Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների (մայիսի 30) ամենաթեժ օրերին տեղահան եղավ եւ գաղթեց այլ շենք։
Կենտրոն համայնքի թաղապետարանի երրորդ հարկից հանձնաժողովը տեղափոխվեց (ավելի ճիշտ՝ տեղափոխեցին) Հանրապետության հրապարակի մերձակայք։ Բախտի բերմամբ թե պատահմամբ՝ դարձյալ երրորդ հարկ։ Հանձնաժողովի աշխատանքի համար այլեւայլ անհարմարություններից ամենակարեւորն այն է, որ հանձնաժողովն արդեն մեկ ամսից ավելի է, զրկված է արտաքին աշխարհի հետ հեռախոսային կապից։ Հանձնաժողովի նախագահը, տեղակալը, քարտուղարը եւ հավանաբար էլի մի քանիսն իրենց անձնական բջջայիններն ունեն ու այդպես են նրանց կապվում համարն ունեցողները։ Իսկ լրագրողները նույնիսկ ամենամանրիկ ինֆորմացիան ճշտելու համար պարզապես ստիպված են անձամբ ներկայանալ։
Խորհրդարանական ընտրություններից հետո, հուլիսի 11-ին կանցկացվեն մայրաքաղաքի չորս համայնքների թաղապետերի ընտրություններ, նոյեմբերին՝ մյուս համայնքների թաղապետերի եւ բոլոր համայնքների ավագանու ընտրություններ։ Եվ այս ամենն՝ առանց հեռախոսային կապի։ Մինչ հանձնաժողովի այստեղ տեղափոխվելը, շենքի տվյալ հարկաբաժնում ինչ-որ նախագծային ինստիտուտ է եղել։ Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի կարծիքով՝ հեռախոսներն անջատվել են նախկինների ունեցած պարտքի պատճառով։ Հանձնաժողովը բյուջետային հիմնարկ է, շահույթ չհետապնդող եւ հեռախոսավարձը (ինչպես նաեւ մնացած այլ ծախսերը) հատկացվում է բյուջեից։ Հանձնաժողովին տրամադրված երեք հեռախոսահամարներն էլ «ԱրմենՏելը» «անխղճաբար» անջատել է՝ «փողը տուր, տամ»։ Ամսավճարը 1200 դրամ է, բայց պարտքերն այնքան են կուտակվել, որ աստղաբաշխական թիվ է գոյացել։ Միայն մեր ազգային մենթալիտետի շնորհիվ ենք կարողանում 21-րդ դարի շեմին ապրել ու պայքարել առանց հեռախոսի, առանց բյուջեի, առանց պետական մտածողության։
Մ. Ե.