Յուրաքանչյուր վիրահատություն կատարող բժիշկ գիտի, որ ապահովագրված չէ մահվան դեպքերից։ Դրա մասին նրանք ամենաքիչն են խոսում։ Յուրաքանչյուր վիրահատության տեսակի համար կա մահվան վիճակագրություն։ Այսինքն՝ 1000-ից 3-ը կարող է մահանալ։ Արմավիրում մի քանի օր առաջ նշագեղձի վիրահատության ժամանակ մահացավ 27-ամյա մի կին. որոշ տվյալներով՝ հղի։ Սակայն արտառոցն այս պատմության մեջ ոչ այնքան մահվան դեպքն է, այլ այն, որ վիրահատությունը կատարվել է պոլիկլինիկայում։ Վիրահատությունը կատարած բժիշկ Համբարձում Համբարձումյանը սկզբում ձերբակալվում է, ապա կրկին ազատ արձակվում։ Աշխատանքից անմիջապես ազատվում են պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Սերգեյ Հակոբյանը եւ նրա տեղակալ Սարգիս Ավետիսյանը։ Այս կնոջ վիրահատությունը՝ պոլիկլինիկայում կատարված, առաջինը չէր։ Դեռեւս ամիսներ առաջ այդ առիթով բազմաթիվ ահազանգեր են եղել մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լարիսա Մուրադյանին։ Մեր ունեցած տեղեկատվությամբ, հիմնականում անհանգստացած է եղել քաղաքային հիվանդանոցի քիթ-կոկորդի բաժանմունքի բժիշկ Ֆելիքս Կոծինյանը. «Հիվանդանոցում բաժանմունք է գործում, իսկ նա վիրահատություններ է կատարում պոլիկլինիկայում»։
Կարելի է կարծել, որ սա ոչ միայն զուտ մասնագիտական, այլ նաեւ ֆինանսական անհանգստության արդյունք է։ Ի վերջո, կոկորդից կամ քթից բողոքներ ունեցողը սկզբում դիմում է պոլիկլինիկա եւ Համբարձում Համբարձումյանը լրիվ հնարավորություն ունի հիվանդին համոզելու, որ պրոբլեմն այնքան էլ լուրջ չէ, եւ այն կարող վերացնել նաեւ ինքը։ Դժբախտ ավարտով վիրահատության համար Հիպոկրատի երդում տված այս բժիշկը ստացել է 80 դոլար։ Այդ պատճառով էլ բոլորը համոզված են, որ նա չի պատժվի։ Ամենաշատը՝ կմեկնի Հայաստանից։ Բժիշկ Կոծինյանը չցանկացավ անկեղծանալ։ «Համբարձումի մասին ոչ մի վատ բան չեմ կարող ասել։ Նա իմ աշակերտն է եղել, ես եմ նրան շատ բան սովորեցրել եւ կարող եմ ասել, որ եղել է չափազանց ընդունակ աշակերտ»։ Իր կենսագրության հետաքրքիր հատվածները պատմելուց հետո, պրն Կոծինյանն ասաց. «Հասկացեք, մենք նույն կուպեի մարդիկ ենք, մեզանից ոչ ոք ապահովագրված չէ մահվան դեպքերից»։ Նույն տրամաբանությամբ, եթե որեւէ ոստիկան ձեզ ծեծի, եւ դուք իբրեւ օրինապահ քաղաքացի դիմեք ոստիկանություն, ցուցմունք վերցնող ոստիկանը կասի, որ իրենք նույն կուպեի մարդիկ են։ Ժուռնալիստների մոտ դա կոչվում է ժուռնալիստական համերաշխություն»։
Պոլիկլինիկայի տնօրենին եւ փոխտնօրենին ազատելու հաջորդ օրը պոլիկլինիկայի 150 հոգանոց աշխատակազմը, սպիտակ խալաթներով, երթ է կազմակերպում դեպի մարզպետարան եւ պահանջում վերացնել անօրինականությունը ու հարգել անմեղության կանխավարկածը։ Քանի դեռ չկան դատաբժշկական փորձաքննության արդյունքները եւ պարզված չէ, թե ինչից է վրա հասել մահը, չի կարելի մեղադրել մարդկանց։ Սա հանրահավաք անցկացրած բժիշկների կարծիքն է, եւ նրանք որոշ չափով ճիշտ են, թեեւ պոլիկլինիկայում վիրահատություն կատարելու փաստն իսկ արդեն հանցագործություն է։ Պոլիկլինիկայի ստորին բուժանձնակազմն էլ բողոքում է, որ իրենք արդեն չորս ամիս աշխատավարձ չեն ստացել. «Մարդ չորս ամիս կարո՞ղ է օդով ապրել, դրա համար էլ ստիպված ես լինում խախտել օրենքը»։ Մյուսների կարծիքով, Համբարձում Համբարձումյանը ապրելու խնդիր չուներ։ Հանրահավաքին մասնակից բժիշկներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ տնօրենի եւ փոխտնօրենի փոփոխությունը կապված է ոչ այնքան կատարվածի, որքան՝ մարզպետարանի՝ իրենց ցանկալի մարդկանց այդ պաշտոններում տեղավորելու ցանկությամբ։ Պոլիկլինիկան հանրապետության եւս երկու նմանատիպ հաստատությունների հետ ընդգրկված է ամերիկյան օգնության ծրագրում, որի շրջանակներում նախատեսված է ֆինանսական օգնություն եւ այցելություններ ԱՄՆ։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ