Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ Է ՎԵՐՋԻՆ ԿՌԻՎԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՄԵՐ ՄԵԾ…»

Հուլիս 02,1999 00:00
Liza Chaxaryan

Ինչպես փրկել «ողբալիորեն անպաշտպան» մեր որոշ իշխանավորների՝ «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի «անգութ հալածանքներից»… Մտածում-մտածում եմ, բայց ինչքան փորձում եմ լավատես լինել, միեւնույն է՝ նրա դեմ քրեական գործի հարուցումը փրկություն չեմ համարում: Նույնիսկ «ԿԳԲ-ի պադվալներում» Նիկոլին ընդմիշտ պահելն էլ ելք չէ: Նա այնտեղ էլ «քսիֆ»-հոդվածներ կգրի, ու թե Հայաստանում մի «ծախված» թերթ չգտնվի, որ դրանք հրապարակի, որեւէ «փտած» կապիտալիստական երկիր անպայման «ուխտադրուժ կերպով» կհրապարակի: Ո՞ւր են նայում մեր փառապանծ մտավորականները, «ազատախոհ» քաղաքական գործիչները, «ասուլիսատենչ» ու «սեմինարապաշտ» մամուլի ակումբները, անկաշառ հեռուստաընկերությունները, անաչառ թերթերը: Այսպես անտարբեր ու սառնասրտորեն պիտի շարունակեն կողքից նայե՞լ, թե ոնց է այդ քսանհինգամյա երիտասարդը «դաժանորեն հետապնդում» մեր խեղճ ու անմեղ իշխանավորներին, զորօրինակ՝ նրա դեմ կյանքի ու մահու պայքարի ելած ՀՀ նախագահին ու ՀՀ Ազգային անվտանգության նախարարին /Արտաշես Գեղամյանն էլ ձեզ նվեր/: Ի վերջո, նրանք էլ են մարդ, միսուարյուն են, նրանց կրծքի տակ էլ է սիրտ բաբախում, ու կգա մի օր, որ ոչ մի ամենակարող «վախ չափող» ի զորու չի լինի նրանց փրկել Թումանյանի լոռեցի Սաքոյի օրն ընկնելուց: Մենք՝ դեռ ոչինչ, մենք ու մերոնք ենք: Պատկերացնու՞մ եք, հանկարծ ու՝ որեւէ երկրի նախագահի կամ դեսպանի, կամ եսիմ ում հետ հանդիպումների ժամանակ մեր երկրի առաջնորդները հանկարծ սարսափահար վեր-վեր թռչեն ու ասեն.

– Ո՞վ հող թափեց բուխարիկից… էն ո՞վ նայեց լիսածակից… Որ այդ երկրների մեծամեծները զարմացած հարցնեն՝ ի՞նչ բուխարիկ, ի՞նչ լիսածակ, հո մեր մեծամեծները չե՞ն ասելու՝ Նիկոլ Փաշինյանից վախենում ենք: Էդ մե՛նք գիտենք, թե Նիկոլ Փաշինյանը ինչ վտանգ է մեր «ժողովրդավարական» պետության համար, օտարները հո չգիտեն: Հանկարծ ու՝ մտքներով անցնի, թե մեր իշխանավորները վախկոտ են, մանրամասներին ծանոթանալուց հետո էլ եզրակացություն անեն, թե՝ բարձրաստիճան պաշտոնյային ոչ վայել մանրախնդիր են: Ամոթ չէ՞: Բա՛վ է «աբուռներս մեզ արած» լռենք: Ժամանակն է, որ դիմենք միջազգային ատյաններին, օգնության կանչենք ՄԱԿ-ի խաղաղարար ուժերին, ՆԱՏՕ-ից պահանջենք, որ իր ռազմական օդուժը Հարավսլավիայից փոխադրի Հայաստան՝ «Օրագիր» թերթի երկնային տարածք: Ժամանակն է, որ Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում, թաղերում ու «բաղերում» պաշտպանության կոմիտեներ ստեղծենք: Հույժ անհրաժեշտ է կամավորական ջոկատների ստեղծումը: Վստահ եմ, ողջ հայ ժողովուրդը կզինվորագրվի ու զօրուգիշեր անձնազոհաբար կհերթապահի նախագահական նստավայրի ու Ազգային անվտանգության նախարարության պատերի տակ: Չեն խանգարի նաեւ հացադուլները եւ ինքնահրկիզումները: Եվ վերջապես, լրագրողական «համերաշխությունն» էլ պիտի չափ ու սահման ունենա: Համերաշխությունը՝ համերաշխություն, բայց մի քիչ էլ եկեք մեր իշխանությունների անվտանգության ու առողջության մասին մտածենք: Մանր-մունր կսմթոցներով, կամ էլ ձեւացնելով, թե իբր չգիտենք, թե «ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ», Նիկոլ-«արհավիրքից» մեր իշխանավորներին չենք փրկի: Կարգին, տեղը-տեղին, միասնաբա՛ր է հարկավոր դիմակազերծ անել «ժողովրդի թշնամուն»: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանին: …Մեր հայրենիքի գլխին սեւ ամպեր են կուտակվել, «կրկին ոտքի, կրկին ոտքի, հայորդիներ»…

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031