Շուրջ կես տարի է՝ հանրապետության իրավական կյանքը ծաղկում եւ բարգավաճում է դատական համակարգի բարեփոխված տարբերակով։ Ամեն մի բարեփոխում, որքան էլ օբյեկտիվ, բայց զուրկ չէ նաեւ սուբյեկտիվ կողմերից։ Մեր երկրի դատական համակարգի բարեփոխումները օբյեկտիվ են այնքանով, որքանով օբյեկտիվ են դրանց հեղինակները։ Մեր հասարակությունը, նույնիսկ դատական համակարգն ինքը, չի հասցրել ամբողջովին ընկալել դատապաշտպանի ինստիտուտի կարեւորությունը։
Երեկ «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում փաստաբան Տիգրան Ջանոյանի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Նպատակը, ինչպես նշվեց, լրագրող-փաստաբան կապն առավել պրոֆեսիոնալ հարթության վրա տեղափոխելն էր։ Փաստաբան Տիգրան Ջանոյանը խոսելով իրեն առաջարկված թեմայով, չմոռացավ օրինակներ բերել նաեւ այս օրերին «Օրագիր» թերթի անվան շուրջ պտտվող դատական քաշքշուկի պատմությունից։ Մասնագիտական համերաշխությանը չդավաճանելով, մանավանդ, հասկանալով, որ հանրապետությունում որեւէ լրատվամիջոց չի կարող ապահովված զգալ իրեն եւ վստահ լինել, թե վաղն իր գլխին չի պայթի «Օրագրի» պատմությունը, նման մի պատմություն, հարմար գտանք ներկայացնել միայն այս թերթի շուրջ ներկայացված տեսակետները։ Պատասխանելով «Առավոտի» հարցին, պրն Ջանոյանն ասաց, որ ոչ բոլոր թերթերն են նման վտանգի առաջ, եւ ինքը կարող է մեկ առ մեկ թվել այն լրատվամիջոցները, որոնց չի սպառնում նմանատիպ պատմության մեջ հայտնվելը (սակայն, պրն Ջանոյանն այդպես էլ այդ լրատվամիջոցների անունները չնշեց)։
Իսկ այն «լրատվամիջոցները, որոնք սկզբունքային առաքելություն են իրականացնում, ապահովագրված չեն»։ Տիգրան Ջանոյանի կարծիքով, «լրատվամիջոցները բաժանվում են «պրոկառավարականի եւ ոչ կառավարականի», սակայն բոլորը պետք է լինեն պրոհասարակական, բոլորի մտահոգության եւ գործունեության հիմքում հասարակության շահը պետք է լինի»։
Այնուամենայնիվ, հանդիպման մյուս նպատակը, որը հնչեց որպես առաջարկ՝ հետեւյալն էր. «Ստեղծված իրավիճակը մեզ հանգեցրեց այն մտքին, որ ժամանակն է մամուլի եւ լրատվության միջոցների ներկայացուցիչները համագործակցեն պաշտպանական կողմի հետ, փաստաբանության ինստիտուտի հետ եւ եթե անհրաժեշտություն կա, ստեղծել մի հասարակական կենտրոն, մի համատեղ կառույց, փոխադարձ պաշտպանվածության, օժանդակության համար»։ Տիգրան Ջանոյանի կարծիքով, մենք ունենք փայլուն լրագրողներ, որոնք դատարանի դահլիճում իրենց հրաշալի են պահում. «Շատ նուրբ են ընկալում, թե լրագրողը դատարանի դահլիճում ի՞նչ հանգամանքներ պետք է տեսնի ու լսի»։
ՀՀ-ում Սահմանադրությամբ երաշխավորված է մամուլի եւ խոսքի ազատությունը։ Սակայն այս ազատությունները Սահմանադրական պահանջի տեսանկյունից այլ շրջանակում են, գործող օրենքի տեսանկյունից՝ այլ, իսկ դատական գործընթացներում՝ բոլորովին այլ։ Սա խիստ մտահոգիչ է։ Խոսքի ազատության իրավունքի արհեստական նեղացումն ապացուցելու համար իբրեւ օրինակ բերվեց «Օրագիր» օրաթերթի նկատմամբ Կենտրոն-Նորք-Մարաշ «Առաջին ատյանի դատարանի քննած քաղաքացիական գործը՝ մեղադրանքով հիշատակված անձանց կողմից ներկայացված պահանջով, այդ նույն առարկայով կատարել վճիռ պատվի եւ արժանապատվության պաշտպանության հարցով։ Նույն առարկայով անձն այսօր կանչվել է քրեական պատասխանատվության։ Ուրեմն մենք ունենք հետեւյալ պատկերը, երբ գլխավոր խմբագիրը երկու անգամ ենթարկվել է պատասխանատվության։ Մեկը՝ քաղաքացիաիրավական եւ մյուսը՝ քրեաիրավական»։
Տիգրան Ջանոյանի եզրակացությունը միանշանակ էր. լրատվության միջոցները լուրջ պաշտպանության կարիք ունեն, փաստորեն, «Օրագրի» դեպքում առաջին անգամ քաղաքական շարժառիթներով լրատվամիջոցի փակում է տեղի ունեցել եւ այդ նույն շարժառիթներով թերթի գլխավոր խմբագիրը կանչվել է քրեական պատասխանատվության։ Եթե նա կալանավորվեր, ապա մենք կարձանագրեինք Հայաստանում կլասիկ քաղբանտարկյալ։ Բայց առայժմ «Օրագրի» խմբագիրը քաղաքական հետապնդվող է, կապված իր մասնագիտական աշխատանքի կազմակերպման հետ»։
Վերոհիշյալ հարցերը զուտ մամուլի խնդիր լինելուց բացի, հասարակական անվտանգության խնդիրներ են, քանի որ մինչեւ այսօր հանրապետությունում չեն ձեւավորվել հասարակական անվտանգության լուրջ մեխանիզմներ։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ