասցրին 88-ին սկսված քաղաքական ժամանակահատվածը: Համազգային խանդավառությունը, հեղափոխական պաթոսը, ռազմական հաղթանակները, դեմոկրատական «լեզվամտածողությունը» այլեւս չեն ազդում «սպառողի» վրա: Հին եւ նոր քաղաքական իմիջները եւ կապիտալները քաղաքական գործիչներին այլեւս չեն փրկելու: Նոր իրավիճակում քաղաքական ուժերը ստիպված են սկսել նոր խաղ: Իսկ հաղթող ուժը ընդամենը ստացել է carte blanche՝ իրավիճակը շտկելու համար: Կօգտվի՞ արդյոք դրանից հաղթող ուժը. միայն դրանից հետո կպարզվի՝ 99-ի խորհրդարանական ընտրություններում եղե՞լ է գոնե մեկ ուժ, որ հաղթել է:

ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031