Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հըբը Սահմանադրության դրակա՞նը»

Հուլիս 03,1999 00:00
sahmanadrutyun

Մինչ երեկ սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը պատրաստվում էր ներկայացնել իր զեկույցը՝ «ՀՀ Սահմանադրության ընդունման 4 տարին» թեմայով, «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը հայտարարեց. «Հայաստանում լրջորեն վտանգված է սահմանադրական կարգը»։ Դա ամենեւին չխանգարեց պրն Պողոսյանին սեմինարին մասնակից «Սահմանադրության հայրերին» հանգամանալից եւ երկար ներկայացնել 95 թվականին ընդունված Սահմանադրության ոչ լեգիտիմությունը։ Թեեւ ինքը՝ պրն Պողոսյանը, 95-ին Հայաստանում չի եղել, բայց ըստ նրան հասած լուրերի՝ գործող Սահմանադրությունը չի արժանացել ժողովրդի մեծամասնության հավանությանը, Սահմանադրության տեքստի տակ պետության ղեկավարի ստորագրությունը չկա, այն չի հրապարակվել պաշտոնական տեղեկագրում։

Ըստ գործող Սահմանադրության՝ սահմանադրական փոփոխություններ կարող են կատարել նախագահն ու ԱԺ-ն։ Նոր ԱԺ-ն արդեն հայտարարել է դա անելու իր պատրաստակամության մասին։ Երկար ժամանակ Բոննում գտնվելով եւ իր գիտական թեզի վրա աշխատող պրն Պողոսյանը 10 կետով ներկայացրեց Սահմանադրության հիմնական վիճահարույց կետերը։ Սակայն սեմինարի մասնակից քաղաքական ուժերը (ընտրությունները բոյկոտած կուսակցությունները) ոչ միայն համաձայն չէին զեկուցողի բերած փաստարկներին (Արա Սահակյանը նույնիսկ նկատեց, որ ինքը ոչ լեգիտիմ փաստաթղթի քննարկմանը չէր գա), այլեւ համոզված էին, որ այս Սահմանադրությունը «լրջագույն հաջողություն է»։ Աշխարհում լավագույն Սահմանադրության էտալոն չկա։ Իսկ 95-ին ընդունված Սահմանադրությունը իշխանությունների միջեւ կոնֆլիկտները «փողոց չհանեց»։

Արա Սահակյանը որպես գաղտնիք հայտնեց, որ «Հանրապետության ոչ մի նախագահ իր ձեռքով այս Սահմանադրությունը չի փոխի։ Եթե փոխի, ուրեմն դա իր կամքին հակառակ է»։ Իսկ թե հասարակական ո՞ր պատվերից ելնելով են ուզում փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, նոր իշխանությունները դեռ պիտի ապացուցեն։

Վիգեն Խաչատրյանն էլ գովեց հանրապետության հիմնական օրենքը՝ նշելով, թե սրանով նոր վերջ դրվեց խորհրդային կարգերին։ Սեմինարի մյուս մասնակիցներն էլ գտնում էին, որ այս Սահմանադրությանը կպչել չի կարելի։ Անկախ այդ ցանկություններից՝ աշնանը Սահմանադրության փոփոխությունները կդրվեն հանրաքվեի։ Չենք բացառում, որ սեմինարի մասնակիցները հանրաքվեն էլ բոյկոտեն։ Սահմանադրությամբ դա չի արգելվում։

Լ. Ա.

Հ. Գ. Սեմինարը նախաձեռնել էին Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամն ու «Համաձայնություն» իրավական եւ քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031