Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

1991 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ՝ ՈՒԹԵՐՈՐԴ ՓՈՐՁԸ

Հուլիս 01,1999 00:00
barepoxum

Նորընտիր Ազգային ժողովում որակյալ մեծամասնություն կազմող «Միասնություն» քաղաքական դաշինքը իրավական հնարավորություն ստացավ գործնականում իրականացնելու քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների իր իսկ առաջադրած ծրագրերը։

Հայաստանի նոր իշխանությունները ժառանգություն են ստանում բացահայտորեն ապաշնորհ հունցված նյութական բազա, որի առանցքային բաղադրիչները 1991 թ. նոմինալ արժեքների, այդ թվում՝ պետական ունեցվածքի միայն 30-40%-ն են կազմում։ Այսօր արդեն չկան շուկայական պահանջարկում գերակայելի, Հայաստանի պարագայում՝ պետական նշանակության մենաշնորհային հզորություններ դիտարկվող Հայկապն ու «Կոնյակի» գործարանը, պարզապես թալանված են, լավագույն դեպքում՝ ֆիզիկապես եւ բարոյապես մաշված, ապապետականացված արտադրական հզորություններն ու եզակի տեխնոլոգիական հոսքային գծերը, իսկ հանրության առջեւ ծառացած է միեւնույն… 91 թ. բնորոշ հիմնախնդիրը՝ շուկայական տնտեսավարման համակարգի առանցքային մեխանիզմների ձեւավորման անհրաժեշտությունը։ Անաչառ են պատմական զուգահեռները։

Այսպես, ընդամենը 41 հազար քառ. կմ տարածք ունեցող Հոլանդիան դեռեւս 80-ական թթ. արտադրում էր այնքան գյուղմթերք, որը կբավարարեր 270 մլն բնակչություն ունեցող ԽՍՀՄ-ի պահանջները։ Կամ առավել բնորոշ՝ Արեւելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրների տնտեսությունները բարեփոխելու նպատակով շուկայական անհրաժեշտ պարամետրերի հուսալի ձեւավորման ժամանակահատվածը (անցումային ժամանակահատված) տեւեց 5-7 տարի, իսկ անկախության 8-րդ տարին թեւակոխած փոքրիկ Հայաստանը, որի բյուջեի մեծությունը զգալիորեն զիջում է Ռուսաստանի միջին հզորության բանկի կանոնադրական կամ ռեզերվային ֆոնդին, հարկադրաբար, բյուջեի անհրաժեշտ ծախսերը որոշակիորեն հոգալու միտումով, հերթական անգամ դիմում է ծայրահեղ միջոցի՝ հաստատագրված հարկային տարիֆներով գործող օբյեկտներից անժամկետ կամ կանխիկ հարկագանձման անփառունակ տեխնոլոգիային։

Կհաջողվի՞ արդյոք հանրապետության թվով 8-րդ կառավարությանը հաղթահարել առավելապես սուբյեկտիվ գործոններից թանձրացած հիմնային բարդույթները… Եթե դատելու լինենք նոր կառավարության կազմի պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, ապա այն առավել քան համահունչ է… նրա (կառավարության) բարոյական նկարագրին։ Քանզի, դեռ երեկ՝ համոզված արմատական լիբերալները, որոնք անվերապահորեն մերժում էին ազատ շուկայական հարաբերություններում պետության ցանկացած միջամտություն, այսօր հրապարակայնորեն ներկայանում են որակապես այլ՝ պետության կարգավորիչ դերի նպատակահարմարության, ավելին՝ անհրաժեշտության դիրքերից։ Երեւույթը, մեղմ ասած, ամենապարզունակ դիլետանտիզմի դրսեւորում է։ Հետեւապես, առավել գնահատելի է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ որպես իրական պրոֆեսիոնալի կերպը, որին «չշփոթեցրեց» անգամ դեռեւս ամիսներ առաջ պարզորոշ ուրվագծվող «Միասնություն» դաշինքի կողմից իշխանությանը տիրելու նյութականացող հավակնոտությունը։ Իսկ կառավարության ներկայացրած սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրային հիմնախնդիրներից թերեւս միակ «նոու-հաուն» ազատական տնտեսական հարաբերություններում պետության, որպես սոցիալ-տնտեսական միավորի, համակարգում նրա կարգավորիչ դերի ֆունկցիոնալ նպատակահարմարության գաղափարն է։

Առաջնային հիմնախնդիրների ցանկում ներկայացվող մնացած պարամետրերը՝ արտաքին ծավալուն ներդրումների անհրաժեշտություն, ստվերային տնտեսության կրճատում (մի՞թե իսկապես գոյություն ունի ստվերային տնտեսության շոշափելի հատված, երբ ամբողջ տնտեսությունն իսկ… շոշափել հնարավոր չէ), հարկային դաշտի օպտիմալացում…, արդեն բազմիցս ծեծված ու նաեւ հետեւանքային բնույթի են։ Բնականաբար, սույն պարամետրերը կարող են դիտարկվել միայն մարտավարական պլանում, քանզի ազատական տնտեսավարման համակարգի կամ շուկայական հարաբերությունների հուսալի ձեւավորման միակ գերմիջոցի՝ մրցակցության դաշտի ապահովման առանցքային լծակները արդեն դասական մատուցվող հետեւյալ պարամետրերն են (ըստ նպատակային առաջնայնության).

1. Վարկային համապարփակ բազայի (ոչ՝ ներդրումային եւ ոչ միայն նյութական), այդ թվում՝ բանկային համակարգի, կառուցվածքային ձեւավորում։

2. Ապապետականացում եւ արժեթղթերի շուկայի ձեւավորում։

Վարչապետի հարցադրումներում հետաքրքրական էր, թե ինչպիսի հասարակարգ ենք կառուցելու։ Կառուցում ենք կամ փորձում ենք կառուցել մի հասարակարգ, որն անխուսափելիորեն կհանգեցնի արդյունաբերական եւ բանկային կապիտալի կենտրոնացման, ֆինանսական կապիտալի, արդյունքում՝ ֆինանսական օլիգարխիայի տիրապետման։ Նման հասարակարգում չարժե փնտրել սոցիալական արդարություն, քանզի այն, զուրկ լինելով բարոյական նորմերից, ամփոփվում է բացառապես սպառողական արժեքներում։ Փոքր տարածքներով պետությունների, մասնավորապես Հայաստանի պարագայում, նման կառույցի հնարավոր դեֆորմացումն առավել իրական է եւ վտանգավոր, ուստի, առանց այլընտրանքի, պետությունը պետք է ստանձնի հասարակության սոցիալական պաշտպանվածության կամ, որ միեւնույնն է, հասարակարգի զարգացման սոցիալական ուղղվածության երաշխավորությունը։

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀՀ քաղաքագետների միության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031