Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂՂԻՉ ՏՆԻՑ

Հուլիս 02,1999 00:00
bant

… Շնորհակալ եմ խորհրդային իշխանությունից

… Ըստեղ սովորեցի կարթալը, շկոլումը

… ըստեղ նստում գազեթ եմ սաղ օրը

… Շեն կենան իրանք. ես խորհրդային իշխանությունից գանգատ ունեմ ոչ

… «Երեւանի ուղղիչ տնից»

Եղ. Չարենց, 1927 թ.

Կեցցե 1998-ի Հայաստանի իշխանափոխությունը, ինձ դատարանի որոշումով, հատուկ մեքենայով, պահակախմբի ուղեկցությամբ (որ չփախչեմ) բերեցին մեկուսարան՝ արձակուրդ հարկադրեցին… Համ էլ ի՜նչ շրջանում. Ազգային ժողովի ընտրություններին։ Թե դրսում լինեի, ազատության մեջ՝ սիրտս դիմացողը չէր… Առաջին օրերին «տաք» էի, չէի հասկանում, դիմադրում էի, բողոքում՝ էլ բռնություն ու անօրինականություն էի որակում, հացադուլ անում։ Դա էլ էր պետք՝ գաս էստեղ հասնես ու մեկուսացման ողջ հաճույքը չվայելե՞ս… 2 օր «կարցերում» նստեցի, 4 օր չկերա-չխմեցի՝ «բալանդայի» գերող հոտի ու տեսքի մշտական ներկայությամբ, մինչեւ հասկացա, որ բռնի-անօրինական, բայց բարին էս է։ Այսպես են որոշել, որ… կատարվի տարվա բախտագուշակս։ Համ էլ դրսում-ներսում, ղարաբաղցի-հայաստանցի, իշխանազավթ-իշխանափոխ, քաղաքական-քրեական, նստած-կանգնած բոլորս էլ փակված ենք Հայաստանի Հանրապետություն կոչվող էս «տուպիկում» ու բոլորս էլ չգիտենք վաղը մեր գլխին գալիքը, տանիքով-առանց տանիքի… Հիմա տեսնում եմ՝ «հին ընկերները դավաճանում են ու պուկ փախչում», իսկ նորերը գործում են «անդավաճան» իրենց խոստումներին։ Տեր-Պետրոսյանի իշխանությունը կյանքս կերավ, տարիներ քրքրեց ինձ, մե՛կ դաղեց, մե՛կ խնայեց, մե՛կ հալածեց, մե՛կ փաղաքշեց։ Վախկոտ իշխանություն էր։ Իսկ այս մեկը՝ չէ՜, ուրիշ է, ինձնից լավ գիտի իմ օգուտը ու ոչ մի բանի առաջ կանգնողը չի։

Խնդրեմ՝ 2 ամիս է՝ առոք-փառոք նստած եմ… Դեռ հանցագործի չեմ հանդիպել՝ միամիտ-հետաքրքրասեր մարդիկ են, մի գլուխ ուզում են հասկանալ, որ եթե մարդ չեն սպանել ու քանի դեռ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռն էլ չկա՝ ինչի են 6-8-10 ամսով, մեկ տարով նստած… Իմ գալով խաղաղվեցին՝ թե եթե Բլեյանին են բերել, ուրեմն մի բան գիտեն։ Հարազատներս ապահովում են իմ արքայական սնունդը՝ այսքան շատ ու այսքան լավ ես սնված չկայի։ (Ասեմ՝ իրենցից են կտրում, ո՞վ կհավատա։ Բլեյանը իր գողացած միլիոններն է մեկուսարանում վայելում)։ Վրես խոսացող չկա, կանչ չկա, քննություն չկա, քննիչները ո՛չ զանգում են, ո՛չ երեւում։ Կոկիտ, մաքուր, նոր շորերով։ Ամեն շաբաթ լողանում եմ, օրը 3-4 անգամ մարզվում, սառը ջրով շփվում՝ ողնաշարիս ցավը բուժեցի։ Բա դրսում ի՜նչ ուշադրություն իմ «պերսոնի» նկատմամբ… Տարիներ շարունակ ինձ հայհոյողը լռել է, լռողը՝ բողոքի ձայն բարձրացրել ի պաշտպանություն ինձ, համակրողը՝ պատրաստ է անձնազոհության։ Այ էսպես ձեր հախից գամ՝ խեղճանաք։

Քաղաքական գործչի համար կարեւորն էն է, որ ճիշտ ժամանակին «նստի»… Աղջիկներս էլ առանց ինձ յոլա կգնան, կինս էլ կաշխատի, հա՛մ իրեն կպահի, հա՛մ սիրելի ամուսնուն։ Կրթահամալիրին էլ առանց ինձ երեւի հանգիստ կթողնեն՝ կփրկվի… Դատապաշտպան ունեմ՝ ողջ կալանավայրն է նախանձով նայում, իմ պաշտպանության հասարակական խորհրդին էլ դրսի աշխարհն է ճանաչում, իմ «աղմուկը» միայն Կոսովոն կծածկեր։ Դե, քաղաքակիրթ արեւմուտք, հիմա իմ դատին անցիր։ Տեսքս ու ինքնազգացողությունս հոյակապ է։ Թե դուք դրսում դիմանաք՝ ես 10-12 տարի անտրտունջ նստող եմ։ Ի՜նչ հին ու նոր ուղի, քաղաքական այլընտրանքը կտակել եմ Գեորգիին ու Նիկոլին, իմ ճամփան ուղիղ բերդ կամ գաղութ է տանում, ճամփի կեսից հետ չեն դառնա՝ վատ նշան է… Նստած քաղաքական գործչի նկատմամբ հասարակության վերաբերմունքն էլ է ուրիշ։

Հենց էնպես հո՞ չեմ նստել՝ Հայաստանից թե մի բան մնաց, հաջորդ նախագահը ես եմ։ Չկարդացածը կարդում եմ, կարդացած-մոռացածը՝ վերընթերցում։ Նամակի ու հոդվածի ժանրից անցնում եմ մեմուարներին… Խաղաղված, «թողած դրսում ե՛ւ քեն, ե՛ւ նախանձ, ամենը ինչ որ ճնշում է հոգին», անչար-անանձնական, որպես Աստված (շա՜տ եղավ)։ Բոլորին ներել եմ, չարից չէ արածը, այլ՝ խեղճությունից։ Քննիչ, դատախազ, Սերժ… հանգիստ քնեք։ «Ոչ մի կալանավոր չպիտի անգործ մնա, հասկանո՞ւմ եք, ո՛չ մի կալանավոր…». Այսպես Երեւանի ուղղիչ տան պետն էր մտածում 1927 թվին։ Մերն ուրիշ է՝ ամբողջ օրը պարապ-սարապ, կեր-խմի ու մո՜ւշ-մո՜ւշ քնի՝ մենք դրսում շատ ենք չարչարվել… Ինչի՞ էր նման իմ կյանքը՝ ողջ օրը ոտքի վրա, հոգսեր ու հոգսեր։ Իմը քիչ էր՝ մի քանի հարյուր ուսուցչի, մի քանի հազար երեխայի ու ծնողի հոգսն էլ վրադիր, դեռ կպել էի էս տանջված ու արդար ժողովրդին՝ նոր ուղի՜, նոր համակեցությո՜ւն… Օրհնվի էն սհաթը, որ ղարաբաղցի Ռոբերտի ոտը Հայաստանի հողին դիպավ։ Որ եկած չլիներ, ես էլ էսպես հաստատ ու ապահով նստողը չէի։ «Շեն կենան իրանք, ես էս իշխանությունից գանգատ ունեմ ոչ»։

ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031