Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ դրամին վիագրա տվեց

Հուլիս 02,1999 00:00
dram

Ասել, որ դրամի կուրսը կայունացել է՝ նշանակում է ասել կեսճշմարտություն։ Դրամը նախ կայունացավ մեկ դոլարին՝ 540-ի սահմաններում։ Կայունացավ ու հետո սկսեց բարձրանալ՝ մանրվեց 540-ի սահմանները։ Յոթ քաղաքներ էին վիճարկում Հոմերոսի հայրենիք համարվելու իրավունքը։ Դրամի կուրսի բարձրացման հեղինակային իրավունքը, հանգիստ խղճով կարող են վիճարկել պետական առնվազն երեք գերատեսչություն՝ ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը, պետական եկամուտների նախարարությունը։ Յուրաքանչյուրն արել է ձեռքից եկածը։ Ֆինանսների նախարարությունը մի քանի ամիս է հրաժարվել է աշխատավարձ ու թոշակ վճարելուց։ Այս քայլով կրճատվել է կանխիկ փողի զանգվածը։ Մարդկանց ձեռքերին դրամ չկա։ Փոխարենը ակտիվ հարկահավաքություն է սկսել պետական եկամուտների նախարարությունը։ Հարկերը Հայաստանում, ինչպես հայտնի է, դրամով են մուծվում։ Խոսքը պետական հարկերի մասին է։ Մեծ ու փոքր գործարարները ստիպված տարադրամը փոխանակում են՝ մուծումների համար։ Սա էլ իր հերթին դրամի պահանջարկ է ծնել շուկայում։ Ինչ-որ պատճառով (հնարավոր է հարկադրանքի) գործարարները շտապում են մուծել հին ու գալիք հարկերը։

Դրամի ծավալը չի հերիքում ու ազգային վճարամիջոցը ժամ ժամի, փոքր, բայց կայուն քայլերով նեղում է իր հիմնական մրցակից դոլարին։ Կենտրոնական բանկն էլ հպարտանալու տեղ ունի։ Պաշտոնական տվյալներով «հաջողացրել» է հետ ստանալ կառավարությանը տրամադրած վարկային միջոցները։ Կառավարության պարտքը բյուջեով թույլատրելի 8,3 մլրդ դրամի փոխարեն պաշտոնապես կազմում է մոտ 6,6 մլրդ դրամ։ Երեւի հենց սա է կոշտ մոնետարիստական քաղաքականություն կոչվածը։ Իհարկե, դրամի կուրսի կայունացման գործում ԿԲ-ի դերը կարող էր շատ ավելի բարձր լինել։ Սակայն ինչ-որ բան այն չէ։ Նախ խոսակցություններ տարածվեցին, որ ԿԲ-ի խորհրդի նիստում ինչ-որ տհաճ քննարկում է գնացել։ Քննարկումների արդյունքում իբր որոշվել է ներքին աուդիտ (կամ ստուգումներ) անցկացնել։

Որոշումից հետո իբր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ԿԲ-ի գործերի կառավարիչ Արտաշես Թանթուշյանը։ Հետո զրույցներն ավելի քաղցրացան՝ աշխատանքից ազատվելու դիմում գրելու հերթը հասավ բանկային գործունեության վերահսկողական դեպարտամենտի պատասխանատուին։ ԿԲ-ի լրատվության ծառայությունում նախ հերքեցին այն լուրը, որ ներքին ստուգումներ են անցկացվում։ Հետո նշեցին, որ ԿԲ-ում իրենց պարտականությունների կատարմանն են անցել Վ. Չիլինգարյանը՝ որպես գործերի կառավարիչ եւ Արտաշես Դավթյանը՝ որպես Վերահսկողության դեպարտամենտի ղեկավար։ Նախկինները, բնականաբար, ազատվել են աշխատանքից։ Կատարվածն, իհարկե, կարելի է բնութագրել որպես հերթական կադրային փոփոխություն։ Մանավանդ որ, ամենաբարձր մակարդակով կադրային փոփոխությունները Հայաստանում որեւէ ազդեցություն չեն ունենում դրամի կուրսի տատանման վրա։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հ. Գ. Հետաքրքիր է, եթե հանկարծ շաբաթվա վերջում դրամի կուրսն անկում ապրի, վերոհիշյալ երեք գերատեսչությունները կմեղադրե՞ն «Առավոտին» դրամի գործարար վարկը գցելու մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031