PKK առաջնորդ Աբդուլլահ Օջալանին մահապատժի ենթարկելու թուրքական դատարանի վճիռն այնքան էլ բուռն չընդունվեց Հայաստանի քուրդ համայնքի կողմից։ Ի տարբերություն ձերբակալմանը հետեւած բազմահազարանոց եւ մի քանի օր անընդհատ շարունակվող հանրահավաքների, նստացույցերի եւ հացադուլների, այս անգամ քրդերը բավարարվեցին Հայ-քրդական բարեկամության ընկերությունում տեղի ունեցած արտակարգ նիստով։ Հասկանալի է, որ ի տարբերություն ձերբակալմանը, որը շատերի համար անսպասելի էր, ապա մահապատժի վճռին, մասսայական լրատվության միջոցները նրանց լավ նախապատրաստել էին։
Հայ-քրդական բարեկամության ընկերության նախագահ Ռոզա Գաբրիելյանը ներկայացրեց ՄԱԿ-ին եւ համաշխարհային հանրությանն ուղղվելիք դիմումի տեքստը, որտեղ կոչ էր արվում Օջալանին դիտել ոչ թե իբրեւ տեռորիստի, այլ իր ժողովրդի արդարացի իրավունքների համար մարտնչող հերոսի։ Պահանջվում էր նաեւ քայլեր ձեռնարկել քրդական հարցի ամբողջական եւ համակողմանի լուծման համար։ Տեքստի ընթերցումից հետո սկսվեց մտքերի փոխանակությունը եւ մթնոլորտը լցվեց հակաամերիկանիզմով եւ հակահրեությամբ, որոնք Թուրքիայի ֆինանսական եւ հոգեւոր աջակիցներն են։ Եվ եթե այսօր մենք չսատարենք քրդերին, ապա վաղը նույն բռունցքը իջնելու է մեր գլխին։ Թուրքերի հասցեին օգտագործվեցին չափազանց հնացած եւ ծեծված մտքեր, զորօրինակ «թուրքը թուրք չէր կոչվի, եթե այդպես չվարվեր» կամ «ուր էին նրանք մինչեւ 11-րդ դարը՝ Կզըլ Կումի անապատներում», կամ՝ «Հյուգոն դեռեւս գրել է, որ թուրքը իր հետ բերում է բարոյական ամայացում»։
Դրան ի հակադրություն վառ եւ հյութեղ ներկայացվեց Աբդուլլահ Օջալանի կերպարը։ Ակադեմիկոս Գեւորգ Ղարիբջանյանը Օջալանին բնութագրեց իբրեւ հավատավոր մարքսիստի, որը շատ լավ գիտի իր գործը։ «Նա ի՞նչ տեռորիստ, նա մեծ գիտնական է, ես ինքս կարդացել եմ նրա գրքերը»,- հպարտացավ պարոն Ղարիբջանյանը, ավելացնելով, որ նույն չափանիշներով ահաբեկիչ կարելի է համարել Գարիբալդիին, Անդրանիկին, մեր մարշալներին. «Եթե այդպես լինի, ուրեմն մի տեռորիստ էլ ես եմ, քանի որ կռվել եմ ֆաշիզմի դեմ եւ գերմանացի զինվորներ եմ սպանել։ Ազգային ազատագրական պատերազմի առաջնորդը պետք է մարդ էլ սպանի։ Իսկ ուրիշ ի՞նչ կերպ է հնարավոր»։ Թուրքերին հիշեցվեց, որ այլեւս 1915 թ. չէ, երբ իրենց դեմ կանգնած էր անպաշտպան հայ մտավորականը, ծերեր, կանայք եւ երեխաներ։ Քուրդ ժողովուրդն այսօր պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամուն, որը փորձում է ձեռք բարձրացնել իրենց վրա։
Ի տարբերություն այլ առիթների, երբ նշվում է, որ մեղավորը ոչ թե ժողովուրդն է, այլ կառավարությունը, այս դեպքում նշվեց թուրքական հասարակության համերաշխության մասին, ինչից կարելի է ենթադրել, որ պետք է պատժվի ամբողջ թուրք ժողովուրդը, որը չգիտի, որ ինքն էլ է գտնվում բանտարկության մեջ, քանի որ ըստ հայտնի մարքսիստական ֆրազի, չի կարող ազատ լինել մի ժողովուրդ, որը բռնանում է մեկ այլ ժողովրդի ազատությանը։ Այսինքն՝ Աբդուլլահ Օջալանը նաեւ թուրք ժողովրդի ազատության մարտիկն է, ցավոք, չգնահատված։ Ամոթանքի իրենց բաժինը ստացան նաեւ հայկական իշխանությունները, որոնք անամոթաբար, հերիք չէ, գնում են Անկարա եւ սեղմում են թուրքերի ձեռքը՝ նրանց նախագահ ընտրելով, Հայաստանում էլ թերթերով եւ հեռուստատեսությամբ պարծենում են իրենց հերոսությամբ։ Քննարկման արդյունքում փաստաթուղթն ավելի ուժեղացվեց եւ ազդեցիկ դարձվեց։ Իսկ այսօր տեղի կունենա քրդերի հանրահավաքը՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց։
Կարդացեք նաև
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ