Բոլշեւիկյան սկզբունքայնություն դրսեւորեց մեր գործընկերների մի մասը, երբ իմացավ, որ պրն Հակոբյանը նշանակվեց կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Այդ երկրորդական նշանակմանը տալով դարակազմիկ նշանակություն, նրանք դա համարեցին ՀՀՇ-ի դիրքերի ամրացում: Հավանաբար, այդ մեկնաբանները կողմ էին 90-98 թվականներին վարվող կադրային քաղաքականությանը, երբ գործնականում բացառված էր, որ, ասենք, որեւէ դաշնակցական նշանակվի նույնիսկ երկրորդական մի պաշտոնի: Բայց գուցե եկել է այն ժամանակը, երբ կարեւոր չէ, թե ինչ գույնի է կատուն՝ միայն թե կարողանա մուկ բռնել:
Տիգրան Նաղդալյանը
Հենց որ ներքաղաքական կյանքում ինչ-ինչ տեղաշարժեր են կատարվում, զանազան հավակնորդներ սկսում են «ֆռալ» պետական հեռուստատեսության տնօրենի պաշտոնի վրա: Չի կարելի ասել, որ առաջին ալիքի անվերջանալի փոփոխությունները բարերար ազդեցություն են թողել այդ հեռուստատեսության որակի վրա: Անկախ ՀԱՀ-ի այսօրվա ստեղծագործական թերություններից եւ, երբեմն, բացահայտ ու կոպիտ քարոզչությունից, նոր ցնցումներն այդ համակարգի համար կարող են աղետալի լինել: Ինչպես եւ բոլոր մնացած բնագավառներում, միայն կայունությունն է կարող բերել առաջընթացի:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը
«Օրագիր» թերթը շարունակում է հետապնդվել իշխանության կողմից, որը ակնհայտորեն խոչընդոտում է այդ թերթի լույսընծայմանը: Հետաքրքիր է, որ դրա դեմ ոչ մի այլ թերթ, բացի «Առավոտից», չի բողոքում: Երեւի, վստահ են, որ իրենց հետ դա այլեւս երբեք տեղի չի ունենա: Իհարկե, վաղ թե ուշ «Օրագիրը» կվերահրատարակվի: Մնում է ցանկանալ, որ բացվելուց հետո այդ թերթը նորից չմխրճվի միջիշխանական խաղերի եւ խարդավանքների մեջ եւ վերստին դրանց զոհը չդառնա: Լրագրող՝ nicht պոլիտիկա, մանավանդ, երբ դա մանրապճեղ հայաստանյան «պոլիտիկա» է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ