Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԱԿՄԱՐԻՉՆԵՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հուլիս 02,1999 00:00
surb sargis

Երկուշաբթի Ամենայն Հայոց Վեհափառի աճյունը կտեղափոխվի Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցի, որպեսզի հավատավոր հայ ժողովուրդը հնարավորություն ստանա հրաժեշտ տալ կաթողիկոսին։ Այս առիթով մաքրվում եւ կարգի է բերվում եկեղեցու տարածքը։ Երեկ եկեղեցի են այցելել նաեւ ՆԳ նախարարության աշխատակիցները եւ տեղանքի մանրազնին քննություն են անցկացրել։ Փոխնախարար Հովհաննես Վարյանն ուշադիր զննել է եկեղեցու ներսը, ուսումնասիրել է պատերը եւ հանդիսավոր հայտարարել. «Պետք է եկեղեցու ներսում կրակմարիչներ դնել»։ Հոգեւորականների զարմացած հայացքներին ի պատասխան, պարոն Վարյանն ասել է. «Մոմեր են վառվում, կրակ է, չէ՞, ուրեմն կրակմարիչ է պետք»։

ԱՌԱՅԺՄ ՀԵՐԻՔՈՒՄ Է

militonyan

Բազմաթիվ ասեկոսեներ կան, որ ազգային հեռուստաընկերությունն ու ռադիոն դարձյալ վերամիավորվելու են եւ այդ հեռուստառադիոպետվարչությունը ղեկավարելու է բանաստեղծ, այժմ՝ ՊՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդուարդ Միլիտոնյանը։ Ըստ մեկ այլ վարկածի, նա պիտի գլխավորի տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունը։ Այս ամենի վերաբերյալ «Առավոտի» հարցերին պրն Միլիտոնյանը հակիրճ պատասխանեց. «Ոչ, առայժմ։ Դրանք ընդամենը խոսակցություններ են»։

«ԿՈՏՈՇՆԵՐ ԵՎ ՍՄԲԱԿՆԵՐ»

bagratyan

Հայաստանից բացակայում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նրա «Ազատություն» կուսակցության գրասենյակի դռները հուլիսի 1-ին նույնքան ամուր էին փակված, որքան Օստապ Բենդերի «Կոտոշներ եւ սմբակներ» գրասենյակինը։ Կոնյակի գործարանից էլ տեղեկացրին, որ նա քաղաքում չէ, իսկ այլ աղբյուրները վկայում են, որ Բագրատյանը մեկնել է Ֆրանսիա, ուր հանդիպել է իր հարազատների մի մասին։

ԿԱՊԻՏԱԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՇՆԱՁՈՒԿԸ ԱՏԱՄ ԳՑԵՑ

akula

Հունիսի 29-ից Հայաստանում է «Դայմլեր-Քրայսլեր» կոնցեռնի պատվիրակությունը։ Նրանք ժամանել են ծանոթանալու իրենց հայաստանյան ներկայացուցիչ հանդիսացող «Ինտերմոթոր Արմենիա» գրասենյակի գործունեությանը։ Եվ այդ մասին էր երեկ կայացած մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին «Մերսեդես-Բենց արտասահմանյան երկրներում» կառույցի ԱՊՀ-ում եւ Մոնղոլիայում վաճառքի եւ մարքեթինգի գծով գլխավոր տնօրեն Հերբերտ Մյուլլերը եւ Կենտրոնական Ասիայում ու Մոնղոլիայում վաճառքի գծով տնօրենը եւ այլ ներկայացուցիչներ։ «Ինտերմոթոր Արմենիա» ՓԲԸ-ն գրանցված է 1998 թ.։ Հիմնադիրներն են լիբանանյան «Ասմար գրուպ»-ը, եւ Հայաստանից «Կրեդիտ-Երեւան» բանկը, Մարտին Հովհաննիսյանը, Սեդրակ Սեդրակյանը, Լեւոն Ֆարմանյանը, Արմեն Ստեփանյանը։ Նոր-Նորքում 6000 քառ. մ տարածքի վրա ՓԲԸ-ն գրասենյակ է կառուցում, որը կսկսի գործել տարվա վերջին։ Ընկերության նպատակն է ներմուծել «Մերսեդես-Բենց» ավտոմեքենաներ եւ կազմակերպել դրանց տեխսպասարկումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 4 մլն դոլար է, որից 1 մլն դոլարը ներդրել են վերը նշված գործարարներն ու բանկը։ Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին հետագա պլանները՝ 60-100 աշխատատեղ ստեղծելու մասին։ Նշվեց, որ մինչ այսօր կառուցվող նման գրասենյակներ բացվել են ԱՊՀ երկրներում, որ «Երեւանյանը վերջինն է, բայց ամենամեծը եւ ամենաշքեղը»։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի «Հայաստանի նախագահի մեքենան «Մերսեդես» է, բայց 89-90 թթ. արտադրանք, չե՞ք կարծում, որ կարող եք այս ուղղությամբ ձեռնարկած քայլով լավագույն գովազդն ապահովել» հարցից հետո պարոն Մյուլլերը քաղաքավարի շնորհակալություն հայտնեց հարցն ընկալելով որպես «Մերսեդես-Բենցի» գովազդ։ Հետո գործարարները լրագրողներին հրավիրեցին թեթեւ ֆուրշեթի, իսկ իրենք շտապեցին պաշտոնական հանդիպման։

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 4 ՏԱՐԻՆ

Այսօր, ժամը 14-ին, TV ակումբում (Զաքիյան 8) Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության եւ «Համաձայնություն» իրավական ու քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա սեմինար «ՀՀ Սահմանադրության ընդունման 4 տարին» թեմայով։ Մուտքն ազատ է։

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐՆ ԷԼ ՉՔՑԵ՞Ն ԳՈՀԱՐԻՆ

Gohar harutyunyan

«Միսս Հայաստան» եւ «Միսս ԱՊՀ» Գոհար Հարությունյանը տեղ է գրավել նաեւ «Միսս Եվրոպա» մրցույթում եւ արժանացել է նաեւ «Միսս Տաղանդ» տիտղոսին։

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՆՇՎԵԼՈ՞Ւ Է

sahmanadrutyun

Երեկ Հայաստանի պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Սահմանադրության կազմումն ու ընդունումն իրականացրած քաղաքական սերունդը ոչ միայն բարոյական իրավունք չունի պետության զարգացման տրամաբանության հիմնական օրենքն ըստ իր հասկացողության ու շահերի վերաձեւելու ու պետությունը պերմանենտ անկայունության դատապարտելու, այլեւ պարտավոր է հաջորդ՝ իրեն որեւէ խարդավանքով չարատավորած քաղաքական սերնդին ու գալիք իշխանությանը փոխանցել միայն իր պատկերացումները՝ Սահմանադրության բարեփոխման արժանի կետերի մասին։ Ելնելով բարձրագույն՝ պետականության շահից՝ անկայունությունն ու անկանխատեսելիությունը հաղթահարելու համար պահանջում ենք դադարեցնել Սահմանադրությունը ներկա իշխանությունների օրոք փոփոխելու մասին հակահամակարգային միտումը, կառավարությանը կոչ ենք անում՝ իր կարեւորությամբ միայն անկախ պետականության վերականգնման օրվան զիջող Սահմանադրության տոնը նշել պատշաճորեն եւ այսօրվանից հայտարարել հաջորդ տարվա հուլիսի 5-ի Սահմանադրության հոբելյանական տարելիցի համաժողովրդական տոնակատարությանը նախապատրաստվելու մասին»։

«ԱԼՅՈՒՐԸ ԹԱՆԿ Ա»

Vardges Matevosyan

 

Վայոց ձորի մարզում նախընտրական մայիս ամսին ալյուրի գինը կտրուկ ընկավ։ Մեկ պարկ ալյուրի գինը հասավ 7 հազար դրամի։ Այս տարածքից թեկնածու ընտրվեց Երեւանի 4-րդ հացի գործարանի տնօրեն Վարդգես Մաթեւոսյանը։ Ընտրական թոհուբոհը արդեն հանդարտվել է, իսկ մեկ պարկ ալյուրն այսօր արժե 11 հազար դրամ։ Ծախսած փողերը վերադարձնելու ամենահեշտ ուղին։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031