Գեներալ Արծրուն Մարգարյանի սպանության գործով ձերբակալված Արսեն եւ Արմեն Խաչատրյանների հանդեպ երեկ փոխվել է խափանման միջոցը՝ կալանքը, եւ ընտրվել է նոր խափանման միջոց՝ քաղաքից չբացակայելու ստորագրություն։ Ըստ Արմեն Խաչատրյանի փաստաբան Ամալյա Ավագյանի՝ արդեն կա գործը կարճելու որոշումը եւ ամենայն հավանականությամբ նախաքննության ժամկետի ավարտման հետ (հուլիսի 8-ին) գործը կկարճվի։ Հուլիսի 13-ին ավարտվում է կալանքի սանկցիան։
Հետաքրքիր է, որ անկախ նախկին ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի խոստումներից այս խճճված գործն իր հանգուցալուծումը (թող որ ոչ վերջնական) գտավ ՆԳ նոր նախարար Սուրեն Աբրահամյանի օրոք։ Դեպքերի նման ընթացքը թույլ է տալիս ենթադրել, որ զարգանալու է ինքնասպանության վարկածը։ Մենք հեռախոսազրույց ունեցանք Արծրուն Մարգարյանի թիկնապահ Արսեն Խաչատրյանի հետ։ Նրա առողջական վիճակն այնքան էլ լավ չէ եւ ինչպես Արսենն ասաց՝ նա դեռեւս կազդուրվելու կարիք ունի։ Տղաները, ինչպես արդեն ասացինք, քաղաքից չբացակայելու ստորագրություններ են տվել։
Լ. ԱՎԱԳՅԱՆ