«Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա»,- կարծես հենց այս դեպքի համար է ժողովուրդը բանահյուսական այս նմուշը հորինել։
Ամբողջ աշխարհը մի լավ «տարավ-բերեց» բելգիական հավի քառորդների եւ հավկիթների շուրջ բարձրացրած աղմուկը։ Մենք էլ հետ չմնացինք ու մեր բաժինը միացրինք համաշխարհային աղմուկին։ Իհարկե լավ է, որ հետեւողական եղանք մեր սննդի շուկայում վտանգավոր մթերքի առկայությունը բացառելու հարցում, սակայն այդ ընթացքում, ինչպես պարզվեց, տուժեցին ոչ միայն բելգիացիները։ Մեր թերթը, ինչպես հանրապետության երեւի բոլոր թերթերն ու լրատվամիջոցները, քաղաքացիներից ահազանգեր է, որ ստանում է։ Մարդիկ իրենց համար (իհարկե մամուլի միջոցով) պարզեցին վերը թվարկված սննդամթերքի հետ կապված հարցերը եւ միեւնույն է, չկարողացան հանգիստ քնել, որովհետեւ հիշեցին բելգիական արտադրության մթերքի այլ տեսակների մասին։ Հիմա էլ բնակչության (եւ այդ թվում լրագրողներ) ուշադրությունը սեւեռվեց դրանց վրա։ Իսկ դրանց շարքում ահազանգողներն առաջինը նշում են հանրահայտ «REDDY» սննդի յուղը։ Մամուլում դրա մասին էլ հրապարակումներ եղան։
Այդ առնչությամբ կոչեր էլ հնչեցին՝ ընդհանրապես բելգիական արտադրության մթերքը չգնելու, եւ նույնիսկ Բելգիայի գծիկավոր կոդի առաջին թվանշաններն էին նշված։ Հրապարակումներ եղան նաեւ այն մասին, որ Հայաստանում, չնայած համապատասխան սարքերի առկայությանը, հնարավոր չէ սննդամթերքի մեջ հայտնաբերել դիօքսին նյութը։ Այն պատճառով, որ այդ նյութից մեզ մոտ ընդհանրապես չկա, իսկ սարքն անծանոթ նյութը ճանաչել չի կարող։ Մինչ ՀՀ առողջապահության նախարարությունը ջանում է ԱՄՆ-ից, Ֆրանսիայից կամ Ռուսաստանից դիօքսին թույնի չափաբաժին բերել, հանրապետության բնակչությունը, բնականաբար, շարունակում է զգուշանալ բելգիական սննդամթերքից, նաեւ՝ յուղից։ Իսկ վերջինս բավական մեծ տարածում ունի, եւ, չենք կարծում, թե այսօր տեղին է հարցը թողնել կռահումների մակարդակում։
Որքան էլ ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցին վերջերս լրագրողներս «տանջեցինք», այնուամենայնիվ, այս անգամ էլ նրան դիմեցինք։ Պրն Դավիդյանցը ենթադրեց, որ բելգիական «REDDY» հալեցրած յուղի մասին հրապարակումները կարող են «տնտեսական դիվերսիա» լինել։ Նա հայտնեց նաեւ, որ թեեւ մամուլի հրապարակումներն իրենց համար հիմք չեն կարող ծառայել (էդ ինչի՞- Ա. Գ.), սակայն մյուս կողմից էլ դրանք ահազանգ են, եւ իրենք որոշել են զբաղվել հոդվածներում բարձրացված հարցով։ Քանի որ, հիշում եք, սննդամթերքում դիօքսինը հայտնաբերել մեր սարքերն առայժմ ի վիճակի չեն, հակահամաճարակային եւ սանիտարական ծառայությունը գնացել է այլ ճանապարհով։ Պրն Դավիդյանցը հայտնեց, որ իրենք հունիս ամսվա ընթացքում հարցում են կատարել անմիջապես Բելգիայից եւ ստացել պաշտոնական պատասխան «Վանդեմուրտել» ձեռնարկությունից։ Այդ արտադրող ձեռնարկությունը ուղարկել է նաեւ «REDDY»-ի սերտիֆիկատը, իսկ պատասխանում մասնավորապես նշված է. «Մեր արտադրանքը 100%-անոց մաքուր յուղ է։ Մենք հավաստիացնում ենք, որ «REDDY» հալեցված յուղը չի պարունակում դիօքսին նյութը եւ դրա օգտագործումը միանգամայն անվտանգ է»։
Կարդացեք նաև
Այս պատասխանի հիման վրա է ՀՀ առողջապահության նախարարությունը թույլատրում վերոնշյալ յուղի վաճառքն ու օգտագործումը։ Պրն Դավիդյանցը հայտնեց, որ ինչպես եւ ընդունված է նման դեպքերում, այսպիսի պատասխան ուղարկողը իր վրա որոշակի պատասխանատվություն է վերցնում եւ դրանից հրաժարվել չի կարող։ Այլապես կարող է դատի տրվել։ Իսկ ամենահետաքրքիրն այս պատասխանում այն է, որ բելգիական կողմը հայտնում է, թե «REDDY» յուղի հումքը բելգիական չէ (եվրոպական էլ չէ), այն ստացվում է դրսից։ Իսկ Բելգիայում կատարվում են միայն դրա ռաֆինացման եւ փաթեթավորման պրոցեսները (յուղը լցվում է պլաստմասսայե դույլերի մեջ)։ Այնպես որ, բացառվում է դրանցում դիօքսինի պարունակությունը։
Վլադիմիր Դավիդյանցն ասաց, որ այսքանով իրենք չեն բավարարվում եւ շարունակում են հնարավոր վտանգ պարունակող սննդամթերքի «որսը»։ Այդ առնչությամբ իրենք փորձում են նախարարության համակարգում աշխատեցնել երկու լաբորատորիաները եւ այս «փորձանքն էլ» «լավ» առիթ են համարում այդ աշխատանքները խթանելու համար։ Մեզ, իհարկե, հետաքրքրեցին նաեւ այդ յուղը ներկրող եւ իրացնող կազմակերպության ձեռնարկած քայլերն այս ուղղությամբ։ Շուկաներով եւ խանութներով որոնումները տարան «Հրակ» ՍՊԸ, որն էլ հանրապետություն է ներկրում եւ իրացնում վերոհիշյալ յուղը։ «REDDY»-ն բերվում է Բելգիայի Իզեգեմ քաղաքից եւ, ըստ «Հրակի» տնօրեն Հրաչ Սարգսյանի, Եվրոպայում մեծ տարածում ունի։
Մեզ հետաքրքրում էր, թե մամուլում բարձրացված աղմուկից հետո արդյո՞ք ՍՊԸ-ն «հետաքննություն» վարել է իր կողմից իրացվող սննդամթերքի անվտանգ լինելու կապակցությամբ։ Պրն Սարգսյանը հայտնեց, որ իրենք մինչեւ աղմուկը բարձրանալը եւ նույնիսկ մինչեւ յուղի ներմուծումն են իրենց համար այդ հարցը պարզել։ Սակայն այս աղմուկից հետո էլ հարկ են համարել մեկ անգամ եւս հավաստիանալ սննդամթերքի՝ մաքուր լինելու հարցում։ «Հրակը» լրացուցիչ կապվել է «Վանդեմուրտել» ձեռնարկության հետ եւ վերջինիս փորձագիտական բաժնի ղեկավար Կրիս Ալլեվարտից ստացել ճիշտ նույն պատասխանը, որը մենք արդեն տեսել էինք առողջապահության նախարարությունում։ Այնպես որ, չենք կրկնում դրա բովանդակությունը։ Հրաչ Սարգսյանը հայտնեց, որ «REDDY»-ի պլաստիկե դույլերը շատ թանկ են եւ հատուկ նախատեսված են սննդի համար։ Իսկ, ա՛յ, ինչ վերաբերում է մետաղյա՛ տուփերով յուղերին…
-Դուք հակագովա՞զդ եք անում ձեր մրցակիցներին,- չդիմացանք մենք։
-Ո՛չ։ Հակագովազդ չենք անում, չնայած իրավունք ունենք, որովհետեւ մեր նկատմամբ արդեն արվել է նման բան,- պրն Սարգսյանը նկատի ուներ հանրապետական մամուլում հայտնված հրապարակումներն իրենց ներկրած յուղի մասին։ Մեր հարցին, թե արդյո՞ք միտումնավորություն տեսնում է դրանց մեջ, նա պատասխանեց, որ տեսնում է։ Սակայն չի կարող վստահ լինել եւ միայն ենթադրում է այդ մասին։ Այն, որ այս աղմուկի հետեւանքով իրացման հարցում որոշ դժվարություններ են ունեցել, պրն Սարգսյանին չի անհանգստացնում։ Նա վստահ է, որ աստիճանաբար ամեն ինչ կհարթվի եւ իրենք ոչ միայն կվերադարձնեն ներմուծման եւ սպառման նախկին քանակը, այլեւ՝ կավելացնեն այն։
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ