Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիս 03,1999 00:00
atestacia

Կրթության եւ գիտության նախարարությունը մեր այն գերատեսչություններից է, ուր սովորաբար շունը տիրոջը չի ճանաչում։ Տարին մեկ գալիս է նոր նախարար եւ փորձում իր «թիմը» ստեղծել, խաղի իր կանոնները կիրառել։ Մինչեւ թվում է, թե ամեն ինչ տեղն է ընկնում, չարաբաստիկ տարին լրանում է։ Այդ պատճառով էլ նախարարության գործունեությունն անհետեւողական է, չկա ազգային (կամ պետական) կրթական նպատակասլաց քաղաքականություն (ավելի շատ զգացվում է Համաշխարհային բանկի վարած «քաղաքականությունը»), իրականացվող ծրագրերն անկապ են, հաճախ՝ բացասական արդյունքներով։

Համենայնդեպս, անժխտելի փաստ է, որ «պերմանենտ» հետընթաց է արձանագրվում թե՛ գիտության բնագավառում, թե՛ դպրոցական, թե՛ միջնակարգ մասնագիտական, թե՛ բուհական, թե՛ հետբուհական կրթական համակարգում։ Հայտարարվում է, թե ավագ դպրոցն արդեն մեռած է։ Պրոֆտեխուսումնարաններ արդեն գրեթե չկան։ Վերանում են գեղարվեստի, երաժշտական ուսումնարանները, մարզադպրոցները։ Ամեն պատի տակ թափված են սուտ ու փուչ վկայականներով ակադեմիկոսներ, դոկտորներ, պրոֆեսորներ։ Իսկ Գիտությունների ազգային ակադեմիան իր «ահռելի ներուժով» չի կարողանում Հայաստանի գիտության զարգացման մի գրագետ հայեցակարգ մշակել։ Ակադեմիական ինստիտուտները զբաղված են տարածքներ վարձով տալով ու վաճառելով։ Տեխնիկումներում, ուսումնարաններում եւ մանավանդ պետական բուհերում ծաղկում է կաշառակերությունը։ Մինչդեռ նախարարությունը զբաղված է ապատեղեկատվության տարածմամբ, հակասական հայտարարություններ անելով։

Փոխնախարարը կամ մեկ այլ պաշտոնյա մամուլով կամ հեռուստատեսությամբ ասում է մի բան, մի քանի օր անց նախարարը հերքում է այդ տեղեկությունը, բայց ամիսներ անց անում է փոխնախարարի (կամ այլ պաշտոնյայի) ասածը։ Ասում էին՝ դպրոցը մակարդակ չունի, բայց բուհական քննությունները մասամբ տարան դպրոց։ Բուհական քննությունները մասամբ տարան դպրոց, բայց բուհ չդիմող ամենաթույլ աշակերտներին էլ ենթարկեցին պետական այդ «խիստ» քննություններին։ Բուհ չդիմող ամենաթույլ աշակերտներին էլ ենթարկեցին այդ բուհական քննություններին, բայց ստուգման եւ գնահատման չափանիշները նախկինի համեմատ խստացվեցին։ Չափանիշները խստացվեցին, բայց քննությունների արդյունքները նախկինից ավելի բարձր ստացվեցին։ Քննությունների արդյունքները նախորդ տարիներից ավելի բարձր ստացվեցին, բայց քննության այդ ձեւից ԿԳՆ ղեկավարները դժգոհ մնացին (հայտարարվեց, մասնավորապես, որ մաթեմատիկայի քննությունը համատարած արտագրություն էր, թեստային եղանակն իրեն չի արդարացնում եւ այլն)։ Քննության այդ ձեւից ԿԳՆ ղեկավարությունը դժգոհ մնաց, բայց հայտարարվեց, թե քննությունները հաջող անցան։

Այս տարվա դպրոցի վերոհիշյալ քննությունները հայտարարվեցին «դպրոցի ավարտական եւ բուհի ընդունելության միացյալ քննություններ», որպեսզի դրանց թվանշաններն օգտագործվեն բուհի ընդունելության մրցույթում, այսինքն՝ վերացվեն բուհի ընդունելության քննությունները։ Անցյալ եւ նախանցյալ տարիների դպրոցական ավարտական քննությունները «միացյալի» կարգավիճակ չունեին, բայց դրանց թվանշաններն էլ կիրառելի համարվեցին այս տարվա բուհական ընդունելության մրցույթում։ Դրանով հայտարարվեց, որ մի շարք մասնագիտությունների գծով բուհ դիմողների համար ոչ միայն իրապես, այլեւ նույնիսկ անվանապես վերացվեցին հայոց լեզվի, նաեւ՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, օտար լեզվի, հայոց պատմության ընդունելության քննությունները։ Հայոց լեզվից ավարտական եւ բուհի ընդունելության քննություններից հանեցին ընդամենը վեց նախադասություն կազմելու առաջադրանքը՝ պատճառաբանելով, թե «ոչ թեստային» է, եւ ստուգման չափանիշները հստակ չեն։ Իսկ դպրոցի ութերորդ դասարանում թեստային քննությունը հանեցին եւ փոխադրության քննություն մտցրին՝ մոռանալով այդ պատճառաբանությունը։ Դեռ ավելին։ Փոխնախարարուհին մամլո ասուլիսում հայտարարեց, թե հաջորդ տարի դպրոցի 10-րդ դասարանի ավարտական պետական քննություն էլ կանցկացվի փոխադրության եղանակով՝ պատճառաբանելով, թե հայոց լեզվի թեստերը աշակերտները սերտում են, «անգիր են անում», եւ հայ գրականության ժամերն էլ են հատկացվում այդ նպատակին։ Տարօրինակ պատճառաբանություն եւ անտրամաբանական լուծում։

Հայոց լեզվի թեստերը աշակերտները սերտում են, քանի որ հայոց լեզվից բարձր մակարդակի (չենք ասում՝ անթերի) քննություններն արդեն ավանդույթ են դարձել։ Այս տարի էլ դպրոցի ավարտական քննություններից համեմատաբար լուրջը հայոց լեզվինն էր։ Ուրեմն, եթե ուզում ենք գրականություն սովորեցնել երեխաներին, ապա ոչ թե պետք է հայոց լեզվի քննությունը վերացնենք (որ գրականության դասերին հայոց լեզու չպարապեն) կամ փոխարինենք թեկուզ մեծ մասամբ գրականությամբ (փոխադրությամբ), այլ պետք է հայ գրականությունից լուրջ եւ խիստ քննություն (ցանկալի է՝ թեստային եղանակով) մտցնենք գոնե դպրոցում։ Նաեւ՝ կենսաբանությունից, աշխարհագրությունից եւ այլն, այլապես մեկ էլ դրանց ժամերին կսկսեն հայոց լեզու (կամ… գրականություն) սերտել… Իսկ ի՞նչ է նշանակում «հայոց լեզվի թեստեր սերտել» կամ «անգիր անել»։ Դա նշանակում է սովորել երկու-երեք հազար բառի ուղղագրություն, երկու-երկուսուկես հազար գրական (խոսակցական լեզվում չգործածվող) բառի իմաստ՝ համանիշային եւ հականիշային զուգորդություններով, մեկուկես-երկու հազար բառի կառուցվածք (այսինքն՝ բառակազմական հիմնական կաղապարները, հնչյունափոխության կարեւոր դեպքերը), խոնարհման եւ հոլովման բոլոր օրինաչափություններն ու բացառությունները, ձեւաբանության, շարահյուսության եւ կետադրության հիմնական կանոնները, խոսքակազմական եւ ոճական մի շարք հնարքներ եւ նրբություններ։ Սա գրեթե այն ամենն է, ինչ նախատեսված է «հայոց լեզու» առարկայի ծրագրով (դուրս են մնում գրաբարի, հայոց լեզվի, պատմության եւ տաղաչափության բաժինները)։ Նույնիսկ ուսուցիչներն ու դասախոսներն են նոր բաներ սովորում այս «սերտման» շնորհիվ (էլ չենք ասում՝ դիմորդների ծնողները, տատիկ-պապիկները եւ այլք)։

Փոխնախարարուհին ուզում է այս ամենը լցնել փոխադրության ճահիճը (իսկ նա փորձե՞ց ուսումնասիրել այս տարվա 8-րդ դասարանի փոխադրությամբ քննության խայտառակ արդյունքները)։ Փոխադրություն գրելու համար ոչինչ էլ պետք չի լինի սերտել (այսինքն՝ սովորել)։ Տառաճանաչությունը հերիք է։ Դրական գնահատական, այսպես թե այնպես, բոլորն էլ կստանան (ինչպես 8-րդ դասարանցիներն այս տարի)։ Բարձր գնահատական ստանալու համար հարկ կլինի քննության նախօրյակին «գնել» փոխադրության մեկ կամ մի քանի թեմաների մասին «հույժ գաղտնի» տեղեկությունը եւ կիրառել ծածկաթերթիկավորման (հազվադեպ՝ անգիր անելու) եղանակը։ Հակառակ դեպքում՝ ապրած կենան իրենց աշակերտներին ծնողի պես սիրող ուսուցիչները…

Գ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031