Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՅԼԱՐՇԱՎ՝ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՎ

Հուլիս 03,1999 00:00
qayl

Յուրաքանչյուր, հերթական ՀՀ կառավարության հրաժարականից հետո ժողովուրդը հիասթափություն է ապրում։ Ի՞նչ կարելի է սպասել զինվորական վարչապետից։ Կա՞ն արդյոք համապատասխան հնարավորություններ, որոնք կարդարացնեն սպասելիքները։ Որքանո՞վ են դրանք իրատեսական։ Մենք միշտ հպարտացել ենք մեր տաղանդներով։

Հայտնի է, որ յուրաքանչյուր ժողովրդի հարստությունը ոչ այնքան հումքային ռեսուրսներն են, որքան կադրային ներուժը։ Տարրական տրամաբանության տեսանկյունից նոր կազմավորված կառավարությունում ընդգրկված են լավագույն մասնագետները։ Մեզ՝ Հայաստանի շարքային քաղաքացիներիս, հետաքրքիր է, ինչ-որ տեղ ուսանելի է իմանալ, թե ինչ արդյունքներ են ակնկալվում կառավարության գործունեությունից։ Հարցը սպասվող դրական արդյունքների մասին չէ։ Իմ կարծիքով, յոթ կառավարությունների փորձով մենք արդեն իսկ համոզվել ենք, որ նախորդ կառավարությունների «դրական» գործունեությունն այն է եղել, որ պետությանն ու ժողովրդին «փրկել» են ավելի մեծ անախորժություններից։ Դրանք կարող էին առավել վատացնել պետության վիճակը եւ բնակչության առողջությունը։ Այնպես որ, նոր կառավարությունից մեր սպասումը միակն է՝ «որքանով նա կմեղմի հնարավոր ապագա աղետները»։

Մակրոտնտեսական ցուցանիշներում դա կարտացոլվի որպես բյուջեի ավելի փոքր դեֆիցիտ (քան սպասվածը)։ Ճիշտ այսպես Ա. Դարբինյանի կառավարությունը «հաջողությամբ» իրականացրեց հանրապետության տնտեսությունը առողջացնելու եւ կայունացնելու ֆունկցիան։ Արդյունքում աճեց բյուջեի դեֆիցիտը։ Արդեն կարելի է ասել, որ նոր կառավարությունը շարունակելու է հնի տնտեսական եւ կադրային քաղաքականությունը։ Դա պարզ դարձավ կառավարության ձեւավորումից (նախկին վարչապետը նշանակվեց էկոնոմիկայի նախարար)։ Մեր համբերատար ժողովրդի համար առավել «հաճելի» անակնկալ էր ֆինանսների նոր հին նախարարի նշանակումը։ Այդ պաշտոնում նշանակվեց, արդեն կարելի է ասել, անզուգական դիվանագետ Լեւոն Բարխուդարյանը։

Իհարկե ցավալի է, որ այդքան մեծ ֆինանսական նավի համար, որ սովոր էր Ատլանտյան օվկիանոսի կանադական նավահանգիստներին, նավարկություն է սպասվում Հայաստանի ներքին ջրերում։ Նա ստիպված է գոհանալ մեր Սեւան-ստոպոլով։ Թող որ ապագայում արժանի գրանցում ստանա, ասենք, Սեւաստոպոլյան նավահանգստում։ Դեռ քանի՞ անգամ կարելի է միավորել ու անջատել էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունները՝ այս տնտեսական ու ֆինանսական պայմաններում։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ միացում-անջատումն արվում է ոչ թե կոնկրետ սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծելու համար, այլ՝ կոնկրետ կադրային հարցերի։ Հիմա արդյունքների մասին, ավելի ճիշտ՝ մեր դեմոկրատիայի մի քանի թվաբանական տարրերի մասին։ Որեւէ մեկն ի վիճակի՞ է լինելու հաշվել, թե ժողովրդի կողմից անհունորեն սիրված քանի տղա է քայլել կառավարական միջանցքներով։ Ամենահամեստ հաշվարկներով այդ բախտին արժանացավ ողջ «հայրենասեր ոսկե երիտասարդությունը»։

Բոլորն էլ հասցրին այս կամ այն չափով ղեկավարել ու կարգադրել։ Ամենաբացասականն այն է, որ ձեւավորվել են պարբերաբար իրար փոխարինող կառավարության «համերաշխ» թիմեր։ Լուրջ բան չէ տարին մեկ կառավարություն փոխելը։ Տպավորություն է ստեղծվում, որ հանդիպած ամեն երկրորդ մարդուն կարելի է առաջարկել վարչապետի կամ նախարարի պաշտոն։ Արդյոք այդ պատճառով չէ՞ այդպես արագ արժեզրկվում ազգային դրամը։ Ինչ-որ բանի հետեւանքների մասին խոսելիս պետք է խոսել նաեւ պատճառների մասին։ Մեր կարծիքով, պատճառը մեկն է՝ անպատասխանատվությունը եւ անվերահսկելիությունը։

ՌՈԲԵՐՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Գործ» արհմիության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031