Կառավարության հունիսի 24-ի նիստում վարչապետ Վազգեն Սարգսյանն իր մոտեցումներն էր հստակեցրել կառուցվածքային, կազմակերպչական ու նաեւ բարոյական մի շարք սկզբունքային խնդիրների վերաբերյալ, որոնց վրա խարսխվելու է հետագա աշխատանքային ողջ գործընթացը։
Փոխվարչապետների փոխարեն՝ առայժմ կոմիտեներ
«Իմ խորին համոզմամբ, մեծ սխալ էր փոխվարչապետների ինստիտուտի վերացումը։ Դա ծանրացնում է ե՛ւ կառավարության, ե՛ւ վարչապետի աշխատանքը»,- Վազգեն Սարգսյանի այս տեսակետը նոր չէ։ Անցած տարի նախագահ Ռոբերտ Քոչարյանը էլ մամուլի քարտուղարի միջոցով իր համահունչ դիրքորոշումն էր հայտնել, որ Սահմանադրության փոփոխություններից մեկն էլ այս հարցի վերանայումն է լինելու։ «Սակայն մինչ այդ Սահմանադրության ընձեռած շրջանակներում պիտի փորձենք միջանկյալ լուծումներ գտնել»,- վարչապետը հայտնել է իրենց առաջարկը կառավարության ենթակայության ներքո նախարարական 4 մշտական կոմիտեներ (Վազգեն Սարգսյանը տեղ-տեղ դրանք ուղղակի հանձնաժողովներ է անվանել) ստեղծելու վերաբերյալ, որոնք որոշումներ ընդունելու իրավասություն կունենան։
«Այն որոշումները, որոնց համար կարիք չկա ներգրավվել կառավարության բոլոր անդամներին կքննարկվեն նախարարների մի փոքր խմբում, որոնք ստեղծվելու են տարբեր հարցերի շուրջ առավել ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար»,- անտարակույս, այս լուծումը որոշակիորեն կթեթեւացնի կառավարության վրա ծանրացած բեռը։ Սակայն արդյոք վտանգ չկա՞, որ որոշումների ընդունումը մի փոքր խմբի ձեռքում կենտրոնացնելն իրական իշխանավորների շրջանակն առավել չի սեղմի։ Բայց իրադարձություններից առաջ չընկնենք։ Մանավանդ որ, սահմանվել է, թե կոմիտեների որոշումները պիտի ամբողջ կառավարությունը պաշտոնապես հաստատի։
«Յուրաքանչյուր կոմիտեի հիմնական անդամները պիտի լինեն այն նախարարները, որոնց պարտականությունների ոլորտը համապատասխանում է այդ կոմիտեների աշխատանքներին։ Այլ նախարարներ պիտի հրավիրվեն իրենց իսկ բնագավառներին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ։ Կարելի է հրավիրել անգամ այն անձանց, որոնք նախարար չեն, բայց կա նրանց գիտելիքների կարիքը»,- վերջիններիս համար վարչապետը կանխորոշել է միայն խորհրդակցական դերը։ «Ֆինանսների, էկոնոմիկայի եւ արդարադատության նախարարները պետք է իրավունք ունենան մասնակցել ցանկացած կոմիտեի աշխատանքներին, երբ քննարկման մեջ են, համապատասխանաբար, պետական ծախսերի կամ օրենքների վերաբերյալ հարցերը»։ Նշենք նաեւ, որ այս ամենն առավել կմշակվի, կհստակեցվի մեկամսյա ժամկետում եւ կներկայացվի Ռոբերտ Քոչարյանին, քանի որ այս կառույցները ստեղծվելու են ՀՀ նախագահի հրամանագրով։ Ենթադրվում է, որ լինելու են հետեւյալ 4 կոմիտեները.
1) Տնտեսական հարցերի, որի լիազորությունների շրջանակը կառավարության տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությանը վերաբերող խնդիրների դիտարկումն է լինելու, իսկ համակարգողը՝ Վահան Շիրխանյանը։
2) Ներքին եւ սոցիալական հարցերի, որի աշխատանքները կհամակարգի Շահեն Կարամանուկյանը։
3) Արտադրական ենթակառուցվածքների, որի լիազորությունների շրջանակը, Վազգեն Սարգսյանի ձեւակերպմամբ, «ազգային տնտեսության ենթակառուցվածքի հարցերի դիտարկումն է»։ Համակարգողը՝ Լեոնարդ Պետրոսյան։
4) Օպերատիվ հարցերի, համակարգողը կլինի Խոսրով Հարությունյանը։
Փորձ՝ տարանջատելու լիազորությունները
«Նախագահն ինձ խնդրեց չշտապել, մի 2-3 ամիս նայել, հետո որոշում կայացնել։ Համաձայն եմ,- հայտնել է վարչապետը։- Ես ի սկզբանե ասել եմ, որ լիազորությունների, պարտականությունների վերաբաշխման խնդիր կա նախարարությունների, մարզպետարանների եւ համայնքների միջեւ»։ Այդ նպատակով, Վազգեն Սարգսյանը նախարարություններին եւ գերատեսչություններին հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում տարածքային կառավարման նախարարին ներկայացնել տվյալ ոլորտում այդ մարմինների լիազորությունների ցանկը։ Իսկ Խոսրով Հարությունյանին հանձնարարական է տրվել եռամսյա ժամկետում համապատասխան նախարարների հետ համատեղ քննարկել ստացված նյութերը եւ կառավարությանն առաջարկներ ներկայացնել գործադիր իշխանության տարբեր մարմինների լիազորությունների միջեւ տարանջատման մասին։
Վազգեն Սարգսյանն առանձնացրել է մարզպետարանների խնդիրը. «Ոչ պարտականություններն են կարգին ֆիքսվել, ոչ լիազորությունները, ոչ կառուցվածքները»։ Որպես այս ինստիտուտի կայացմանն ուղղված քայլ մասնավորապես առաջարկել է, որ զինկոմները մարզպետների հետ համաձայնեցնելուց հետո նշանակվեն. «Երբ որ զորակոչը չի կատարվում՝ մարզպետի կաշին հանում ենք, բայց երբ զինկոմ ենք նշանակում՝ մարզպետը դրանից ոչ մի տեղեկություն չունի»։
Կազմակերպչական խնդիրներ
«Մեր պրոբլեմների մի 30- 40%-ը մակերեսի վրա եղած հարցեր են։ Քարը ծուռ է դրված՝ պետք է վերցնել, շտկել ու կավարտվի այդ պատմությունը»,- ասել է Վազգեն Սարգսյանը։ Մակերեսի վրա եղած այդ բազմաթիվ խնդիրների լուծման համար վարչապետը շուրջ 20 այլեւայլ հանձնարարականներ է տվել, որոնք համահունչ են կառավարության ծրագրին։ Դրանցից կարեւորում ենք այս մեկը՝ եռամսյա ժամկետում առաջարկներ ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման համակարգի մասին։ Իսկ ինքը՝ Վազգեն Սարգսյանն, ամենակարեւորն էր համարել մեկամսյա ժամկետում հարկային եւ մաքսային օրենսդրության կատարելագործման հայեցակարգը ներկայացնելը։ Առանձնացնենք նաեւ այս մեկը. «15-օրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել սեփականաշնորհման ռազմավարություն մշակող հանձնաժողով ստեղծելու մասին։ Կարող է հանձնաժողով չլինի՝ ուրիշ բան լինի, չգիտեմ։ Բայց կասկած չունեմ, որ ռազմավարություն պիտի մշակվի»։
Վազգեն Սարգսյանի վերջին՝ 20-րդ հանձնարարականը վերաբերում է սոցիալ-տնտեսական զարգացման միջնաժամկետ ծրագրին։ Հավելյալ ասել էր. «Բարդ խնդիր է։ Մենք կխորհրդակցենք դեռեւս՝ ի վիճակի՞ ենք։ Ոնց որ թե մի քիչ տաքացանք ու միջնաժամկետի մասին ավելի շուտ ասացինք, քան դրա կարիքը կար։ Կներեք, դա իմ սխալն էր։ Եթե կարող ենք՝ պիտի անենք։ Եթե ոչ՝ պիտի ասենք, որ չենք կարող ու այսքան ամիս հետ ենք գցում»։ Մենք անդրադարձանք կառավարության գործունեության ծրագրի իրականացմանն ուղղված միջոցառումների չնչին մասին միայն։ Մինչդեռ բազմաթիվ այլ հետաքրքրական հանձնարարականներ էլ կան։ Արժեր, որ դրանք պաշտոնապես ամբողջական հրապարակվեին։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության մասին «Մաքսիմում մաքուր եւ լավ ընտրություն պիտի անենք, Խոսրով Մելիքիչ»,- սա էլ հանձնարարականներից մեկն էր։ Ուր էր, թե Վազգեն Սարգսյանը ինքն իրեն եւ ուրիշներին նաեւ հանձնարարեր ռուսական դիմելաձեւեր չօգտագործել։ «Կադրերի ընտրության հարցում առաջին հերթին պիտի որակին ուշադրություն դարձնենք. ՀՀՇ-ի սխալները չպետք է կրկնել»,- այս առնչությամբ նաեւ ասել է Վազգեն Սարգսյանը։
«Անպայման պետք է հանել այդ ցանկը (ես արդեն առաջադրանք տվել եմ Խոսրով Մելիքիչին) եւ տպագրել թերթում, ասել հեռուստատեսությամբ՝ ովքեր են այն մարդիկ, որոնց վատ աշխատանքի պատճառով քո երեխան չէի կարողանում դպրոցում դասագիրք ունենալ եւ որոնք վաղը քո ձեռքով ընտրվելու են։ Այս քաղաքականությունը պետք է հիմիկվանից հստակ տանել, որ նոյեմբերին չկանգնենք տխուր փաստերի առաջ։ Եվ այս ընտրությունների ժամանակ պիտի բացառենք պետական ինստիտուտների քաղաքականացումը»։
«Հակված եմ երկար աշխատել»
Կառավարության անդամներին ուղղված Վազգեն Սարգսյանի ելույթի այս հատվածները ներկայացնում ենք առանց միջամտության, միայն համառոտելով. «Ցանկացած նախորդ կառավարության դեպքում մամուլում հանկարծ լուր էր սպրդում, որ սա ժամանակավոր կառավարություն է, կարճ է աշխատելու եւ այլն։ Ես համաձայնեցի վարչապետ աշխատել հաստա՛տ համոզված լինելով, որ երկար եմ աշխատելու։ Քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ է (իսկ փառք Աստծո՝ 4 տարի ժամանակ կա), քանի դեռ նորընտիր ԱԺ-ին աշխատելու ժամանակ կա՝ ես իրականացնելու եմ այն խնդիրները, որոնք ԱԺ-ի մեծամասնությունը դրել է իմ առջեւ։ Առաջարկում եմ նույն կերպ մտածել նաեւ ձեզ (…) Միաժամանակ պիտի ասեմ նաեւ. եթե կառավարության որեւէ անդամ վատ աշխատի, խախտի աշխատանքային ու բարոյական նորմերը, առաջինը ես կլինեմ, որ այդ մասին բարձրաձայն կխոսեմ, գնահատական կտամ եւ կանգ չեմ առնի օրենքով ինձ թույլատրված ցանկացած քայլի առաջ՝ ցա՛ն-կա՛-ցա՛ծ։ Չափազանց պատասխանատու ժամանակաշրջան ենք ապրում։
Երկրի, ժողովրդի հետ խաղ անել չի կարելի, այս խաղի գինը չափազանց բարձր է՝ դրված է ուղղակի մեր ժողովրդի ճակատագրի հարցը (…)։ Պատրաստ եմ թիկունքներիդ կանգնել, պատասխանատվություն վերցնել ու հարվածներ կրել։ Միաժամանակ նաեւ, ինձ կներեք, առաջին հարված տվողը ես եմ՝ եթե խաղի կանոնները չեն ընդունվում (…)։ Ամեն նախարար ծրագրային ելույթով հանդես է գալու ժողովրդի առաջ (…) եւ արձանագրելու, թե ինչ խնդիրներ ու պարտականություններ ունի եւ ինչպես է տեսնում իր ոլորտի զարգացումը, իր եւ նախարարության դերն այդ խնդրում, որ ինքը վաղը-մյուս օրը պատասխան տա ժողովրդի առաջ՝ իր արածի եւ չարածի համար (…)։ Ամենաահավոր հանցանքը ես համարելու եմ կոռուպցիան։ Նման խնդիր իմ առաջ դրել է նաեւ հանրապետության նախագահը՝ ինձ եւ մի շարք առանցքային նախարարների այս մասին ուղիղ է ասել։ Իր համար առաջին խնդիրը պայքարն է կոռուպցիայի դեմ՝ հատկապես ներսում։ Եթե նախարարներն ու նրանց տեղակալները, նախարարությունների եւ գերատեսչությունների առանցքային կազմը մաքուր եղավ՝ այդ մաքրությունն ինքնըստինքյան տեղափոխվում է նաեւ ներքեւի շերտեր։ Ես միամիտ չեմ, հասկանում եմ, որ դրա դեմ մի օրով չես պայքարի եւ դա միանգամից չի շտկվելու, բայց չափազանց մեծ է առաջին դեմքի դերը։ Եվ պիտի սկսենք մեզնից, ինձնից, իմ հարազատներից, ընկերներից (…)։
Տարածված կարծիք կա, թե իմ համախոհների, ընկերների եւ զինակիցների շրջանակը շատ մեծ է, նրանց մի մասը տնտեսական ոլորտի մեջ է եւ ինձ համար դժվար կլինի նրանց դեմ պայքարել։ Խնդրում եմ խոսքս ուղիղ հասկացեք, պետք է սկսել հենց նրանցից, եթե նրանք իրենց ճիշտ չեն պահում։ Ես եմ պատասխանատուն՝ սկսեք հենց նրանցից։ Անկախ դեմքից, դիրքից, կուսակցությունից, նրանց նախկին արած-չարածներից։ Պատերազմի հերոս՝ չի նշանակում, որ իր հերոսությունը պիտի շահագործի, շահարկի տնտեսական ու քաղաքական կյանքում (…)։ Այստեղ գալուց առաջ նրանց հետ այս մասին բաց եմ խոսել։ Իրենք համաձայն են խաղի այս կանոններին (…)։ Հարկային մարմինները փորձեցին մի շարք ոլորտներ մտնել, որոնք ժամանակին վատ են հարկվել կամ չեն հարկվել ընդհանրապես։ Բավական էր, որ հարկային մարմինները նրանց ստիպեին իրենց պարտքը կատարել՝ անմիջապես ալիք է բարձրանում, թե գիտեք, ժողովրդի, գործարար շրջանակների մեջ դժգոհություն կա։ Ոչ մի դժգոհություն էլ չկա։ Դժգոհության պատճառներն այլ են։ Առաջարկում եմ չանել նման հովանավորչություն, այս հարցին փիլիսոփայորեն չնայել, այլապես իրար հետ չենք կարող աշխատել՝ ի սկզբանե եմ ասում (…)։ Եվ որպեսզի կադրային հարցերում նմանապես հովանավորչությունը բացառենք՝ ես ուղղակի արգելում եմ, որ ԱԱ, ՆԳ եւ պաշտպանության, հարկային, մաքսային համակարգում մեզանից որեւէ մեկը փորձի կադրեր առաջարկել։ Կադրային առաջարկություններ ունեք՝ դիմեք ինձ, ես համապատասխան նախարարների հետ կաշխատեմ (…)։ Ես պիտի տեղյակ լինեմ կադրային բոլոր նշանակումներից (…)։ ԱԺ-ի օժանդակությունը մենք անընդհատ ունենալու ենք, բայց այդ օժանդակության եւ ԱԺ-ի հեղինակության վրա պետք է դողալ։ Մեր նախորդ կառավարության ոչ իր մեղքով դժբախտությունն այն էր, որ թիկունքում ԱԺ չուներ։ ԱԺ-ին ջոկ էին ջարդում, կառավարությանը՝ ջոկ։ Հետո երկուսին ջարդում եւ հալածում նախագահին։ Հիմա կա այդ թիմը, կա այդ դաշտը։ Պետք է բծախնդիր, ուշադիր ու սրտացավ լինել այս դաշտի, համագործակցության, վստահության նկատմամբ։ Եվ ինձ կներեք, եթե անձնավորեմ. ես չափազանց կարեւորում եմ նաեւ Քոչարյան-Դեմիրճյան- Սարգսյան եռանկյունու հանգամանքը՝ սա էլ պետք է պահպանել։ Լավ դասավորություն է կարծես, լուրջ ու երկար ճանապարհ ունի անցնելու։ Օգտագործենք այդ հնարավորությունը»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ