ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի մամուլի ասուլիսը հունիսի 30-ին, անշուշտ, նոր դարագլուխ չի բացելու հայոց քաղաքական պատմության մեջ։ Դա, պետք է պարզ ասել՝ հետեւանք էր Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած մի շարք գործընթացների եւ հաստատապես ոչ թե ավարտ, այլ հանգրվան որոշակի զարգացումների առումով։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ԼՂՀ այլեւս նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանի հասցեին ասվածն ամբողջությամբ՝ խորքում, իսկ եթե ավելի մոդայիկ կուզեք՝ ենթատեքստում, վերաբերվում էր պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին։
Էլի ենթատեքստում Արկադի Ղուկասյանը հասկացնել տվեց, թե ինքը մի քանի գլուխ ունի եւ կարող է ինքնուրույն վճիռներ կայացնել Ղարաբաղում պետական համակարգերի վերահսկման՝ նախագահին սահմանադրորեն տրվող լիազորությունների շրջանակում։ Սակայն ավելի ուշ ըմբռնելով, որ դրան ոչ դահլիճում նստածներից եւ ոչ էլ այնտեղից դուրս գտնվող որեւէ ոչ նաիվ մեկը չի հավատա, ԼՂՀ նախագահն, այո, այնուամենայնիվ, պարզաբանեց՝ այդ գլուխներից որոշները գտնվում են Երեւանում։ Այլապես, կարիք կլիներ ոչ թե գլխի, այլ աչքի հետ գործ ունենալ, որի առջեւ է Ժիրայր Պողոսյանին նախորդած Լեոնարդ Պետրոսյանի փորձը, որը Սամվել Բաբայանի «համապատասխան» վերաբերմունքի պատճառով ստիպված եղավ թողնել Ղարաբաղը։ Ինչպես տեսնում եք, իրավիճակն ավելի բարդ է, քան պարզապես Պողոս-Պետրոսի կամ Պողոսյան-Պետրոսյանի պատմությունն է։ Ամբողջ ճշմարտությունն այն է, որ Սամվել Բաբայանի դիրքերը Հայաստանում, մեծ նախընտրական շրջանից սկսած, թուլանում են։
«Իրավունք եւ միաբանություն» խմբակցության հնգանդամ կամ տասնանդամ ներկայությունը խորհրդարանում գոնե առայժմ եղանակ չի փոխելու։ Խնդիրն այն է, որ ԼՂՀ պաշտպանության նախարարից երես են թեքել քաղաքական ուժի բոլոր կարեւոր կենտրոնները։ Ռոբերտ Քոչարյանի եւ մասնակիորեն էլ Սերժ Սարգսյանի հետ Սամվել Բաբայանի հակասությունները դեռեւս անցյալ աշնանը մամուլի բաժին դարձան։ Սակայն, դա, ըստ էության, «սառեցված» կայուն հակամարտության վիճակ էր նշանակում մինչեւ այն պահը, երբ ԼՂՀ պաշտպանության նախարարը վճռեց քաղաքական հավակնություններ դրսեւորել նաեւ Հայաստանում։
Վազգեն Սարգսյանի անբարյացակամությունն այնքան ակնհայտ էր, որ դրա մասին չխորշեցին խոսել նույնիսկ «Միասնություն» դաշինքի ՀԺԿ անդամները։ Վերաբերմունքի առաջին արտահայտությունն էլ երկար սպասեցնել չտվեց՝ «Իրավունք եւ միաբանություն» ընտրամիավորը հնարավորություն չունեցավ տեղ ստանալ ընտրական հանձնաժողովներում՝ հետ մնալով «Օրինաց երկրից» եւ «Հզոր հայրենիքից» նույնիսկ։ «Իրավունք եւ միաբանության», ասել է թե՝ Սամվել Բաբայանի քաղաքական հավակնությունների նկատմամբ դիրքորոշումներն ավելի առարկայական դրսեւորումներ ստացան նորընտիր Ազգային ժողովում համապատասխան խմբակցության հանդեպ մերժողական վերաբերմունքով։ Ակնհա՞յտ չէ, որ մինչեւ հիմա չի եղել ավելի հարմար պահ քաղաքական հին հաշիվների պարզեցման համար, քան ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի աշխատասենյակում «ժուչոկ» գտնելու առիթն էր։ Որեւէ կասկած չի կարող լինել, որ Արկադի Ղուկասյանի ցանկությունները որոշման կարգավիճակ են ձեռք բերել ոչ թե Ստեփանակերտում, այլ Երեւանում։
Կարդացեք նաև
Պատահական չէր նաեւ Ժիրայր Թեւանիչի ընտրությունը։ Փողոցային կռվից սկսած մինչեւ քաղաքական ամենախրթին բանակցություններն ունեն դիմացինի ուժերը ստուգելու պարզ մի տրամաբանություն։ Դիմակայող կողմերը, եթե հազար տոկոսանոց վստահություն չունեն իրենց հաղթանակի մեջ, առաջին հարվածը ոչ թե բուն հակառակորդին, այլ նրա «կռուգում» կանգնած պատահական կամ ամենաթույլ միավորին են հասցնում։ Հետո, եթե պետք լինի, հնարավոր կլինի ասելը, որ տեղի ունեցածը թյուրիմացություն էր։ Ժիրայր Թեւանիչը գնաց։ Սամվել Բաբայանը նույնով Անուշավան Դանիելյանին չի կարող չեզոքացնել։
Այժմ Ղարաբաղում «լաբավոյ» գործընթացներն իրենց տեղը պիտի զիջեն «ինտրիգներին»։ Հակառակ դեպքում, պետական կառավարման համակարգերի թերկայացածությամբ գոյատեւող Ղարաբաղում, որեւէ մեկը թող չբացառի, կանոնավոր բանակային զորամիավորումներից որոշները փորձեն վերադառնալ իրենց ջոկատային հիմքին։ Թե ում հրամանով, կարեւոր չէ։ Տուժողը բոլորս ենք լինելու։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ