Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՏԵՂՅԱԿ ԵՍ, ԱՍՈՒՄ Է՝ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՄ

Հուլիս 01,1999 00:00
Ruben Miroyan

Այն պահին, երբ «Իրավունք» թերթը տպագրեց հարցազրույց ՀԺԿ քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանի հետ, ու վերջինս էլ առանց քաշվելու մեծերից ու չնայած իր երիտասարդ տարիքին, մեղադրականների շարք հղեց առ ԱԺ նորընտիր փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, թե նա, ի շարս այլ թերությունների, ունի նաեւ ոչ հրապարակային գործիչ լինելու «իմիջ», փորձեցի ստուգել դատողության հիմնավորվածությունը։

Որպեսզի ընթերցողն ինքը կարողանա համոզվել, որ պարոն Հովհաննիսյանը սխալ է, ասեմ հետեւյալը. 2 աշխատանքային լրիվ օր չարչարվելուց հետո միայն կարողացա 3 րոպեանոց զրույց ունենալ Ռուբեն Միրոյանի հետ։ Նա գլխանց պայման դրեց՝ կպատասխանեմ ընդամենը մեկ հարցի։ Բայց այնպես պատահեց, որ 2-րդ հարցի անհրաժեշտությունն էլ եղավ, որոնք ներկայացնում ենք հետաքրքրվող զանգվածի ուշադրությանը։ Իսկ զրույցն սկսվեց այսպես.

– Պարոն Միրոյան, Հմայակ Հովհաննիսյանը կոնկրետ ձեր անձին մեղադրանքներ է ներկայացրել, որ, ասենք, «ռայկոմական» նոմենկլատուրայի ներկայացուցիչն եք, կամ՝ ձեր թեկնածությունը չի քննարկվել ՀԺԿ վարչությունում, ու էլի նման բաներ։ Միակողմանի չլինելու համար նա գնահատել է նաեւ ձեր աշխատանքային կարողությունները։ Իսկ դուք ինչ վերաբերմունք ունեք այդ ամենի նկատմամբ։

– Դա Հմայակ Հովհաննիսյանի կարծիքն է, դա մեր կուսակցության կարծիքը չէ։ Այնպես որ, իմ գնահատականն իմ կուսակցությունն է տալիս։ Այսքանը։ Հմայակ Հովհաննիսյանն իր կարծիքն է հայտնել, որի իրավունքն ունի, ինչի՞ մասին է խոսքը։

– Նրա մասին, պարոն Միրոյան, որ թեպետ դուք ասում եք, թե ձեր գնահատականը ՀԺԿ-ն է տալու, Հմայակ Հովհաննիսյանն էլ ասում է, որ կուսակցության վարչությունը ձեր թեկնածությունը չի քննարկել։

– Դա հարցրեք Հմայակ Հովհաննիսյանից, ինքը տեղյակ է, թե՝ ոչ։ Լինելով Հայաստանի Հանրապետության օրինապահ քաղաքացի, մեծերի խորհուրդները լսող եւ կատարող անձնավորություն, ի տարբերություն Հմայակ Հովհաննիսյանի, հեռախոսով կապվեցի վերջինիս հետ ու կրկնեցի պարոն Ռուբեն Միրոյանի հարցը.

– Դուք տեղյա՞կ եք, թե՝ ոչ։

– Ինչի՞ց։

– Պարոն Միրոյանի թեկնածության քննարկումից։ Հետեւեց երկարատեւ ու մանրամասն բացատրություն.

– Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ կուսակցության ղեկավար մարմինները՝ ո՛չ վարչությունը, եւ ո՛չ էլ նրա Քաղաքական խորհուրդը, դիրքորոշում չեն արտահայտել ՀԺԿ անդամներին այս կամ այն պաշտոնին առաջադրելու հարցում։ Ինչ վերաբերում է ինձ, ես դեռ խորհրդարանական նիստերի սկսվելուց առաջ էլ Կարեն Դեմիրճյանին ասել եմ՝ ցանկանում եմ լինել խորհրդարանի շարքային անդամ, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենամ կուսակցական շինարարության եւ կուսակցական գաղափարախոսության խնդիրներով զբաղվելու համար։ Սակայն, այս պայմաններում, կուսակցությունն իր լեգիտիմ մարմիններով, առաջին հերթին՝ վարչությամբ, որում ընդգրկված են բոլոր տարածքային կազմակերպությունների քարտուղարները, որեւէ մասնակցություն չի ունեցել կադրերի ընտրման եւ առաջադրման գործին՝ ինչպես խորհրդարանում, այնպես էլ՝ կառավարության մեջ։ Կուսակցության ներսում առաջացել է մեծ դժգոհություն։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031