Ներքին զորքերի հրամանատար, գեներալ Արծրուն Մարգարյանի սպանության գործով ձերբակալված Արսեն եւ Արմեն Խաչատրյանների խափանման միջոցը՝ կալանքը, հունիսի 30-ին փոխարինվեց փաստացի տնային կալանքով։ Թեեւ գործի նախաքննության ընթացքը «Առավոտը» մանրամասն լուսաբանել է, ամեն դեպքում նպատակահարմար գտանք զրուցել նաեւ թիկնապահների հետ։
Այս պարագայում «տեխնիկական պատճառներով» հանդիպեցինք միայն Արսեն Խաչատրյանին։ Նա եղելությունը ներկայացրեց այս կերպ. «Գեներալն այդ օրը պատասխանատուն էր եւ մինչեւ ժամը 12-ը պիտի վարչությունում լիներ։ Բայց միշտ իրեն մեկ կամ երկու ժամ շուտ էինք տանում տուն։ Այդ օրն էլ շուտ իջավ եւ չասաց՝ ուր պիտի գնանք։ Բնականաբար, տուն պիտի գնար ու ես տան ճանապարհով քշեցի մեքենան։ Այդ օրը, չգիտեմ ինչու, ինքը նստեց հետեւի նստատեղին. միշտ առջեւում էր նստում։ Կենդանաբանական այգու ճանապարհին՝ իրենց տուն չհասած, ասաց՝ քշեք Հաճըն, գործ կա։ Իր ցույց տված տեղը հասանք։ Ասաց՝ իր բարեկամի տունն է, մենք մեքենայում իրեն սպասենք, ինքը 45 րոպեից կգա։ Ուղիղ 45 րոպեից եկավ, իր բարեկամի տղան ճանապարհեց նրան, իրար բարի գիշեր մաղթեցին։ Էլի՛ նստեց մեքենայի հետեւի մասում, բայց արդեն ի՛մ կողմից։
Մեքենան քշեցինք, հասանք այդ չարաբաստիկ վայրը, ասաց, որ մեքենան կանգնեցնենք, բնական պահանջ ունի։ Ինքը հետեւի մասում անհանգիստ շարժումներ էր անում, ես զգում էի։ Մեքենան կանգնեցնելիս նա ատրճանակը լիցքավորեց. ես ձայնը լսեցի, ու զենքը դրվել է իմ գլխին։ Ես չեմ կարող ասել՝ ինչ արագությամբ, ինչպես զենքը ձեռքից խլեցի։ Երբ ես զենքը իր ձեռքից վերցնում էի, նա դիմադրում էր։ Ես վերցրեցի զենքը, բայց նա հանեց այլ զենք (դա հետո ինձ Արմենն ասաց)։ Նա հանեց երկրորդ զենքը, Արմենը մեքենայի դուռը հրեց նրա վրա եւ մենք փախանք։ Եթե Արմենը այդ պահին կողմնորոշվեր, մյուս զենքը նրանից կխլեր։ Մենք փախանք, հետո պառկեցինք գետնին, որ մեզ չխփի, ապա հեռացանք։ Ինքը մնաց մեքենայի մոտ, գլուխը կախած, ոնց որ շփոթված։ Նրանից խլած ատրճանակի կոթը բինտով փաթաթված էր, ու ես Արմենին ասացի, որ դա մատնահետքերը թաքցնելու նպատակով էր։
Փախչելու ընթացքում մի 10-15 րոպե հետո երկու կրակոց ենք լսել։ Հետո մենք ավելի հեռացանք, ու չգիտեմ ինչպես եղավ՝ Արմենը ինձնից բաժանվեց, գնաց կամուրջի մոտերը։ Մի խոսքով, ավտոմեքենան այդպես լույսերը վառած, շարժիչը միացրած թողել-փախել ենք։ Հասանք Աբովյանի պահակակետ, «գայշնիկներին» պատմեցինք, որ էսպես՝ ուզեցել է մեզ խփել, մենք էլ փախել ենք։ Որքան հիշում եմ՝ ասել եմ, որ կրակոցի ձայներ էլ ենք լսել։ Քանի որ պահակակետի ոստիկանների հետ վիճաբանեցինք, հեռախոսի մասին մոռացանք, գնացինք ներքեւում գտնվող լիցքավորման կայանից ռացիայով՝ վարչության միջոցով, 10-32 զորամասի միջոցով, կապվեցինք վարորդ Հենդոյի հետ, նրան կանչեցինք Առինջ Ավանի կամուրջից մի քիչ վերեւ՝ ГАИ չհասած։ Ամեն ինչ նրան պատմեցինք, ասաց՝ իսկ ո՞ւր է գեներալը։ Ասացինք, որ մենք նրան մեքենայի մոտ ենք թողել, մենք էլ վախեցել, փախել ենք, մեր կյանքն ենք փրկել։ Հենդոն ասաց՝ գեներալը ձեզ շատ է հարգում, ինքը ձեր հանդեպ էդպիսի բան չի անի, ինքը ձեզ փորձելու համար է զենքը պահել։
Կարդացեք նաև
Էդ ընթացքում մենք հասանք դեպքի վայր, այնտեղ արդեն ոստիկաններ կային։ Գեներալը չկար. շատ խառնաշփոթ վիճակ էր. մեր մեքենան վերցրինք, եկանք տուն։ Ինձ ու Արմենին (նա էլ էր մեր տանը) գիշերը ժամը 5-ին Հենդոն կանչեց, թե՝ տղերք, գեներալին չեն գտել, մարդամեկն ուզում է ձեզ տեսնի։ Գնացինք դեպքի վայր, էլի նույն խոսակցությունը եղավ՝ թե ինքը ձեզ փորձել է, դուք էլ խեղճ մարդուն թողել եք, գնացել։ Հետո մտածում էին, թե գեներալը հավանաբար իր ընկերներից մեկի տուն կլինի գնացած։ Մենք էլի եկանք տուն։ Հենդոյին հարցրինք՝ առավոտը գանք գեներալին գործի տանե՞նք, ասաց, որ միանգամից վարչություն իջնենք։ Արմենի հետ առավոտյան գնացինք վարչություն. բոլորը մի տեսակ էին նայում։ Մեզ տարան օպերբաժին, եկան մեր զենքերը վերցրին։ Հենդոն ասաց՝ գնանք Հայկ Հարությունյանի մոտ, ոնց որ եղել է, էդպես էլ կպատմենք։ Ասի՝ էն խլած զենքը ո՞ւր է, ասաց, որ իր մոտ է։ Հայկ Հարությունյանին եղածը պատմեցինք, մեզ տարան քրեական վարչություն։ Եկան ձեռնաշղթաներ հագցրին, խուզարկեցին, տարան 6-րդ վարչություն։ (Արմենին էլ չեմ տեսել, մեկ էլ՝ առերեսման ժամանակ)։
6-րդում հարցնում են՝ ո՞ւր է գեներալը։ Ասում եմ՝ չգիտեմ։ Տարան նստեցրեցին հեռուստացույցի մոտ ու հայտարարում են, թե էսինչ օրը, էսինչ տեղում հայտնաբերել ենք էսինչ մարդու դիակը։ Ու ես սառեցի… Ա՛յ քեզ բան։ Բոլորն ինձ էին կասկածում։ Ու ինձ տարան մեկուսարան»։
– Տնային կալանքի ժամերն ավարտվելուց հետո առաջինն ո՞ւմ ես այցելելու։
– Հավանաբար կայցելեմ Արծրուն Մարգարյանի հարազատներին։
Հետաքրքիր զարգացումներ են նկատվում Արծրուն Մարգարյանի անվան շուրջ։ Նրա անունը հնչում է Արմեն Տեր-Սահակյանի եւ մյուսների դատավարության ընթացքում։ Փոխվում է գեներալի թիկնապահների խափանման միջոցը։ Այս ամենից հետո հակված ենք ենթադրել, որ դատարանն ամենայն հավանականությամբ կպաշտպանի ինքնասպանության վարկածը։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հ. Գ. Արսեն Խաչատրյանին գործին առնչվող այլ հարցեր առայժմ չտվեցինք. նախաքննության տվյալները հրապարակման ենթակա չեն։