Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՈՒՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԼՌԵԼԸ ԵՎՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎ Է»

Հուլիս 03,1999 00:00
manushuk petrosyan

Շուրջ մեկուկես տարի է անցել Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնաթողությունից։ Նրա հետ հեռացած սակավաթիվ գործիչների շարքում է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, որն, ի տարբերություն մյուս հեռացածների, նախընտրեց լռել։

Այսպես՝ որովհետեւ քաղաքականություն ասվածը, տիկին Մանուշակի կարծիքով, ամենեւին էլ չի նշանակում՝ ստեղծել կուսակցություն, հանդես գալ թերթերի էջերում, գովաբանել կամ փնովել այս կամ այն կողմին. «Պարփակվելը եւ լռելը եւս քաղաքականության ձեւ է։ Շարժման 10-11 տարիներին, երեւի թե համաձայն կլինեք, իմ բոլոր հանդիպումները, ելույթները կապված են եղել բացառապես աշխատանքիս, գործունեությանս հետ։ Դա իմ սկզբունքն է»։

«Հայաստան» հիմնադրամից հեռանալուց հետո, ինչպես մեր զրույցում տիկին Մանուշակը մատուցեց, իր գործը շարունակելու, ասել է թե՝ շինարարությամբ զբաղվելու, սկզբունքային որոշում է կայացրել։ Այդ նպատակով էլ, մի խումբ համախոհների հետ, Մանուշակ Պետրոսյանը հիմնադրել է «Սպեկտրում» ընկերությունը, որի գործունեության առանցքը շինարարական գործի կազմակերպումն է։ Դեռեւս «Հայաստան» հիմնադրամից այդ փորձն ունենալով՝ համագործակցության դաշտ է ստեղծվել լավագույն մասնագետների հետ՝ լինի ճանապարհաշինության, քաղաքացիական կառույցների, թե որեւէ այլ բնագավառում։ «Սպեկտրումի» շահույթների մասին տիկին Մանուշակը դժվարացավ խոսել այն պատճառաբանությամբ, որ սկզբնական շրջանում հավելյալ ծախսերի կարիք է եղել (համակարգիչներ, գրասենյակ եւ այլն), թեպետ իրենք բարեխղճորեն հարկերը միշտ էլ մուծել են. «Այսօր ունենք տարբեր ընթացիկ ծրագրեր։ Շինարարություն ենք իրականացնում աղետի գոտում, Գյումրիում, Ստեփանավանում (խոսքն անավարտ շինարարական կառույցների մասին է)։ Հաջորդ շաբաթ Համաշխարհային բանկի ծրագրով սկսում ենք «Արզաքան» ջրատարի մեկ մասի շինարարությունը»։

Մասնավոր անձանցից եւ անհատներից նույնպես «Սպեկտրումը» պատվերներ ստանում է, որի առաջին գործն է եղել «Լեւոն Թրավլ» եւ KLM գործակալությունների երեւանյան գրասենյակներում շինարարական աշխատանքներն իրականացնելը։ Բացի մասնավոր ծրագրերից, մյուս բոլոր դեպքերում, Մանուշակ Պետրոսյանի գլխավորած 5 հոգիանոց «Սպեկտրում» ընկերությունն իր գործունեության դաշտն ապահովում է մրցույթներին մասնակցելով. -Մենք պատրաստվում ենք մոտ ժամանակներս մասնակցել մի քանի մրցույթի, որոնք կազմակերպում են, ասենք, Հայկական ատոմակայանը, Կենտրոնական բանկը եւ այլ կազմակերպություններ։ Բնական է, չէ՞, որ տիկին Մանուշակի հետ զրուցելու պատեհությունն ունենալով, պիտի անդրադառնայինք նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամում իր հեռանալուց հետո ստեղծված իրավիճակին։ Տիկին Մանուշակն ասաց, թե հիմնադրամի աշխատակազմը մասնագիտացած անձանց խումբ է, որն «այսօր շատ բնականոն, նորմալ մթնոլորտում է աշխատում, ինչպես եղել է մինչեւ 1998-ի փետրվարը։ Կարեւորը դա է։ Իսկ ցանկացած կառույցում, ուր ղեկավարների փոփոխություններ են լինում, որոշ ցնցումները բնական են»։ Մեր զրուցակիցը նշեց, թե ուրախությամբ է արձանագրում, որ անորոշության այդ փուլը կարճ տեւեց։ Այժմ աշխատակազմը պիտի փորձի կատարելագործել եղածը, ինչը բնականորեն առաջընթացի գրավականն է։

-Այդ, որ ցնցումային փուլ էիք ասում, Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած ժամանակահատվածը նկատի ունե՞ք։

-Վահան Ղեւոնդյանի նշանակվելուց հետո, անցյալ տարվա աշնանից, այդ ցնցումային մթնոլորտը վերացավ եւ հիմա այնտեղ շատ նորմալ աշխատանքային պրոցես է ընթանում։

Իսկ ինչ վերաբերում է անուններին, տիկին Մանուշակը տվյալ դեպքում որոշեց հետեւել Ալիսայի՝ «Հրաշքների աշխարհում» ցույց տված օրինակին՝ չանցնել անունների, այլ խոսել պրոցեսի շուրջ. «Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեության շրջանի մասին ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ առհասարակ տեսակետ եմ հայտնում այն մարդկանց գործերի մասին, որոնց կատարածը տեսնում եմ»։ Տիկին Մանուշակից տեղեկացանք նաեւ, որ նրա ամուսինը՝ ժամանակին Հայաստանի գիտության եւ կրթության նախարար Արտաշես Պետրոսյանը, հեռացել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնից եւս ու հիմա անհրաժեշտ ձեւակերպումներն է կատարում, որպեսզի Մոսկվայի աստղագիտական խորհրդում պաշտպանի դեռեւս 10 տարի առաջ գրված դոկտորական իր թեզը։ Տիկին Մանուշակից տեղեկացանք նաեւ, որ նա շաբաթն առնվազն մեկ-երկու անգամ այցելում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա ընտանիքին։

-Բազմիցս էլ նա է մեր հյուրը եղել Բյուրականում։ Հիմա արդեն կարող է իրեն թույլ տալ այդպիսի ժամանց, այլեւս այնքան ծանրաբեռնված չէ, որքան նախորդ 10 տարիներին։

Ըստ էության, իրենց խոսակցությունն ամեն ինչի մասին է, ի բացառյալ ներհայաստանյան քաղաքական ընթացքների։ Տիկին Մանուշակի վկայությամբ, այդպիսին է Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը. «Համարում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն քաղաքական գործիչն է։ Միայն մեծ գործիչներն են, որ կարողանում են քաղաքական ընթացքների մեջ պաուզա վերցնել։ Իր որոշելիքն է՝ երբ խոսի եւ ինչ»։ Իսկ Մանուշակ Պետրոսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան խոսակցությունների հիմնական առանցքը վերջինիս կողմից ընթերցվող քաղաքական եւ քաղաքագիտական գրքերն են։ Հարցին էլ, թե արդյոք ձեզ առաջարկվե՞լ է աշխատել ԼՂՀ վարչապետ, տիկին Մանուշակը պատասխանեց. «Զարմանալի չէր լինի, եթե նման առաջարկ արվեր։ Սակայն դրա մասին առաջին անգամ եմ լսում։ Չէի ցանկանա այդ թեմայով խոսել, որովհետեւ իմ աշխատանքը սիրում եմ»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031