Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ «ՕԳՆՈՒԹՅԱՆ» ԳԻՆԸ

Հուլիս 03,1999 00:00
bnakaran

Բնակարանի առք ու վաճառքի գործարքի ձեւակերպումի հապճեպությունից հաճախ փաստաթղթային բացթողումներ ու անճշտություններ են լինում։ Եվ մարդիկ հայտնվում են իրավական անպաշտպան վիճակում։ Եվ այդ անպաշտպանությունից միշտ ինչ-որ մարդիկ օգտվում են։

Անվանի մաթեմատիկոս Արամ Սարիբեկյանի դուստրը՝ դաշնամուրի դասատու Մայա Սարիբեկյանը, դիմել էր խմբագրություն հետեւյալ բողոքով. «1989-ի օգոստոսին Կարապետյան 22 հասցեի տան համար վճարելով գումարի կեսը, ստացանք այդտեղ ապրելու իրավունք, եւ սեփականատեր Չինար Խալաթյանը խոստումներ տվեց, թե շուտով գրանցման հարցերն էլ կլուծվեն։ Շուտով մեզ Չ. Խալաթյանը հայտնեց, թե կարող են գրանցել միայն մեկ հոգու, իսկ ապրելու իրավունք կտրվի 3 հոգուն, միայն այն դեպքում, երբ մենք գնել էինք այդ տունը։ Գումարի երկրորդ կեսը պայմանավորվել էինք վճարել տնային գրքույկը եւ հատակագիծը մեր անունով գրանցելուց հետո։ 1989-ի սեպտեմբերի 8-ին տանտերերը ներկայացան, աղաչելով, որ գումարի երկրորդ կեսն իրենց շտապ պետք է՝ խոստանալով՝ ամեն ինչ անել գրանցման համար եւ գրեցին կիսագրագետ վկայություն-ստացական՝ գումարը ստանալու մասին։ Երկու տարվա քաշքշուկից հետո մի կերպ գրանցվեցին հայրս եւ մայրս, սակայն ո՛չ գրքույկը, ո՛չ էլ հատակագիծը մինչեւ օրս մեր անունով չեն ձեւակերպված։ Հորս մահից հետո Չ. Խալաթյանի որդին, ասում է, թե՝ ինքն իր ընտանիքով վարձով է բնակվում՝ մոր հետ յոլա չգնալու պատճառով, եւ այժմ ուզում է վերագնել իրենց տունը։ Համաձայնության եկանք, որ մեր տված գումարը վերադարձնելուց հետո միայն մենք կտեղափոխվենք։ Շուտով այդ տղան առաջարկեց գումարի փոխարեն մեզ տալ 3 սենյականոց բնակարան։ Հետո առաջարկը փոխվեց մինչեւ 1 սենյականոց բնակարանի, որից հետո մեր երեսին պարզապես ասաց՝ ինչի՞ համար պիտի փող տանք, եթե կարող ենք գլուխներդ ուտել, մեր տունը հետ վերցնել»։

Մայա Սարիբեկյանը պատմում էր, որ Չինար Խալաթյանը եւ որդին օրվա ցանկացած ժամի կարող են մտնել իրենց տուն, ջարդել ապակիները եւ պատերը, Մ. Սարիբեկյանի 80-ամյա հիվանդ մորը ծեծել, դույլով աղբ նետել տուն, հայհոյել… Մ. Սարիբեկյանի մայրը, որ շաքարախտով հիվանդ էր՝ հոգեկան ու ֆիզիկական այս սթրեսներից վիճակն ավելի է վատացել՝ մեկ օրում կուրացել է։ Մ. Սարիբեկյանը 10 տարի առաջ այդ տուն տեղափոխվելուց հետո նույն հարեւանների խնդրանքով 20 քմ տարածք է տվել՝ մուտք բացելու համար։ Եվ այդ 20 քմ հողատարածքի համար դարձյալ Մ. Սարիբեկյանն է այսքան ժամանակ վճարում. «Մեր պահանջը շատ ծիծաղելի մի բան է. մենք ուզում ենք այդ հարեւաններից առանձնացնող-անջատող մի պատի թույլտվություն ստանալ, որ այլեւս չներխուժեն մեր տուն։ Դեռեւս չենք խոսում մեր տան օրինականացման մասին, դա դատարանով, օրինական ձեւով հետագայում կարվի։ Այժմ ուզում ենք, որ մեր անդորրը չխանգարեն, մեզ հանգիստ թողնեն, որ այդ ծանր վիճակում ապրող կուրացած-հիվանդ մայրս իր մահով մահանա, ամեն օր նա սարսափի մեջ է՝ թե մի բան կանեն, ինձ կամ իրեն կվնասեն»։ Ի դեպ, ամիսներ առաջ Չինար Խալաթյանը մարմնական վնասներ էր հասցրել Մայա Սարիբեկյանին եւ նրա մորը։

Մաշտոցի շրջանի ժողդատարանը Չ. Խալաթյանի համար 6-ամսյա ուղղիչ-աշխատանքային պատիժ էր սահմանել, սակայն Չ. Խալաթյանը պատիժը չկրեց, համաներումով ազատվեց։ Դրանից հետո, Չ. Խալաթյանի հարվածներից Մ. Սարիբեկյանը ուղեղի ցնցումով հայտնվեց հիվանդանոցում։ Մինչեւ օրս այս քաշքշուկը շարունակվում է։ Մ. Սարիբեկյանին արդեն Մաշտոցի շրջանի միլիցիայությունում ճանաչում են. վերջին անգամ, երբ Մ. Սարիբեկյանը զանգահարել էր օգնության խնդրանքով, ոստիկանությունից պատասխանել էին. «Մինչեւ արյուն չթափվի՝ մեզ չզանգահարեք», հետո էլ թե՝ «արյուն թափվե՞լ է, բա որ չի թափվել՝ ինչո՞ւ եք զանգել»։ Ղուշչյանը էկրանից երկի՞ր է կառավարում Վերջերս Մայա Սարիբեկյանի տուն են ներխուժել «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողները եւ օպերատորը՝ ասելով, թե եկել են օգնելու։ Լրագրողների եւ տուն ներխուժած անծանոթ հարեւանների աղմուկից սարսափած, անկողնում պառկած 80-ամյա հիվանդ ու կույր մայրը սարսափից լաց լինելով գոչել է. «Մայա՛, քե՞զ են խփում…»։ «Արմենիայի» օպերատորն էլ սաստել է՝ «Մայրիկ ջան, սուս մնացեք, նկարահանում ենք…»։ Ապա լրագրողուհին նշելով հեռուստաընկերություն բողոք ներկայացրած Չ. Խալաթյանի անունը, Մ. Սարիբեկյանին, չգիտես ինչու, ասել է՝ «Հրաժարվեք խոսելուց, կարող եք չպատասխանել մեր հարցերին»։ Մ. Սարիբեկյանը զարմացել է. «Եթե եկել եք օգնելու, ինչո՞ւ չխոսեմ, կպատմեմ՝ ով ենք, ինչ ենք»։ 20 րոպե (հարեւանների ներկայությամբ) Մ. Սարիբեկյանը «Արմենիային» հարցազրույց է տվել։ Արդյունքում՝ «Արմենիայով» ցուցադրել են Մ. Սարիբեկյանի դեմքը՝ լուսանկարի տեսքով, առանց հարցազրույցի։

Դեպքերը ներկայացրել է Չինար Խալաթյանը, ըստ որի (նաեւ՝ ըստ «Արմենիայի» ներկայացրածի) Մ. Սարիբեկյանը անբարոյական մի կին է, որը զավթել է Չ. Խալաթյանենց տունը։ Ընդ որում, լրագրողները, բարեբախտաբար, Մ. Սարիբեկյանենց տանն էին մոռացել Չ. Խալաթյանի բողոքը՝ ուղղված Համլետ Ղուշչյանին։ Նամակն այսպես է սկսվում. «Հայաստանում ապրող արդարադատ ու խիղճ ունեցող պետական այրերին՝ հատկապես Համլետ Ղուշչյանին»։ Շոյող ու ազդեցիկ է, չէ՞։ Մարզական հաղորդավար Հ. Ղուշչյանը դարձել է «սուպեր» լրագրող (հարցեր լուծող)՝ շնորհիվ «Օրը» ծրագրի, ուր ծաղրածուի կեցվածքով («Ալլոո՜»-ներով) լուրջ հարցեր է լուծում, վիրահատությունների միջնորդություններ անում, ապա կես ժամ հրճվանքով շնորհակալական խոսքեր լսում… Ո՞ւմ հորինած նոր քաղաքականությունն է՝ էկրանից, հեռուստացույցով պետություն կառավարելը, պետական մարմիններին գովելով հարցեր լուծելը… Իսկ եթե այս մտավորական ընտանիքին վարկաբեկում են հանրապետությունով մեկ… Մ. Սարիբեկյանը գոյատեւում է շնորհիվ դաշնամուրի դասավանդումների, Ղուշչյանի պե՞տքն է…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հ. Գ. Երեկ մարզական լրագրողների միջազգային օրն էր, որի կապակցությամբ շնորհավորում ենք ֆիզկուլտուրնիկ Ղուշչյանին։

Հ. Հ. Գ. «Ալլո՜, եթերում զանգ կա…» («Ճառ ասեմ, թե զանգ կախեմ»՝ շարքից)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031