ՆԳ եւ ԱԱ նախարարության տարանջատման նախաձեռնությամբ նախորդ ԱԺ-ում «Հայրենիք» խումբն էր հանդես եկել եւ կատաղի դիմադրության արժանացել։ Այժմ, երբ թերեւս իրենց ներկայացրածից տարբեր դրդապատճառներով, բայց այդ նախաձեռնությունն իրականացվեց՝ ինչպե՞ս է կատարվածը գնահատում Էդվարդ Եգորյանը։ «Առավոտի» այս հարցին նա պատասխանեց. «Կարեւորը փաստն է, որ դա իրականացվեց։ Ես դա ճիշտ եւ ողջունելի քայլ եմ համարում։ Ինձ համար նշանակություն չունի, թե ինչ դրդապատճառներ գործեցին։ Եթե անգամ ինտրիգներից ելնելով դա արվեց, միեւնույն է, արդյունքը բավարար է եւ հիմնավոր»։
ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
Հուլիսի 1-ից ԱԺ գործերի նոր կառավարիչ է նշանակվել՝ Հ. Կարապետյանը։ Ժամանակին նա եղել է ՀԿԿ Կենտկոմի գործերի կառավարիչը, իսկ մինչեւ վերջերս գործերի կառավարիչ էր արտգործնախարարությունում։ Նա իրականացնելու է նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պարտականությունները։
Կարդացեք նաև
ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՄԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑԻՆ
Այս տարվա հուլիսի 1-ը ԽՍՀՄ անձնագրերը Հայաստանի Հանրապետության անձնագրերով փոխարինելու վերջին ժամկետն էր։ Սակայն հենց հուլիսի 1-ին ՀՀ կառավարության նիստում որոշվեց սահմանված ժամկետը երկարաձգել մինչեւ 2000 թվականի հուլիսի 1-ը։ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր այս ընթացքում միջոց եւ ժամանակ չեն գտել ՀՀ անձնագիր ստանալու, մեկ տարի եւս կարող են շարունակել միջոցների եւ ժամանակի որոնումները։ Չի բացառվում, որ մեկ տարի անց էլ որոշ ՀՀ քաղաքացիներ հասցրած չեն լինի նոր անձնագիր ստանալ, եւ կառավարությունը եկող տարի եւս ժամկետը երկարաձգելու որոշում կկայացնի։