Պաշտոնական հաղորդագրության համաձայն, «ամփոփելով կառավարության նիստը, վարչապետ Վազգեն Սարգսյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց ՀՀ-ից ապրանքների արտահանման եւ ներմուծման ծավալների եւ կառուցվածքի վրա։ Նշվեց, որ արտահանման ծավալները շատ աննշան են ներմուծման ծավալների համեմատ»։
Վերջապես կառավարությանը հայտնի դարձավ այն, ինչ գիտեին բոլորը։ Նախորդ բոլոր կառավարությունները արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում ունեին իրենց թուլությունները։ Հրանտ Բագրատյանի կառավարությունն, օրինակ, մեծ ծավալներ ցույց տալու նպատակով հումանիտար օգնությունն էլ ներառում էր տնտեսական գործունեության ցուցանիշներում։ Վերջին կառավարությունները հպարտանում էին, որ արտաքին ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարի ծավալը։ Ոչ ոք չէր սիրում նկատել, որ դրանից արտահանումների ծավալը «շատ աննշան» է։ Արտահանում-ներմուծումը ուղիղ 1-ը՝ 4-ի հարաբերությունն ունի։ 800 մլն դոլարի ապրանք ենք ներմուծում, արտահանում՝ 200 մլն դոլարի։ Ներմուծվող ապրանքների մեջ հիմնականը սննդամթերքն է։ Ռուսական ժուռնալիստիկան կասեր՝ աշխատում ենք ունիտազի համար։ Իսկ արտահանումը նույնչափ անզուգական է՝ հիմնականում թանկարժեք քարեր ու մետաղներ։ Ապրանքներ, որոնք մշակվում են միասին մի քանի հարյուր աշխատակից ունեցող ձեռնարկություններում։ Ձեռնարկությունների մեծ մասը չի էլ երազում արտահանումների մասին։ Պատճառը նաեւ այն է, որ տարեցտարի կտրվում են կապերը մեր ավանդական գործընկերների հետ։
Պաշտոնական տեղեկատվությունը տաք-տաք արձանագրում է «Այս տարվա ընթացքում ապրանքների արտահանումը ԱՊՀ երկրներ նախորդ տարվա նույն ցուցանիշների համեմատ նվազել է 49,5%-ով»։ Այսպես արձանագրվել է նախորդ բոլոր տարիներին։ Պաշտոնապես, որպես մխիթարություն, միշտ գրվել է, թե արտահանումն այլ երկրներ աճել է։ Իսկ այլ երկիր մենք բացի ոսկուց ու ադամանդից, այլ բան արտահանել այդպես էլ չսովորեցինք։
Ա. Գ.