ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանին խնդրեցինք ճշտել, թե արդյոք իրոք կառավարությունը մտադի՞ր է վերանայել ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի սակագները եւ անցնել գազաջեռուցման։ Վարդան Խաչատրյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս տեղեկությունը, այլ միայն ասաց. «Ես մի բան գիտեմ, որ բնակարանների գազաջեռուցումը մի քանի անգամ ավելի էժան է էլեկտրաէներգիայով ջեռուցումից։ Եվ մի քանի անգամ ավելի հեշտ էր գազիֆիկացիայի անցնելը։ Բայց նախընտրեցին էլեկտրաէներգիան՝ միայն այն պատճառով, որ այն դժվար է ֆիքսել, կորուստները միշտ հնարավոր է ավելի շատ ցույց տալ, գումարներն ավելի մեծ են, քան գազիֆիկացիայի դեպքում։
Առավել եւս՝ բնակչության անապահով խավի համար ֆինանսական եւ կենցաղային լուրջ խնդիր կլուծվի, եթե վերականգնենք գազաջեռուցումը։ Այն գումարը, որ վճարում են մեկ ամսվա էլեկտրաէներգիայի արժեքի համար, կբավականացներ ամբողջ տարվա ե՛ւ ջեռուցման, ե՛ւ տաք ջրի համար եւ այլն։ Իսկ էլեկտրաէներգիան պետք կգա միայն լուսավորությունն ապահովելու համար եւ ծախսն այնքան մեծ չի լինի։ Իմ կարծիքով, մտածված չեն վերականգնել գազաջեռուցումը, բայց հույս ունեմ, որ այս կառավարությունը կիրականացնի դա»։
Հույսն, ասում են, վերջում է մեռնում։ Եվ, այնուամենայնիվ, տխուր է, որ 20-րդ դարի ավարտին Հայաստանի պաշտոնյաները ստիպված են դարձյալ ապացուցել մնացած աշխարհի համար վաղո՜ւց լույսի պես պարզ ճշմարտությունները։
Ա. Ի.