Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՅԼԵՐ, ՈՐ ՉԱՐՎԵՑԻՆ ՈՒ ՉԵՆ ԱՐՎՈՒՄ

Հուլիս 01,1999 00:00
qayl

Բոլորս բնածին քննադատներ ենք, ակնհայտ տեսնում ենք ուրիշների սխալները, մերը չենք ընդունում: Այդպես հեշտ է: Հարմար է: Կա նաեւ երկրորդ տարբերակ՝ վերլուծելու ու քննարկելու ժամանակ չենք ունենում: Սովորել ենք հընթացս ուղղել սխալները: Կամ էլ՝ դեպքերի ու իրադարձությունների զարգացումը բերում է նոր սխալներ եւ հները հիշելը դառնում է ուղղակի չարամտություն:

Ամեն գործ ունի իր մասնագետը՝ մարդ, որ պարտավոր է ամեն ինչ իմանալ, հասկանալ, կանխատեսել, ծրագրել, այսինքն՝ որոշակի ոլորտի անցյալ-ներկա-հեռանկարային վիճակներին տիրապետել: Մենք սովորել ենք արտակարգ արագ մասնագիտանալ ցանկացած գործում: Մայիսյան ընտրություններից հետո Հայաստանում ստեղծվեց քաղաքական նոր իրավիճակ՝ իշխանության ղեկին հայտնվեց նոր ուժ՝ «Միասնություն» դաշինքը: Նախընտրական փուլում քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների դաշինքներն ու միությունները բնական ու օրինաչափ են: Դա դաշինքների ու միությունների, այսպես ասած, «մեղրամիսն» է:

Ընտրական անհաջողությունը համարյա միշտ հանգեցնում է արագ «ամուսնալուծության», իսկ հաջողությունը սկիզբ է դառնում փորձություններով լի «ամուսնական կյանքի»: Ի տարբերություն նախորդների՝ «Միասնությունը» ստանձնում է նաեւ գործադիր իշխանության պատասխանատվությունը: Իշխանության ոլորտների տարաբաժանման բարդ ու դժվարին փուլից դաշինքը անխաթար դուրս եկավ: Կառավարության նոր կազմի մասին որեւէ քննարկում այսօր չափազանց վաղ է՝ մարդկանց աշխատելու եւ աշխատանքում նախորդներից իրենց տարբերությունները դրսեւորելու հնարավորություն պիտի տրվի: Սակայն արդեն իսկ եղել են վրիպումներ, որոնք սխալների վերաճելու միտում ունեն, քանի դեռ ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրանց վրա: Գուցե հոգեբանական, գուցե բարոյական մանրամասն. նոր նախարարներին ընդունված կարգով ներկայացնում է վարչապետը:

Ներկա կառավարության գործունեության սկզբից նախարարները կարծես տարաբաժանվեցին առաջին, երկրորդ ու երրորդ «կարգայինների»՝ ոմանց ներկայացրեց ՀՀ նախագահը, ոմանց՝ ՀՀ վարչապետը, ոմանց՝ այլ նախարարներ: Անարդար կլիներ համարել, որ երկրի կյանքում հատկապես կարեւորվում են այս-այս ոլորտները, ավելի պակաս կարեւոր են՝ այս ու այս, եւ գրեթե անկարեւոր են այս ու այս ոլորտները: Առավել եւս, որ իրականում էլ այդպես չէ: Ժամանակի մեջ տեղավորվելու նպատակահարմարությանը զոհ է գնացել կարեւոր մի գործոն՝ հասարակական կարծիքը՝ իսկ ի՞նչ կմտածեն ու ինչպե՞ս կգնահատեն մարդիկ: Ներկայացման խնդիրը, անշուշտ, տիեզերական կարեւորության չէ, բայց քայլ է, որ պետք էր ճիշտ անել: Երկրորդ մանրամասնը՝ որոշ ոլորտներում, ուր փոխվել էին նախարարները, պատճառաբանվեց, որ «Միասնությունը» հատկապես կարեւորում եւ ստանձնում է պատասխանատվությունը ոլորտի հետագա ճակատագրի համար:

Բնական է, բայց չի հասկացվում, թե ինչու՞ է դաշինքն «անտարբեր» մնում, ասենք, առողջապահության նկատմամբ, որ ժողովրդի կենսագործունեության համար բնավ պակաս կարեւոր չէ: Եվ ոչ միայն առողջապահության, այն բոլոր ոլորտների, որտեղ մնացել են նախկին նախարարները: Ահա եւ հանգում ենք հասարակական կարծիքի անտեսման եւս մի փաստի: Իսկ պատճառն այն չէ, որ ժողովրդին բանի տեղ դնող չկա: Որ նախարարներն առանձին-առանձին ու ամբողջ կառավարությունը չեն գնահատում ու չեն ընդունում հասարակական կարծիքի ուժն ու նշանակությունը: Ոչ: Պատճառն այն է, որ պետական քարոզչության խնդրի գիտակցումը չկա: Կան զանգվածային լրատվամիջոցներ, որոնց խնդիրն է պետության գործունեության լուսաբանումը՝ Ազգային հեռուստատեսությունն ու ռադիոն, մի քանի թերթեր, որոնք տեղեկատվության ապահովման առումով բնականոն գործառնում են: Եվ միայն այդքանը: Իսկ որ պետք է պետության դեմք ու դիմագիծ ձեւավորել, ժողովրդին տեսանելի, լսելի, հասկանալի ու ընդունելի դարձնել պետությունը իր պաշտոնյաներով, վերացական խնդիր է: Համարյա լուծում չունեցող, քանի որ այդ խնդիրը հենց վերացականորեն էլ գիտակցվում է: Ի՞նչ է սովորաբար հաղորդվում նախագահի, վարչապետի, Աժ նախագահի, կաթողիկոսի պաշտոնական օրվա մասին: Ընդունեց այս-այս պետությունների այս-այս պաշտոնյաներին, քննարկվեցին այս ու այս խնդիրները: Վերջ:

Մարդկանց համար այս տեղեկատվությունը շատ քիչ է ու ոչինչ չասող, տարբեր օրեր փոխվում են անուններն ու երկրները, եւ մարդիկ արդեն նույնիսկ ուշադրություն չեն դարձնում՝ ով՝ ում ընդունեց: Որովհետեւ չի բացատրվում, թե այդ հանդիպումների, պաշտոնական այցերի, բանակցությունների արդյունքում որոշակի ի՞նչ խնդիր է լուծվում: Եվ բացատրելն էլ քիչ է, որովհետեւ տարբեր բացատրություններ, որոնք չեն ամրագրվում իրականությամբ, մնում են սոսկ մտադրություն: Մարդկանց պետք է հավատ ներշնչել, որ պետությունը ինքնապահպանման խնդիր չի լուծում միայն, այլ՝ կենսապահովում է երկրի գոյությունը, այսինքն՝ ամեն քայլի խորքում որոշակի մեկ խնդիր է լուծվում, որի պտուղները այս ու այս են: Եվ այդ պտուղները կարելի է ոչ միայն տեսնել, այլեւ համտեսել: Պետական քարոզչության խնդիրն է պետությունը հասկանալի ու ընդունելի դարձնելը: Բանակի պաշտպանությունը չափազանց խաբուսիկ է, եթե մարդիկ չեն պաշտպանում իրենց պետությունը: Իսկ որպեսզի մարդիկ պաշտպանեն, պետք է զգան, որ պետությունն էլ իրենց է պաշտպանում: Թիկունքներին կանգնած է: Տղամարդու պես: Քավ լիցի, սա չի նշանակում՝ ամեն օր ու անընդհատ փառաբանել ու օրհներգել պետական այրերին, որ քուն ու դադար, հանգիստ, տուն-տեղ-ընտանիք թողած՝ ընկած են գործի հետեւից: Սա նշանակում է խնդիր դնել, նպատակ, պարզաբանել միջոցները ու համակարգված լուծել: Յուրաքանչյուր ոլորտի համար՝ առանձին: Եվ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներն էլ պետք է նպատակային լինեն, առարկայական, հասցեագրված մարդուն: Առաջին հերթին մարդկանց պետք է հույս տալ: Հետո՝ հեռանկարը ցույց տալ: Գործով համոզել, որ առաջին քայլին երկրորդն է հաջորդելու, որովհետեւ առաջինն ունեցել է շոշափելի արդյունք: Հետո մյուս քայլերը կլինեն: Արագ տեղ հասնելու համար շտապելն էական չէ:

Կարեւորն է ճանապարհն իմանալը, արագությունը հաշվարկելը: Եթե այս ամենը չի արվում, որովհետեւ չի գիտակցվում, վատ է: Բայց եթե գիտակցվում է ու չի արվում, աններելի է: Գլորվող ձնագնդի էֆեկտ է ունենալու: Պետական կառավարման բոլոր մարմինները ունեն մամլո ծառայություններ, որոնց ամենաանմիջական խնդիրը հասարակայնության հետ կապերի ապահովումն է: Ընդունենք, որ ապահովում են: Բայց ի՞նչ եւ ինչպե՞ս են հաղորդում, որքանո՞վ են նպաստում ոլորտի գործունեության անաչառ ու անխաթար լուսաբանմանը: Սակավ «մխիթարություն» է, թե շատ քչերն են թերթ գնելուն գումար տրամադրում, հեռուստատեսությանն ու ռադիոյին հավատում: Իսկ գուցե պետության խնդիրն է հենց 15 դրամ գնով 16 էջանոց հզոր, ժամանակակից տեխնիկայի ամբողջ զինանոցն օգտագործող օրաթերթ տպագրելը: Ոչ թե՝ ընտրություններից հետո, խնդիրը սպառված համարելով, թերթերը ժամանակավոր կամ ընդմիշտ փակելը: Մամլո ծառայությունները պետք է սառցալեռան նման ունենան երեւացող ու չերեւացող գործունեության դաշտեր: Երեւացողը ամենօրյա լրատվությունը պետք է լինի, չերեւացողը՝ հոգեբանական-բարոյական-քաղաքական խնդիրների լուծմանը նպաստելը: Այս խնդիրների լուծումը ոչ միայն տեսական միտք, ծրագիր ու կառույց, այլեւ ֆինանսական ներդրումներ է պահանջում:

Լուրջ ներդրումներ, որ իսզբանե արդարացված են ակնկալվող արդյունքների ծանրակշռությամբ: Կարո՞ղ է մեր պետությունը իր կարկատանվող բյուջեով այդ «շռայլությունն» իրեն թույլ տալ: Եթե ուզում է ինքնապահպանվել, պարտավոր է: Եթե ուզում է երկիրը պահել, պարտադրված է: …Մարդու հետ երես առ երես խոսելու քաջություն պետք է ունենանք: Նրան շոշափելի հույս տալու: Բայց՝ ոչ հենց այնպես: Հավուր պատշաճի: Գեղեցիկ-անիրական: «Միասնություն» դաշինքը այսօր ժողովրդի վստահության ու հավատի քվե ունի: Բայց այդ հավատը երերուն-ակամա է՝ ավելի շատ պատասխանն է «Ուրիշ էլ ու՞մ» հարցին, ոչ թե՝ ինչու՞ ու ինչպե՞ս: Ահա այդ «ինչուն» ու «ինչպեսը» պետական քարոզչության խնդիրն է: Նաեւ՝ ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի մամլո ծառայությունների խնդիրը, քանի դեռ քարոզչությանը տրված չէ պետական կառավարման որակ եւ ստեղծված չեն համապատասխան կառույցներ, որ պիտի զբաղվեն այդ խնդիրներով:

Քաղաքակիրթ երկրների հետ ամեն ինչով համեմատվելու մեր ազգային «բնավորությանն» էլ տուրք տալով՝ նշեմ, որ ոչ միայն հանրահայտ ու հզոր պետությունները, այլեւ ոչ այնքան երկարամյա պետականություն ունեցողներն ու համարյա մեր չափ հարուստները այդ խնդիրները ոչ միայն գիտակցում են, այլեւ լուծում: Բավարարվենք մեկ տասնյակ երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լիբանանի, Սիրիայի, Ուկրաինայի, Վրաստանի օրինակներով, թեեւ թվարկումը շարունակելի է նվազագույնը մեկ էջի չափով: Իսկ հիմնավորումները՝ մի քանի էջի: Այդպես էլ ապրում ենք՝ սպասելով երկնքից խնձորների, իսկ խնձորներն աճում են ծառերին, որոնք պետք է տնկել, ջրել, պատվաստել՝ խնամել լավագույնս, եթե բերքի ակնկալիք ունենք:

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031