Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐ ԿԱՄՔԸ ԹԵԼԱԴՐԵԼ

Հուլիս 02,1999 00:00
dat

Վերջապես երեկ, ժ. 13.25-ին շարունակվեց Արման Դանգոյանցի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նախագահող դատավոր Տ. Սահակյանը ներողություն խնդրեց նիստն ուշ սկսելու համար (նիստերի դահլիճի հերթ էր – Ռ.Մ.)։ Նախագահող դատավորը հարցրեց ամբաստանյալին, թե տեղյա՞կ է գործի նյութերում առկա իր բացատրությունների մասին (քննիչ Մաթեւոսյանին որպես վկա տված)։ Ամբաստանյալն ասաց, որ ինքը սպանություն չի կատարել եւ այդ հարցին էլ չի ցանկանում պատասխանել։ Ամբաստանյալի փաստաբան Ռ. Սահակյանն առարկեց դատավորի գործելակերպը. «Հարց եք տալիս ապացույցի՞ շուրջ» եւ հիշեցրեց, որ նախորդ նիստում դատարանը որոշում էր կայացրել հրապարակել հեռախոսային մի գաղտնի խոսակցության սղագրությունը։ Նախագահող Տ. Սահակյանը հայտնեց, որ նախորդ նիստում «ամբաստանյալի կողմից աղմկելու պատճառով հնարավոր չի եղել ընթերցելու միջոցով հրապարակել այդ նյութերը», այդ պատճառով ինքը դիմեց հարցի միջոցով ամբաստանյալին։ Ռուբիկ Սահակյանը բացարկ հայտնեց (այս էլ որերո՜րդ – Ռ. Մ.) նախագահող դատավոր Տիգրան Սահակյանին, պատճառաբանելով իր բացարկի «արդարացիությունը», ասաց, որ ամբաստանյալը չի կարող իր կամքը թելադրել դատարանին, իսկ նախագահողն էլ պարտավոր է հարգանքով վերաբերվել կոլեգիալ կարգով ընդունված որոշմանը, անցնելով մեկ այլ դատավարական գործունեության։

«Ես պրոֆեսիոնալ իրավաբան եմ եւ գիտեմ, թե ինչ նպատակներով է առաջնորդվում նախագահողը։ Նա փորձում է փաստաթղթերի հրապարակումը փոխարինել հրապարակման ենթակա (տվյալ դեպքում՝ որոշմամբ վավերացված – Ռ. Մ.) փաստաթղթերի պարզաբանմամբ, ամբաստանյալին հարցեր տալու միջոցով»։ Սահակյանների հավերժական այս վեճին ոչ վերջ կա, ոչ սկիզբ։ Այն ավարտվեց նրանով, որ Ռ. Սահակյանը «սպառնաց» Տիգրան Սահակյանին, թե իր այս բացարկով ինքը «ծուղակի մեջ գցեց» նախագահողին («Իմ չափսի ծուղակ հնարավո՞ր է» – «արդարացավ» դատավորը – Ռ. Մ.)։ Փաստաբանը մեղադրեց Տ. Սահակյանին, որ նա կաշկանդված է իր գործողություններում, ինչը պայմանավորված է նրանով, որ սույն գործը քննել է հանրապետության ներկայիս գլխավոր դատախազը, «որը ըստ գործին կցված հեռախոսային գաղտնի սղագրման տեքստի՝ փորձել է ճնշում գործադրել նախագահողի վրա»։

Ի դեպ, երեսով տալով առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Սիմոնյանի գործելակերպը, որը, ըստ փաստաբանի, առանց սղագրության, առանց ապացույցների «օգտագործել» է դրանք որպես Արման Դանգոյանցին «մեղսագրված հիմնական ապացույցներ»։ Գրեթե նույն սցենարն էր։ Նույն բովանդակության բացարկները եւ նույն բովանդակության Վերաքննիչ դատարանի դատավոր Տ. Սահակյանի պատասխանները. «Ես ընդամենը դատավարական կարգի համաձայն եմ վարում դատը։ Նորից շոշափվեց ներկայիս գլխավոր դատախազի կողմից որպես քննիչ այս գործը վարելու հանգամանքը, ես նրա հետ չեմ զրուցել այս գործի վերաբերյալ»։

Հիմա էլ փաստաբանը հայտարարեց, թե «հանում» է միջնորդությունը, այն «գիտակցումով, թե բացարկը մերժվելու է»։ Նախագահող դատավորը հարցրեց. «Դուք տեղյա՞կ եք, որ ձայնագրություն է եղել»։

– Նման փաստաթղթից տեղյակ չեմ։ Ավելին, ամբաստանյալը սպառնաց, թե գաղտնի ձայնագրության սղագրությունը հրապարակվելու դեպքում ինքը չի մասնակցի, «կհեռանա» դահլիճից «որովհետեւ օրենքի խախտումով է ձեռք բերված»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031