Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՒ ԵՆ ԱՅՍՔԱՆ ԱՆՄԵՂ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ, ՆՈՐԻԿ ԱՅՎԱԶՅԱՆՆ ՈՒ ՄՅՈՒՍՆԵՐԸ

Հուլիս 03,1999 00:00
oragir

Հանրապետության որոշ պաշտոնյաներ թյուրիմացաբար կարծում են, թե իրենց մութ անցյալի, ապօրինի գործարքների, կաշառակերության կամ անլուրջ համբավի մեղավորները մամուլում դրանք արձանագրող ժուռնալիստներն են։ Նման թյուրիմացության մեջ են նաեւ «Օրագրին» դատի տված Արտաշես Գեղամյանը, Նորիկ Այվազյանը, կամ, ասենք, դատական ակտերի մի հարկադիր կատարող։ Դատախազությունն այդ թյուրիմացությունը հարթելու միակ միջոցը համարում է իր մասնագիտական պարտքը կատարած լրագրողին քրեական պատասխանատվության կանչելը։ Իսկ թերթի բերված փաստերը ստուգելը դատախազության անմիջական պարտականությունների մեջ (գոնե այս դեպքում) չի մտնում։

Երբ «Օրագիրը» դատախազություն է ներկայացնում փաստեր «Միկա Արմենիայի» կնքած կեղծ պայմանագրի վերաբերյալ, խնդրում, որ փորձաքննություն նշանակվի, գործը շուռ է գալիս հենց «Օրագրի» դեմ։ Այն դեպքում՝ երբ նույն ձեռնարկության վերաբերյալ կա 2 փաստաթուղթ՝ նույն մարդու ազգանունով, բայց տարբեր կնիքներով ու ստորագրություններով։ Երբ ասվում է, որ «Երեւան» հյուրանոցը գնվում է համապատասխան կլանի կողմից, «AMF» ՍՊԸ-ի կանոնադրության մեջ նշված է, որ ՍՊԸ-ի հիմնադիրները Սերժ Սարգսյանի մորաքրոջ 2 տղաներն են, Միավորված բանկի նախագահ Հովսեփ Գալստյանը (մաքսային հարկերը, տուրքերը մտնում են միայն Միավորված բանկ), դատարանը դարձյալ թերթի ապացույցները չի ընդունում։ «Օրագիրը» գրում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Նորիկ Այվազյանի որդու անմիջական մասնակցությամբ ծեծկռտուքի մասին։ Այդ որդին՝ աչքերի տակ կապտուկներով, ներկայանում է «Օրագիր» եւ պահանջում հերքել ոչ թե իր հոր կաշառակեր կամ «Չուգուն» լինելու մասին լուրերը, այլ այն, որ իրեն ոչ ոք չի ծեծել, իսկ աչքերի տակ կապույտ չէ։ Դատարանի համար այս եւ այլ ապացույցները եւս հիմք չեն։

Թերթը գրում է Արտաշես Գեղամյանի տիկնոջ հանրապետությունից ապօրինի ոսկեղեն դուրս տանելու մասին, դա ապացուցում են մաքսային վարչության նախկին պետի տեղակալը եւ օդանավակայանի մաքսատան նախկին պետը, բայց նախաքննությանը սույն փաստը չի հետաքրքրում։ Երբ թերթին դատի են տալիս հարկադիր կատարողին (պետական պաշտոնյային) վիրավորելու պատճառով, չեն հետաքրքրվում, թե ինչ պարագայում է Նիկոլ Փաշինյանը նրան իր վարքագծին եւ կեցվածքին համարժեք կենդանու անունով դիմել։ Առհասարակ, դատական ակտերի հարկադիր կատարողները տեղյակ չեն, որ անծանոթ մարդկանց հետ պետք է խոսել «Դուք»-ով, եւ ոչ թե «արա»-յով։ Բայց անդաստիարակությունը մեր քրեական օրենսգրքով դատապարտելի երեւույթ չէ։

«Օրագրի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է ներկայացվել Քր. օր.-ի 4 հոդվածներով, որոնցով նախատեսված է 0-ից 5 տարի պատիժ։ Ինչ վերաբերում է «Միկա Արմենիայի» 25 հազար դոլար փոխհատուցմանը, «Օրագիրը» այդ գումարը փաստացի չունի։ Օրենքով նախատեսված է, որ այդ գումարը պիտի վճարվի գույքի բռնագանձման ձեւով։ Եթե պարտապանն ունի գույք, դա առգրավվում է, վաճառվում է եւդա վճարվում է ստացված գումարներից։ Օրենքում գրված է, որ եթե պարտապանը չունի գույք կամ նրա գույքը բավարար չէ այդ գումարը փակելու համար, պետք է նրա եկամուտներից եւ այլ միջոցներից գանձումներ կատարել։

Պարտապանի եկամուտներից հօգուտ պահանջատերի՝ պահումներ արվում են պարտադիր հարկերի ու տուրքերի, պարտադիր այլ վճարումների պահումից հետո մնացած գումարով։ Այսինքն, օրենքը նախանշել է, որ տվյալ դեպքում «Օրագիրը»՝ չունենալով 25000 դոլար, պետք է որոշակի ժամանակի ընթացքում կարողանա փակել այդ գումարը։ Այն բանավոր զրույցները, թե «Օրագրին» կհատկացվեն կոմպյուտերներ կամ «երկրային այլ բարիքներ», պրն Փաշինյանի հետ համաձայնեցված չեն։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իր եւ իր խմբագրած թերթի սկզբունքը ընկածին չխփելն է, եւ, վաղը-մյուս օրը, թերթը պատրաստ է պաշտպանել նաեւ Սերժ Սարգսյանին, «երբ այսօրվա արածների համար նրա դեմ քրեական գործ հարուցվի»։

Թերթի տպագրման կապակցությամբ պրն Փաշինյանը գրավոր դիմել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանին, որն էլ գրավոր պատասխանել է, թե թերթի տպագրման հարցում արդարադատության նախարարությունը որեւէ խոչընդոտ չի տեսնում։ Այդ փաստաթղթի հիման վրա թերթի խմբագրակազմը պատրաստել է հերթական համարը, բայց նույն Անատոլի Ավագյանը գրություն է ուղարկել «Տիգրան Մեծ» հրատարակչության տպարան, որ թերթը տպագրելու համար փոխանցված գումարները տպարանը պարտավոր է ուղարկել պետական գանձարան։ Որը, մեր ազնիվ պետական այրերի ազգանվեր եւ մտածված գործողությունների հետեւանքով, դատարկ է։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031