Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐԲ ՏԵՂԸ ԹԱՓՈՒՐ ՉԻ ՄՆԱ

Հուլիս 01,1999 00:00
Garegin A

Մնում է՝ եկողը սուրբ լինի

Վախճանվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն։ Համայն հայության համար հոգեւոր հովվի վախճանը ծանր եւ ցավագին կորուստ է։ 1995-ի ապրիլի 4-ին Գարեգին Բ Կիլիկիո կաթողիկոսը դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս, ընդունելով Գարեգին Ա անունը։ Այս փաստն ակնհայտորեն ոգեւորեց հայ հավատավոր ժողովրդին, քանզի հույս ներշնչեց, թե 1956 թվականից ավելի բարդացած Մայր աթոռ սբ. Էջմիածնի եւ Կիլիկիո կաթողիկոսության մեջ հարաբերությունները կփոխվեն եւ հաշտություն ու համերաշխություն կիշխի հոգեւոր այս երկու հզոր կառույցների միջեւ։ Եվ, իրոք, Վեհափառը լծվեց բուռն աշխատանքի։ Վեհափառի գործունեությանն այս օրերին բազմաթիվ արձագանքներ կլինեն։

Մեզ առավել հետաքրքրում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի վախճանից հետո հոգեւոր ատյաններում ծավալված բուռն պայքարը հանուն կաթողիկոսական գահի։ Հայաստանյայց առաքելական սբ. եկեղեցու կանոնադրությամբ, Մայր աթոռի Երիցագույն արքեպիսկոպոսը կամ եպիսկոպոսը խառը ժողովի պետք է հրավիրի Գերագույն հոգեւոր խորհրդին (ԳՀԽ) եւ եպիսկոպոսական ժողովին, որոնք ընտրում են կաթողիկոսական տեղապահ։ Կանոնադրության համաձայն, կաթողիկոսական տեղապահը ղեկավարում է կաթողիկոսարանի ընթացիկ գործերը, կազմակերպում է նոր կաթողիկոսի ընտրությունը։ Ազգային եկեղեցական ժողովը պետք է գումարվի կաթողիկոսի մահվան օրվանից ոչ շուտ, քան 6 ամիս հետո, եւ ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում։ Կաթողիկոսական ընտրություններին պետք է մասնակցեն ԳՀԽ-ի անդամներ, եպիսկոպոսական ողջ կազմը, բոլոր թեմական առաջնորդները, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու բոլոր ինքնուրույն աթոռների գահակալները՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքները։

Գարեգին Ա-ի առողջական վիճակի վատթարացումից հետո կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ նշանակվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Մենք հիշում ենք, թե ինչպես, 1995-ի կաթողիկոսական ընտրությունների ժամանակ, տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, մենակ մնալով Գարեգին Բ Կիլիկիո կաթողիկոսի հետ, հանեց իր թեկնածությունը հօգուտ վերջինիս։ Որպես կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, ասում են՝ վատ չկատարեց իր պարտականությունները։ Սակայն, ինչպես նշեցինք, եկեղեցական կարգն ու կանոնը խիստ պահպանողական են եւ նոր կաթողիկոսի ընտրությունները, հուսով ենք, կանցկացվեն հավուր պատշաճի։ Հասկանալի է, որ հոգեւոր առաջնորդը միայն հոգեւոր առաջնորդ չէ, այլեւ երկրի, պետության քաղաքական կյանքի համար խիստ կարեւոր (եթե կարելի է այսպես կոչել) պետական գործիչ։

Եվ պատահական չէ, որ բոլոր ժամանակներում կաթողիկոսի ընտրությանն ակտիվ եւ ամենաանմիջական մասնակցություն են ունեցել հայոց արքաները, իսկ ամենաթարմ օրինակը 1995-ին ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենաակտիվ միջամտությունն էր Գարեգին Ա-ի կաթողիկոս դառնալու գործին, երբ նախագահը հայտարարեց, թե Գարեգին Բ-ն ամենաարժանի թեկնածուն է։ Միամտություն կլինի կարծել, որ այս դեպքում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձեռքերը կլվանա եւ մի կողմ կքաշվի։ Ըստ իս, նա առավել ակտիվ կլինի, քանի որ դիրքերի ամրացման համար իր ուզած մարդուն կաթողիկոսի գահին նստեցնելը կարեւոր կլինի պատմական այս պահին։ Հասկանալի է, որ կաթողիկոսը չի ընտրվում միայն անձնական հմայքի, հոգեւոր ներդրումների եւ այլ արժանիքների համար։ Այս ամենն, անշուշտ, երկրորդական հանգամանքներ չեն։

Բայց եւ գաղտնիք չէ, որ Հայաստանում եւ Սփյուռքում խոշոր հոգեւոր եւ ֆինանսական մագնատները լուրջ պայքար են ծավալել կաթողիկոսական գավազանի համար։ Լուսահոգի Գարեգին Ա-ի ծանր եւ տանջալից հիվանդությունը շատերի ախորժակը բորբոքեց։ Այս պահին, մեր կարծիքով, կաթողիկոսական գահի հիմնական թեկնածուներն են Հայաստանյայց եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ եւ կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը եւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Ամենայն Հայոց Վեհափառ Գարեգին Ա-ի աճյունը դեռեւս հողին չի հանձնվել եւ չափազանց թարմ է վիշտը։ Սակայն թեկնածուներից յուրաքանչյուրի համար լուրջ բանակցություններ են վարվում, տեղի են ունենում ոչ պաշտոնական եւ աչքից ու ականջից հեռու, կարելի է ասել՝ գաղտնի, հանդիպումներ նախագահի, հոգեւոր կառույցների առաջնորդների, Սփյուռքի մեծահարուստների հետ։ Խիստ կարեւոր է, թե ո՞ր թեկնածուն որչափ ավելի ֆինանսավորված կլինի։ Դրսի եւ ներսի թեմերի միջեւ հակասությունները, հնարավոր է, խիստ լարվեն կապված կաթողիկոսական գահի հետ։ Ակնհայտ է, որ եկեղեցին լուրջ լծակ է պետության ձեռքին։ Կարծում ենք, ՀՀ նախագահը, օգտագործելով Սփյուռքի հետ իր կապերը, ամեն ինչ կանի կաթողիկոսի գահին իր համախոհին ունենալու համար։

Չենք ուզում ժամանակից վաղ ենթադրություններ անել եւ պնդել, թե քանի որ նախագահն արցախցի է, նրա համակրանքը կլինի Արցախի թեմի առաջնորդի կողմը։ Այսպես կարելի է մտածել նաեւ Խաժակ արքեպիսկոպոսի մասին, քանի որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամերիկյան կապերն ամուր են։ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի դիրքերը նույնպես ենթադրվածի չափ հաստատուն եւ չափից շատ երերուն չեն, քանի որ վերջին տարիներին (ամիսներին) նախագահն անմիջապես աշխատել է տեր Գարեգին արքեպիսկոպոսի հետ։ Սակայն, «Աստված համբերող է»։ Մենք էլ համբերենք եւ չմոռանանք, որ մարդիկ ենթադրում են, Աստված՝ որոշում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031